Արծրուն Պեպանյան. «Քաղաքական մեծագույն հիմարություն»

Արծրուն Պեպանյան. «Քաղաքական մեծագույն հիմարություն»
Արծրուն Պեպանյան

Հոդվածներիս մշտական ընթերցողներին երկու-երեք անգամ հանդիպել է արձակագիր եւ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի անունը: Ասեմ, որ, իմ կարծիքով, ինքը հայաստանյան լավագույն վերլուծաբաններից է: Միաժամանակ, մեկ շնչով կարդացվող թաքնագիտության (էզոտերիկ) տարրերով վեպերի եւ արդեն երրորդ տարին հեռարձակվող հաղորդաշարի` «Վերելքի» (հերթականը՝ իր գործունեության մեջ) հեղինակ: Եվ, ահա, իմ լավ բարեկամ Արծրունը (չշփոթել 2020 թվականի աշնանը մեզ բոլորիս իր «հաղթելու ենք» հեշթեգով շփոթեցրած անձի հետ) մեկ-երկու օր առաջ Ֆեյսբուքում անդրադարձել էր 2018թ․ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի գիշերային պաշարմանը:

Այդ ակցիան անվանելով քաղաքական մեծագույն հիմարություն՝ իրականացնողներին եւ հեռվից քաջալերողներին ու ծափահարողներին առաջարկել էր երեք տարի առաջ գործած իրենց քաղաքական հիմարության համար գնալ ԱԺ դարպասների մոտ, մոմ վառել ու ծնկի գալով՝ ներում խնդրել․
- Արցախի ոգուց
- հազարավոր զոհերի հոգիներից 
- հազարավոր վիրավորներից
- տասնյակ հազարավոր բռնագաղթվածներից 
- այս օրերին երկրի վիճակի համար տառապողներից (ձեւաչափը պահպանված է բնագրից): 

Ենթադրում եմ, որ որեւէ մեկը չի հետեւել այս առաջարկին, ինչը նշանակում է, որ 2018-ի այդ օրը վարչապետ Նիկոլի ֆեյսբուքյան կոչով ԱԺ տարածքում հայտնված մի քանի տասնյակ հազար մարդուց ոչ մեկն անձնական պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար: Դա նաեւ նշանակում է, որ մեր հասարակությունում անձնական պատասխանատվություն ստանձնելու բարոյական նորմը հիմնականում գտնվում է զրոյական մակարդակում կամ նույնիսկ բացասական հարթության վրա: Ասվածը վկայում է հայեր կամ, տվյալ դեպքում՝ հայաստանցիներ անվանված զանգվածի ցածր սոցիալականացման մասին: Բարոյականությունը, ի դեպ, լինելով առանձին գիտական ճյուղ, միաժամանակ մարդկային որոշակի խմբի սոցիալականացման ցուցիչներից է: Դա, իր հերթին, վկայում է այդ մարդկանց մոտ համայնքի եւ ավելի բարձր մակարդակի հանրության՝ պետության զգացողության բացակայության մասին: Հենց այստեղ է թաքնված դարերով պետականության կորստի եւ  խեղճացված լինելու, իսկ մեր օրերում՝ նիկոլիզմը հանդուրժելու, եւ նմանատիպ այլ երեւույթների պատճառը:  

Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչու էր մարդկային այդ զանգվածը երեք տարի առաջ գիշերը հետեւել հեղափոխական վարչապետի կոչին եւ պաշարել Ազգային ժողովի շենքը: Նախ, 2018-ի հոկտեմբերին ապրիլյան հեղափոխությունը դեռեւս ավարտված չէր. խորհրդարանը գտնվում էր նախկինների ձեռքում: Իսկ փողոցով իշխանության եկած անձը կամ ուժը գործը կիսատ թողնելու սովորություն չունի: Հիշենք 1918 թվականի հունվարի սկզբին Ռուսաստանի Սահմանադիր ժողովը բռնությամբ ցրելու տեսարանը՝ ուղեկցված «պահակախումբը հոգնեց» («караул устал») արտահայտությամբ: Քանի որ հեղափոխությունը չի կարող կանգ առնել կեսճանապարհին՝ գործադիր իշխանությունը վերցրած հեղափոխական առաջնորդը վերցնում է եւ խորհրդարանը: Այդպիսին է հեղափոխության բնույթը: Եվ տվյալ դեպքում կարեւոր չէ, թե երբ եւ որ երկրում է դա տեղի ունեցել՝ այն ընդհանուր կանոն է: 

Երկրորդ․ եթե խորհրդարանը մնում է նախկինների ձեռքում, ապա գործադիրի հեղափոխական ղեկավարը բնական վախ կունենա, որ հեղափոխական էյֆորիայի անկման դեպքում իրեն պաշտոնանկ կանեն: Եվ, բնականաբար, պետք է ապահովագրի իրեն այդ հանգամանքից: Իսկ հեղափոխական էյֆորիան սովորություն ունի ժամանակի ընթացքում անկում ապրելու: Երրորդ․ եթե որեւէ երկրում հաստատվել է թեկուզ ձեւական խորհրդարանական կառավարման համակարգ, ապա փողոցով խորհրդարանին վարչապետ պարտադրելը վերացնում է այդ ձեւականությունը: Թեկուզ փողոցի ուժով պարտադրված՝ սակայն ինքն է ընտրում վարչապետին: Իսկ հեղափոխական էյֆորիայի անկման փուլում այն անկայունության բույն է՝ դժվար է պատկերացնել հատկապես նախկինների նկատմամբ ատելության ֆոնին այդպիսի քաղաքական համակեցություն: Այնպես որ, Նիկոլի կոչն ու զանգվածների վարքագիծն ապրիլյան իրադարձությունների տրամաբանական շարունակությունն էին: Արձանագրենք․ 2018-ի հոկտեմբերի 2-ի ԱԺ շենքի գիշերային պաշարումը հեղափոխության ամբողջացման անհրաժեշտ փուլ էր:

Ի դեպ, տարբեր քաղաքական ուժերի տնօրինման տակ պետական երկու առաջնային կառույցների (նախագահ եւ խորհրդարան) գտնվելը խաղաղ ժամանակաշրջանում երկարատեւ զարգացման արդյունք է: Բայց դա՝ նախագահական կամ կիսանախագահական կառավարման դեպքում: Օրինակ,՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ իրենց պատմության տարբեր տարիներին: Այդ դեպքում առաջացող խնդիրների լուծման համար գոյություն ունի անկախ դատական համակարգը. օրինակ՝ Գերագույն դատարանն ԱՄՆ-ում: Բայց առաջնային պետական կառույցներից դատական համակարգի անկախ լինելը եւս երկարատեւ խաղաղ ժամանակաշրջանի արդյունք է: Իսկ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում խորհրդարանի մեծամասնության եւ վարչապետի՝ միեւնույն քաղաքական ուժին պատկանելն ուղղակի անհրաժեշտություն է: Իհարկե, մեկ-մեկ պատահում են դրվագներ (օրինակ՝ Իսրայելում), երբ խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը կամ ուժերը չեն կարողանում ձեւավորել կառավարություն, եւ ժամանակավորապես ստեղծվում է փոքրամասնության կառավարություն: Սակայն դա հենց ժամանակավորապես է, քանի որ երկարատեւ կյանք ունենալ չի կարող տեխնիկապես:

Իմիջիայլոց, 2018-ին 15-20 հոգուց բաղկացած մեր հասարակական կազմակերպության, որը հեղափոխության առաջամարտիկներից էր, միակ աշխատակիցը ես էի, որ առանց, այսպես ասած, հարգելի պատճառի չմասնակցեցի հոկտեմբերի 2-ի ակցիային: Եվ, բնականաբար, հաջորդ օրը բոլորի աչքում վերածվեցի հակահեղափոխականի: