Հայկի դատը Նիկոլ Փաշինյանի դեմ միայն իր համար չի․․․

Հայկի դատը Նիկոլ Փաշինյանի դեմ  միայն իր համար չի․․․

Որպես բացառիկ դեպք է մամուլում  ներկայացվում, որ ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և  դատարան ներկայացրած հայցով պահանջել  անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու 01.04.2019 թվականի թիվ 327-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքին, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի համար։ Հայկ Այվազյանն աշխատանքից ազատվելուց հետո հայտարարել էր, որ ազատվել է վարչապետի կամայական որոշմամբ, իսկ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

․․․ Իսկ ես կուզեի, որ դա բացառիկ դեպք չլիներ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված լիներ օրենքով և անգամ վարչապետը օրենքից դուրս չկարողանար որոշում կայացնել։ Վարչապետը չկանգներ ու քաղաքացուն ասեր՝ դուք ազատված եք աշխատանքից։ Պաշտոնյան չկանգներ ու ասեր ենթակային՝ դուք ազատված եք աշխատանքից։ Գործեին օրենքի շրջանակներում։ Առավել ևս Հայկ Այվազյանի դեպքում, երբ աշխատանքից ազատման մասին լուրը լսել է ինտերնետից։ Հիշեցնենք, որ Հայկ Այվազյանն ազատագրական շարժման նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանի զավակն է: Նրան աշխատանքից ազատելուց երկու շաբաթ առաջ  մահացել էր 63-ամյա մայրը ու այդ կորստի մասին գիտեին նաև աշխատավայրում:
Քաղաքացու տոն նշանակեցին, բայց ՀՀ քաղաքացին ճանաչու՞մ է իր իրավունքները,  դա տո՞ն է իր համար, երբ պաշտոնյան կարող է երբ ուզենա՝ նրան ասի՝ դիմում գրի ու աշխատանքից ազատվի։ Չես ազատվում, «գործ եմ սարքում վրեդ»։ Ոնց որ հիմա վարվում են, մարզերից են սկսել, դպրոցի տնօրենների հետ։

Դատարանը, չգիտեմ, ինչպես, բայց Հայկի նման քաղաքացիների  միջոցով պետք է կարողանանք վերջ տալ պաշտոնեական կամայականություններին։ Չպետք է լռենք, համակերպվենք, ենթարկվենք, մտածելով, թե մեզ դեռ չի հասել աղետը։ Եթե ՀՀ քաղաքացու տոն ունենք, ուրեմն պիտի նմանվել ՀՀ քաղաքացու և ոչ թե դառնալ գործող իշխանության կցորդ ու գործիք։

Հայկի դատը Նիկոլ Փաշինյանի դեմ  միայն իր համար չի․․․