Բայդենին քննադատում են սանկցիաների մի մասը չեղարկելու համար

Բայդենին քննադատում են սանկցիաների մի մասը չեղարկելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Իրանի դեմ ուղղված  սանկցիաների այն մասը, որոնք կապված են Իրանի քաղաքացիական միջուկային գործունեության հետ, եւ փորձել է հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ՝ 2015 թվականի միջուկային գործարքի համաձայնագիրը վերականգնելով։ Պետքարտուղար Թոնի Բլինկենը ստորագրել է հրամանագիր, որն արտասահմանյան ընկերություններին եւ երկրներին թույլ է տալիս մասնակցել Իրանի քաղաքացիական միջուկային նախագծերին՝ առանց ամերիկյան սանկցիաների տակ հայտնվելու վտանգի։ Wall Street Journal պարբերականը գրում է, որ այդ քայլը նպաստելու է, որպեսզի իրանական ծանր ջրով գործող ռեակտորը, որը գտնվում է Արաք քաղաքում, դառնա ավելի քիչ վտանգավոր, թեթեւ ջրով աշխատող ռեակտոր։

Միաժամանակ այն պետք է ազդի Իրանի սահմաններից դուրս հարստացված ուրանի եւ ծանր ջրի էքսպորտին։ Չնայած այդ ամենին, Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր թվիթերյան էջում գրել է, որ Սպիտակ տունը չի հրաժարվել Իրանի դեմ սանկցիաներից եւ չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի վերադարձել իր հանձնառությունների կատարմանը, որոնք ստանձնել է միջուկային գործարքի համաձայնագրի շրջանակներում։ 

Այս ամենը բավական հետաքրքիր արձագանքներ է առաջացրել ամերիկյան հասարակության շրջանում։ Որոշ օգտատերեր կարծում են, որ ամերիկացի ե՛ւ ծեր, ե՛ւ երիտասարդ քաղաքական գործիչները մոռացել են զգուշավորության եւ խիստ կանոնների մասին, մինչդեռ հարկ է, որ զգուշանան չնախատեսված հետեւանքներից։ Օգտատերերի մեկ այլ խումբ էլ կարծում է, որ ներկայիս վարչակարգը չափազանց շատ չկանխատեսված հետեւանքների հետ կարող է գործ ունենալ։

 Օգտատերերի մյուս խումբը, քննադատելով Բայդենի այս քաղաքական գիծը, կարծում է, որ ամերիկացիները կդադարեն աջակցել Բայդենին, իսկ ոմանք էլ զարմանք են հայտնել, որ ցայժմ դեռ կան մարդիկ, ովքեր աջակցում են Բայդենին։ Որոշ օգտատերեր էլ այն կարծիքն են հայտնել, որ Բայդենը չեղարկում է սանկցիաները իզգոյ-ռեժիմներից, բայց սանկցիաներ է սահմանում ամերիկացիների դեմ՝ փակելով խողովակաշարեր ԱՄՆ-ում, դադարեցնելով նավթի արդյունահանումը եւ ասելով, թե իր մեղքով չէ, որ գազն այդքան թանկ է։ «Բայդենը քանդում է այն ամենը, ինչին ձեռք է տալիս։ Նույնիսկ Օբաման է այդ մասին ասել»,- ասված է օգտատերերից մեկի մեկնաբանության մեջ։ Ամերիկացիների մի մասն էլ կարծում է, որ Իրանը երբեք էլ իր հանձնառությունները չի կատարի, որոնք ամրագրված են Օբամայի օրոք կնքված գործարքում։

Նրանք առաջարկում են սանկցիաները թողնել տեղում եւ ասպարեզից հանել նրանց, ովքեր խախտում են այդ սանկցիաները։ Իրանի հանդեպ քաղաքականության մեղմացումն առաջացրել է նաեւ պաշտոնաթող զինվորականների դժգոհությունը, ովքեր դեմ են Իրանի հանդեպ Սպիտակ տան մեղմ մոտեցմանը։ Նրանք կարծում են, որ հակաիրանական սանկցիաների չեղարկումը վտանգավոր է։