«Բիլայնն» ու «Յուքոմը» միանալո՞ւ են

«Բիլայնն» ու «Յուքոմը» միանալո՞ւ են

Հայաստանի «բջջային» շուկայում հնարավոր է շուտով մեծ փոփոխություն տեղի ունենա։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը թե՛ բաժանորդների թվով, թե՛ եկամուտներով վերջին տարիներին դարձել է Հայաստանի առաջատար ընկերությունը, շուտով նոր ու հզոր մրցակից կունենա։ Խոսքը «Յուքոմի» մասին է, որը, ըստ ընկերությանը մոտ աղբյուրի, պատրաստվում է գնել «Բիլայն» ընկերությունը։ Եվ շուկայում կլինի 2 խոշոր օպերատոր՝ «Յուքոմն» ու «Վիվասելը»։ «Բիլայն» ընկերությունից ապրանքանիշի վաճառքի մասին լուրերը ժխտում են։ «Բամբասանքները չենք մեկնաբանում»,- ասաց ընկերության մամուլի պատասխանատու Նաիրա Նազարյանը։ Այսինքն՝ չկա՞ նման բան։ «Ոչ»,- պատասխանեց Նազարյանը։

Իսկ «Յուքոմ» ընկերության PR եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանը հայտնեց․ «Դրանք օդում պտտվող ասեկոսեներ են։ «Յուքոմը» դրանց ուշադրություն չի դարձնում»։ Հիշեցնենք․ դեռեւս հուլիսին մամուլը գրել էր, որ Հայաստանի կապի օպերատորների միջեւ բանակցություններ են գնում հնարավոր միաձուլումների մասին։ Թե սա ինչ կտա կապի ոլորտին, այս պահին դժվար է ասել, սակայն հույս կա, որ ընկերությունների միաձուլումից մարդիկ Հայաստանում ու Արցախում կշահեն՝ ռոումինգի գները կիջնեն։