Մերօրյա Նազարն ու Ուստիանը` Կամերայինի բեմում

Մերօրյա Նազարն ու Ուստիանը` Կամերայինի բեմում

«Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, որը Նիկոլ Փաշինյանի հրահանգով փորձել էին արգելել, բայց լրատվամիջոցների ջանքերով կանխվեց, իսկապես լուրջ ընդհանրություններ ունի այսօրվա մեր իրականության և գլխավոր դերակատարների հետ։ Թեև ներկայացումը բեմադրվել է դեռևս 1981 թվականին, սակայն այսօր այն դիտելիս անմիջապես աչքիդ առաջ է գալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում։ Մասնավորապես, երբ Տիրացուն, որը բախտի բերմամբ թագավոր դարձած Նազարին պարբերաբար հորդորում է ժողովրդին դիմելիս ասել՝ «իմ ժողովուրդ», եւ միշտ հիշել, որ ինքը ժողովրդի զավակն է, ինչ-որ պահի առաջարկում է «ժողովրդի» ցասումից պաշտպանվելու համար թաքնվել բունկերում, անմիջապես աչքիդ առաջ են գալիս հետպատերազմյան իրադարձությունները, երբ Նիկոլ Փաշինյանը մտել էր բունկեր ու տևական ժամանակ դուրս չէր գալիս։ 

Երեկ առիթ ունեցանք դիտելու «արգելված» ներկայացումն ու հասկացանք, որ շատ բան, գուցեև, հարմարեցված է այսօրվա մեր իրականությանը։ Նազարը ներկայացված է փնթի, անկիրթ և կնոջ քմահաճույքներին ենթարկվող տղամարդու կերպարով, իսկ Ուստիանը՝ ինքնասածի, թեթևսոլիկ, չափազանց ազատ, մտքի եկածն ասող ու բոլորին, այդ թվում՝ ամուսնուն հրամայողի կերպարով, ով չի խորշում նաև բացեիբաց արտահայտել իր սեքսուալ ցանկությունները։ «Ո՞նց, ես հիմա առաջին տիկի՞ն եմ․․․ Վայ, ինչ sexy ա»,- դրվագներից մեկում այսպես է արտահայտում իր հիացմունքը Ուստիանը՝ իր նոր կարգավիճակի առումով։ 

Շատ դրվագներում իսկապես Նազարն ու Ուստիանը ասոցացվում էին Նիկոլի ու Աննայի հետ, որոնք հայտնվել են թագավորական պալատում ու չգիտեն՝ ինչպես վայելել այդ հանկարծահաս արքայությունը։ Նազարի դերում Հրանտ Թոխատյանն է, Ուստիանի դերում՝ Թոխատյանի նախկին կինը՝ Իրինա Դանիելյանը։ Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է։ Մեզ ասացին՝ Նազարը Երեւանի կամերային թատրոնի ամենամեծ անշլագն ունեցող ներկայացումներից է՝ ամսական չորս ներկայացում է նախատեսված, եւ տոմսերն էլ արագ սպառվում են։