Երեւանի կենտրոնը հոշոտվում է, զարգանում իրավիճակային լուծումներով

Երեւանի կենտրոնը հոշոտվում է, զարգանում իրավիճակային լուծումներով

Երեւանի քաղաքապետերը, քաղաքապետի թեկնածուները մայրաքաղաքի տրանսպորտային իրավիճակի կարգավորման խնդրի մասին խոսելիս, չգիտես ինչու, այդ խնդիրը հանգեցնում են ավտոբուսների հավաքակայանները նոր, երկար ու քանակապես շատ ավտոբուսներով հագեցնելու խնդրին:

Հիշեցման կարգով. ցանկացած բնակավայրի հասարակական, պետական, մասնավոր տրանսպորտի գործունեությունը բարելավելու խնդիրը ճարտարապետա-քաղաքաշինական համապարփակ խնդրի առաջնահերթ բաղադրիչներից է: Այդ բաղադրիչի լուծումը բխում է քաղաքային միջավայրի ֆիզիկական առանձնահատկություններից, ռելիեֆի կառուցվածքից… եւ այդ ամենի հիման վրա ձեւավորված քաղաքաշինական համընդհանուր հայեցակարգից: Զուտ տեխնիկական առումով՝ խնդիրը պայմանավորված է արդեն գոյություն ունեցող մայրուղիների, փողոցների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների (օրվա ծանրաբեռնված ժամերին) մոտակա եւ հեռահար ժամանակների համար թողունակությունների հաշվարկների արդյունքներով, որոնք, Երեւանի պարագայում, այլեւս գոյություն չունեն: Այո, չունեն, որովհետեւ վերացել են «ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգ», «գլխավոր հատակագիծ» ինստիտուցիոնալ հասկացությունները: Իսկ դրանց տեղում, 1998-ի ինքնազավթումից հետո, ձեւավորվեց «ագրեսիվ շինարարություն» բիզնես-մոդելը: Կարճ ասած՝ վիճակը Երեւանում բարձիթողի է, թեեւ մայրաքաղաքը քաղաքաշինական առումով զարգանում է, սակայն իրավիճակային (պահի տակ) լուծումներով՝ բիզնես-մոդելի ագրեսիվ կանոններով:

Փաստենք, որ Երեւանի ճարտարապետական դիմագծի ինքնատիպության պահպանումը եւ ներդաշնակ զարգացումը, 25 տարիների կտրվածքով, տնօրինում են ունեւոր կառուցապատողները, նույնն է թե՝ ֆինանսավորող պատվիրատուները: Կան բարեխիղճ կառուցապատողներ, սակայն, իրենց կամքից անկախ, ուզեն թե չուզեն՝ դարձել են վարչակարգի գերին՝ ամեն գնով փող բերող, «ճարտարապետ-քաղաքաշինարար» տիտղոսակիր մուծող-մուծվողներ: Ի դեպ, նրանք՝ տիտղոսակիրները, ճարտարապետությունից, քաղաքաշինությունից հեռու են այնքան, որքան Լուսինը՝ Երկրից: Երեւանի ուռճացող «Կենտրոն», «Արաբկիր» վարչական շրջանները՝ ի տես բոլորի:

Հիշեցման կարգով. 2017-ին Երեւանի քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթը շահած բրիտանական WYG խորհրդատու ընկերությունը ձեռնամուխ եղավ մշակել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցը (պատասխանատու՝ փոխքաղաքապետ Վահե Նիկոյան): 2018-ի հունվարի 18-ին Վ. Նիկոյանը հանդես եկավ «Երեւանյան տրանսպորտի ռեինկարնացիան» (բարեփոխում) զեկույցով («Ճամփորդ» #99, 23-29 հունվար, 2018), ներկայացրեց բրիտանացիների մշակած տրանսպորտային ցանցը եւ հավաստիացրեց, որ ցանցը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, եւ գործելու է միասնական տոմսային համակարգ… Վստահեցրեց, որ նախագծին հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերը եւ հանրային լայն իրազեկումը: Անցել են տարիներ, հայտնի չէ՝ նախագիծն ամփոփվե՞ց, փորձաքննվե՞ց, կյանքի կոչվե՞ց…

ՀԳ. Չէր խանգարի տեղեկանալ, թե բրիտանական խորհրդատու WYG ընկերության խորհրդատվությունը որչափ գումար կազմեց մայրաքաղաքի բյուջեի ծավալում:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ