ՔՊ «քասթինգ»՝ պաշտոնների համար

ՔՊ «քասթինգ»՝ պաշտոնների համար

Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կարդային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին իրենց CV-ները և մոտիվացիոն նամակները ուղարկել կառավարություն։ Դրանից իրենք պետք է ընտրեին այն անձանց, որոնք կարող են հավակնել այս կամ այն պետական պաշտոնիին։ Մենք տեղեկացանք, որ ստացվել է ավելի քան երկու հազար նամակ և CV, որոնցից ընտրվել է հիսունը։

Այս մարդկանց հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրեր առաջ «քասթինգ» է անցկացրել։ Ժյուրիի անդամները եղել են ԱԺ պատգամավոր, ՀԺ-ի նախկին թղթակից Հայկ Գևորգյանը, վարչապետի նախկին օգնական․ այժմ դարձյալ պատգամավոր Արեն Մկրտչյանն ու վարչապետի գործող օգնական, հայտնի «ախրանիկ-պատգամավոր» Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրև, վարչապետի գործող օգնական Նաիրի Սարգսյանը։

Նրանք երկար-բարակ քննել են պաշտոնի հավակնորդներին։ Ինչպես հայտնեց մեր աղբյուրը, «քասթինգն» անցկացվել է քաղաքական և հայեցողական բարձր պաշտոնների մասին, այդ թվում՝ փոխնախարարների։ Հավակնորդներին հարցրել են տնտեսությունից, հետաքրքրվել են՝ ինչ պաշտոն են նախընտրում և այլն։ Հետաքրքիր է, որ մեր զրուցակիցն ասաց` տպավորություն է ստացել, թե քասթինգ անցկացնողներն այնքան էլ չեն տիրապետում այն թեմաներին, որոնց շուրջ հարցեր էին տալիս իրեն և երբ տեսել են, որ իրենց զրուցակիցն ավելի լավ է տիրապետում թեմային, փորձել են արագ ավարտել զրույցը։ Ընդհանուր առմամբ, մասնակիցների հետ զրույցը տևել է միջինը 10-40 րոպե։