Ինչի՞ հաշվին են ավելացել հարկային մուտքերը առաջին եռամսյակում 

Ինչի՞ հաշվին են ավելացել հարկային մուտքերը առաջին եռամսյակում 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցինք, թե հարկային մուտքերի մասով ի՞նչ դինամիկա ունենք՝ հաշվի առնելով նաև այսօրվա գնաճի տեմպերը։

«Այն, ինչ կառավարության նիստում հրապարակել ենք, այսինքն՝ առաջին եռամսյակում ունենք մոտ 32 մլրդ դրամի գերակատարում 2021 թ․ սահմանված պլանի նկատմամբ, և սա այնպիսի իրավիճակում, երբ այս տարվա բյուջեն՝ 2022  թվականի, պլանավորվել է բավական խիստ եկամուտների առումով, այսինքն՝ 7 տոկոս տնտեսական աճը հաշվի առնելով։ Հիմա, բնականաբար, տարբեր իրադարձությունների արդյունքում փոփոխություններ են լինում, բայց նույնիսկ այդ պարագայում մենք ունենք այդ գերակատարումը»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։

Նա նշեց, որ դա մի քանի գործոնով է պայմանավորված, առաջինը, ըստ Բադասյանի, այն է, որ գործարարները գնալով հասկանում են, որ կարգապահ լինելն ավելի ձեռնտու է իրենց։

«Եվ մեր շփումը՝ հիմնականում էլեկտրոնային ստուգումների քանակը կրճատելը և ավելի շատ մեղմ վարչարարություն իրականացնելն, իր արդյունքները տալիս է»,-ասաց նա։

Բադասյանը չհերքեց, որ այս ցուցանիշերի մեջ, բնականաբար, գնաճային ազդեցությունը ևս կա, և անցած տարի իրենց արձանագրած այդ 14.1 գերակատարված ցուցանիշերի մեջ գնաճը, օրինակ, կազմում էր 3.1-3.3 տոկոս։

«Ինչ վերաբերում է այս տարվա առաջին եռամսյակին, որը ներկայացնում է շահութահարկի և ռոյալթիի հաշվարկ, բնականաբար, ռոյալթիի մասով պղնձի միջազգային գներն էական ազդեցություն են ունեցել լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու հարցում։ Այսինքն՝ հարկային կարգապահություն, պղնձի միջազգային գների բարձրացում՝ մի մասով, և վարչարարություն»,-ասաց Ռուստամ Բադասյանը։