Նվիրած փողը չի օգնի բարեկեցիկ և արժանապատիվ դառնալուն

Նվիրած փողը չի օգնի բարեկեցիկ և  արժանապատիվ դառնալուն

Լրահոսից տեղեկանում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին անդրադարձել է նաև Արևելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային պետություններին տրամադրվող ֆինանսական հատկացումներին։ Ծրագրով Հայաստանին հատկացվելու է 2,6 միլիրդ եվրո, Վրաստանին՝ 3,6 միլիարդ եվրո։

ԵՄ պաշտոնյան նշել է, որ «Ադրբեջանը բարեկեցիկ երկիր է, որը կարող է Եվրամիության ֆինանսական օժանդակության կարիքը չունենալ»։

Հարցեր են առաջանում. «Որն է Ադրբեջանի բարեկեցության գրավականը», «Որոնք են Վրաստանի և Հայաստանի ոչ բարեկեցիկ լինելու պատճառներ»:

Նախ, որոշ վիճակագրություն, սկսած 2004 թվականից, երբ Վրաստանի նախագահ ընտրվեց Սահակաշվիլին: Վրաստանը հենց այդ ժամանակ սկսեց հարաբերությունները զարգացնել ՆԱՏՕ-ի հետ, փորձեց Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Ենթադրվում էր, որ դեպի Արևմուտք շրջվելը, «եվրոպական արժեքներին» դավանելն ինքնաբերաբար կհանգեցնի երկրի բարեկեցության բարձրացմանը: 2008 թվականին, ռուս-վրացական պատերազմի արդյունքում Աբխազիան և Հարավային Օսիան ինքնահռչակվեցին անկախ հանրապետություններ:

Հայաստանը նույնպես որոշ հարաբերություններ սկսեց զարգացնել ՆԱՏՕ-ի հետ, 2017 թվականին ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Միաժամանակ Հայաստանը զարգացնում էր եվրասիական ինտեգրման ուղղությունը. 2013 թվականից ՀՀ-ն անդամագրվեց ԵԱՏՄ-ին: Հայաստանն էլ, Վրաստանի նման, դավանում է «եվրոպական արժեքներին», իսկ 2018 թվականից ի վեր, այլևս աշխարհի «ժողովրդավարության բաստիոնն է»:

Վրաստանը «քաղցր-շոկոլադային» հարաբերություններ ունի Արևմուտքի հետ և դառը հարաբերություններ Ռուսաստանի հետ: Հայաստանը հավասարապես նույնպիսի հարաբերություններ ունի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, հարաբերություններ, որոնց դժվար է ինչ-որ որակում տալը. դրանք ոչ այնքան արժանապատիվ են, ни рыба, ни мясо: Ադրբեջանի հարաբերությունները փայլուն են Արևմուտքի, Ռուսաստանի հետ, ամենակարևորը՝ արժանապատիվ են: Դե, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին չարժե խոսել. մեկ ժողովուրդ՝ երկու պետություն: 
Ադրբեջանը չի դավանում «եվրոպական արժեքներ», ժողովրդավարական պետություն չէ և թքած ունի միջազգային կարծիքի վրա:

Հիմա տեսնենք, թե ինչ են ասում տնտեսական ցուցիչները: 2004-2020 թվականներին Վրաստանի միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 4.6 %, Հայաստանինը՝ 4.8 %, Ադրբեջանինը՝ 7.6%: 2020 թվականին տնտեսական անկումը Վրաստանում կազմել է - 6.2%, Հայաստանում՝ - 7.6 %, Ադրբեջանում՝ - 4.3%:

Հետևությունները՝ ժողովրդավարության, արևմտյան կամ հյուսիսային կողմնորոշման համար իրենց, իբրև թե, խարակիրի անելու պատրաստներին:

Գագիկ Վարդանյան