Թատերականացված վիճակ

Թատերականացված վիճակ

Լավ, ձեզ հետ այս իշխանությունն էլ ինչպե՞ս վարվի, որ հասկանաք՝  Հայաստանի ու Արցախի հետ միակ կապը խզում է Ադրբեջանը՝ Հայաստանի իշխանության թողտվությամբ։  Ու զավեշտն այն է, որ ճանապարհը փակելու մասին  հայտարարում են Արցախի բարձրաստիճանները։ 

Արցախի ու 44- օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետը քանի՞ անգամ է գնացել Արցախ։ Գյուղեր, քաղաքներ են դատարկվել, բայց փորձում է իր կապը Արցախի հետ հաստատել այն փաստով, որ Արցախին գումար է փոխանցում։ Բայց Արցախի 75 տոկոսը հանձնել է , չէ՞։ Տասնյակ հազարավոր մարդիկ անտուն են մնացել, զրկվել ամեն ինչից։

Մի անգամ ցավակցե՞լ է նրանց՝ կորուստների համար։ Այսօր էլի Արցախն է բարձրաձայնում, որ Հայաստանի հետ կապող ճանապարհը  ադրբեջանցիներ են փակել։ Նիկոլ Փաշինյանը, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատուն է, էլի լուռ է։ Ինչպես բոլոր բանակցություններում Արցախի կարգավիճակի մասին լուռ է եղել, հիմա էլ լռում է։ Դա Ադրբեջանի հետ ակնհայտ համաձայնության նշան է։ Սա ուղղված է խաղաղ բնակչության դեմ, ինչու՞ է լռում։ Արցախը հանձնելուց հետո էլ կապ չունի՞ Արցախի հետ։ Արցախում հայե՞ր չեն ապրում։ Ամեն ինչ ծրագրո՞վ է գնում։ Թատերականացված վիճակ է, երբ չես հասկանում՝ ում որ դերն է հատկացված։  

Հիշեցնենք, որ քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: