Նյութականացրին ու մաս-մաս հանձնեցին մեր հայրենիքը

Նյութականացրին ու մաս-մաս հանձնեցին մեր հայրենիքը
Ալիկ Ասատրյան

Նիդերլանդներում բնակվող նկարիչ Ալիկ Ասատրյանը պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին 22 հազար 500 եվրո է փոխանցել: 44 օրում 41 նկար է վաճառել: Ստեղծագործել է օր ու գիշեր, որ շատ աշխատանքով շատ գումար վաստակի եւ ուղարկի հայրենիք: «Պատերազմն իմ հոգու ցավն էր, մտածում էի՝ գումարը կօգնի մի զինվորի, մի վիրավորի, բայց չհասկացա, թե ինչ արեցին այդ փողերի հետ»:

Նկարների գնորդները տարբեր երկրներից են եղել, նույնիսկ՝ Հայաստանից: Վաճառքի բարձր գին է սահմանել, բայց դա չի կանգնեցրել նրա արվեստը գնահատողներին: Նկարները գնել են եւ գումարը, Ալիկի խնդրանքով, փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: «Կյանքումս 22 հազար եվրո չեմ տեսել, որովհետեւ, չնայած պահանջարկին, երբեք այդքան ոգեւորված նկար չեմ վաճառել: Իմ խնդրանքով գնորդները գումարը փոխանցում էին հիմնադրամի հաշվեհամարին, իսկ ինձ ուղարկում էին միայն կտրոնները»:

Ալիկը նյութապաշտ չէ, իրենը հոգին է՝ թեթեւ, լուսավոր ու ստեղծագործ: Իսկ այն, ինչ կատարվեց պատերազմի օրերին ու դրանից տասնյակ տարիներ առաջ, ըստ նրա, մարդկային էգոյի եւ նյութապաշտության պատճառով է: «Նյութապաշտությունը դավաճանության մոտիվացիան է, իսկ էգոն՝ որ նյութը հոգուց բարձր է դասում, մարդուն դարձնում է ստրուկ: Մեր դեպքում այդպես էլ եղավ. հողն ու հայրենիքը վաճառեցինք հանուն նյութի»:

Ալիկ Ասատրյանի կարծիքով՝ մեր վատ հատկանիշներից մեկն էլ էգոյին ծառայելն է: Իսկ էգոն նյութ եւ իշխանություն է ուզում: «Մենք դրանում համոզվեցինք 44-օրյա պատերազմից հետո, երբ հող հայրենին դավաճանվեց հանուն նյութի: Եթե մեզ համար առաջնայինը լիներ հողը, այլ ո՛չ փողը, հիմա այլ իրավիճակ կունենայինք: Բայց քանի որ մեր գիտակցությունն ավելի հակված է նյութին, հայրենիքը տանուլ տվեցինք»:

Նկարիչը համոզված է՝ գիտակից մարդու վրա էգոն չի ազդում: Ընդհակառակը, նա հասկանում է, որ եղածին պետք է ավելացնել, այլ ոչ թե պակասեցնել ունեցածից: Վիրավորված է, որ Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարները 30 տարի միայն խաբել ու ստել են: «Եթե ղեկավարը ստախոս է, ուրեմն այդ երկիրը վերջացած է: Սրանք նյութականացրին ու մաս-մաս հանձնեցին մեր հայրենիքը: Վաճառեցին հողը, սահմանը… Բայց ես հրաժարվում եմ հավատալ վատ վերջաբանին: Մեր հավաքական ու առողջ միտքը դեռ արթնանալու է»: