Գոնե կյանքի վերջին օրերին ճիշտ ապրեք

Գոնե կյանքի վերջին օրերին ճիշտ ապրեք

Մահերի աճը՝ հատկապես պանդեմիայի ընթացքում, մեզ ստիպում է ավելի հաճախ մտածել կյանքի անիմաստության մասին եւ խորհել իրական արժեքների շուրջ: Կյանքն ակնթարթ է, ու ամենակարեւոր բանը գիտակցելն է, որ միակ մնայուն արժեքը ճիշտ ապրելն է, որի հիմնական բնորոշիչն այն է, որ պետք է ապրել նաեւ ուրիշներով եւ ուրիշների համար: Երբ գալիս է կյանքին հրաժեշտ տալու պահը, պարտավոր ես քեզ հարց տալ. ի՞նչ արեցի, ի՞նչը չարեցի եւ ինչո՞ւ, արդարացում կա՞ չարածներիդ համար, երբեւէ օգնե՞լ ես մարդկանց՝ թեկուզ չնչին բանով, եւ եթե զլացել ես այդ փոքրիկ օգնությունը, ապա ինչի՞ ես հասել, եւ բյուրավոր այլ հարցեր: Եթե մարդը չի կարողանում տալ այս հարցերի պատասխանները, ապա նա որպես մարդ չի ապրել,  իզուր ժամանակ է վատնել: Իհարկե, ամեն մարդ ունի իր կյանքը, սակայն այն կախված է նաեւ ուրիշների կյանքից եւ հակառակը:

Այնպես չէ, որ որեւէ մեկը կարող է լիովին մեկուսանալ եւ լիովին առանձին կյանք վարել: Եվ քանի որ անկախ մարդ չկա, նրա կյանքը միշտ հատվում է այլ մարդկանց հետ, եւ իր կյանքը կառուցելիս նա պարտավոր է շատ բաներով հարմարվել նրանց հետ, օգնել, այլ ոչ թե խանգարել մյուսների կյանքին: Երբեմն մարդն անհոգ ապրում է` չնկատելով, թե կողքի մարդիկ ինչ դժվարությունների միջով են անցնում, ինչպես են ծայրը ծայրին հասցնելով՝ մի կերպ գոյատեւում: Սթափվում է միայն այն ժամանակ, երբ իր գործերն էապես վատանում են, եւ երբ ինքը կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկը հիվանդանում է:

Հանդիպելով անասելի դժվարությունների՝ մարդը վերլուծում է իր արած-չարածը եւ տիրոջից փրկություն խնդրում` խոստովանելով, որ անգիտակցաբար է կատարել բոլոր սխալները,  եւ որ փրկության շանս տրվելու դեպքում կշտկի բոլոր սխալները ու կգնա լրիվ այլ ճանապարհով: 
Բնական է, որ, բացի Տիրոջը դիմելուց եւ հույսը նրա վրա դնելուց, այլ ճանապարհ չի մնում: Տերը, իհարկե, չափազանց գթառատ է եւ ամեն ինչ կանի իր զավակի փրկության համար, բայց արդյոք տվյալ մարդը կհիշի՞ իր խոստումները եւ փրկությունից հետո կբռնի՞ ճիշտ ճանապարհը: Նաեւ իր ողջ շրջապատին հորդորելով, որ չապրեն էգոիստի նման, փորձեն մարդավայել ապրել: 

Ստացվում է, որ եթե չենք ցանկանում հայտնվել վերը նշված իրավիճակներում եւ չափազանց ուշացած զղջալ, միակ դեղատոմսը ճիշտ ապրելն է, մեղքեր չկուտակելը, որ Տերը բարեգութ աչքով նայի իրենց: Ցավոք, կյանքում հաճախ հնարավորություն չի տրվում՝ շտկելու գործած սխալները, ուստի հարկավոր է զերծ մնալ հավանական սխալներից եւ հնարավորինս ճիշտ ապրել: Նաեւ հետագա սերունդներին տալ այս խորհուրդը, որ նրանք էլ զերծ մնան նախորդների սխալներից եւ փորձեն ավելի ճիշտ ապրել, որով հաստատ կհեշտանա կյանքը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ