Հավանաբար լեզվի սայթաքում է. Ղազարյանը՝ ԵՄ պաշտոնյայի «պատերազմի փախստականներ» արտահայտության մասին

Հավանաբար լեզվի սայթաքում է. Ղազարյանը՝ ԵՄ պաշտոնյայի «պատերազմի փախստականներ» արտահայտության մասին

Երեկ Բաքվում տարածաշրջանային այցելությամբ եղած ԵՄ հանձնակատարն օգտագործել էր «պատերազմի փախստականներ»  [the war refugees] արտահայտությունը։ 

«Ի վերջո, մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային ծրագիրը և հետհակամարտային գաղափարները [post-conflict plan and post-conflict ideas], որտեղ մենք առաջարկել ենք մեր աջակցությունը որպես Եվրոպական միություն՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության նպատակով միասին աշխատելու համար: Մենք շատ կարևոր ենք համարում, որ մենք տեսել ենք երկուստեք կողմերից [Հայաստան և Ադրբեջան] առաջին հստակ ներգրավվածությունը, երբ գործը հասավ պատերազմի փախստականների [the war refugees] փոխանակմանը ականների քարտեզների հետ, ինչպես [փոխանակման իրականացումը] հեշտացվեց Վրաստանի կողմից», - հայտարարել էր [08.07.2021] Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար, հունգարացի գործիչ Օլիվեր Վարհելին Բաքու կատարած իր այցի ավարտին։

Հայտարարության տեքստը հրապարակված է ԵՄ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Վարհելին անդրադարձել էր Վրաստանի օգնությամբ հունիսի 12-ին 15 հայ գերիների հայրենադարձմանը վրացական սահմանով։ Փոխարենը հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Աղդամի (Ակնա) ականադաշտերի քարտեզները։

Անդրադառնալով ԵՄ պաշտոնյայի կողմից օգտագործված «the war refugees» արտահայտությանը՝ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ կոնտեքստից չի բխում, որ եվրահանձնակատարը նկատի է ունեցել պատերազմի հետևանքով տեղահանվածներին։

«Հավանաբար լեզվի սայթաքում է, որովհետև նրանք refugee չեն, ռազմագերի [prisoner of war] են։ Refugee-ներն այն մարդիկ են, ովքեր իրենց հայրենիք վերադառնալու երկյուղ ունեն։ Եթե դա ասել է ռազմագերի փոխարեն, սխալ է իհարկե։ Կոնտեքստից չի բխում, որ նկատի է ունեցել պատերազմի հետևանքով տեղահանվածներին», - ասաց Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում։

Իրավաբանը նշեց, որ իրավաբանորեն «փախստականը» և «ռազմագերին» տարբեր հասկացություններ են։

Հարցին՝ «ենթադրենք Եվրոպական միությունը փախստական է ընկալում հայ գերիներին, սա նոր իրողություն ստեղծո՞ւմ է», Արա Ղազարյանը պատասխանեց, որ եվրոպական պաշտոնյաները երբեք իրենց ոչ մի տեքստում «refugee» հասկացությունը չեն օգտագործել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիականների հարցում։

«Իրենք երբեք իրենց ոչ մին տեքստում refugee չեն օգտագործել։ Փախստականն այն մարդն է, որը չի կարող վերադառնալ իր մշտական բնակության վայր, ոորվհետև երկյուղ ունի, որ իրեն կհետապնդեն։ Ուղղակի պետք է ասել ռազմագերիներ։ Refugee-ները պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներն են, ովքեր չեն կարող վերադառնալ Ադրբեջան։ Օրինակ՝ Հադրութի բնակիչները պատերազմի փախստականներ են, որովհետև իրենք չեն կարող վերադառնալ իրենց մշտական բնակության վայր», - պարզաբանեց իրավաբանը։