Այլասերված ռեժիմի աղետաբեր ու անբարո էությունը

Այլասերված ռեժիմի աղետաբեր ու անբարո էությունը

Իշխող ապաքաղաքական ՔՊ-ական խմբակը՝ իր խմբապետի գլխավորությամբ, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ իրենք որեւէ գաղափարախոսության կրող չեն՝ քաղաքական միջավայրը լցնելով ստով, կեղծիքով, խաբեությամբ, մանիպուլյացիայով, պոպուլիզմով՝ համեմված տարաբնույթ «թատերական» ներկայացումներով։ 

Չնայած իշխանությունների պրիմիտիվ գործելաոճին, այնուամենայնիվ, կարճ ժամանակահատվածում կարողացան ձեւավորել կառավարման այնպիսի համակարգ, որն ի վիճակի էր միայն սպասարկել իրենց կառավարման արդյունքում իրար հաջորդող աղետների հետեւանքների չեզոքացմանը։ Այդ գործիքակազմի հիմքում դրված է առաջին հերթին հանրության ահաբեկումը, մասնավորապես՝ արտաքին թշնամիների ագրեսիայի մշտական վտանգի գործոնով։ Այդ գործընթացը բացահայտեց ժողովրդի մի հատվածի ազգային ինքնության կորուստը, որոնք դեմ չեն ոչ միայն Արցախից հրաժարվելուն, այլեւ ինչ հնարավոր է՝ զիջել, միայն թե հանգեն Նիկոլի հայտարարած վիրտուալ խաղաղության դարաշրջանին, այն է՝ վերջնական կապիտուլյացիային։ Ցավոք, այդ տեսակը քիչ չէ, այն 2021թ․ 25-30 տոկոս էր կազմում, ինչը բավարար եղավ ԱԺ արտահերթ ընտրություններում Մուկուչյանի մեթոդաբանությամբ արձանագրել 50 տոկոսից ավելի եւ հայտարարել «հայկական ժողովրդավարության» հաղթանակը։ Կառավարման համակարգի կարեւորագույն գործիքակազմերից է հանրության, հատկապես՝ ընդդիմախոսների ահաբեկումը, որն իրականացվում է իրավապահ ու անվտանգային համակարգի միջոցով՝ ոստիկանություն, ԱԱԾ-ի, դատախազություն, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտեի։ Տպավորություն է ձեւավորվում, թե այդ կառույցներից ընտրովի հավաքագրված է սրիկաների խումբ, որը կարելի է անվանել «հատուկ ծառայություններ», որոնք սպասարկում են Նիկոլի քմահաճույքները։

Ներքին ահաբեկման գործիքակազմի մեջ է մտնում նաեւ անվտանգային համակարգը, մասնավորապես՝ եռամսյա հավաքներին մասնակցությունը՝ որպես ահաբեկման գործիքի օգտագործում ակտիվ, հետեւողական ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ, ինչի մասին հրապարակային հայտարարել են իշխանությունները։

Հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելով, այդ թվում՝ տարբեր ձեւերով շահագրգռելով, մասնավորապես՝ մի քանի տոկոսով թոշակների ու աշխատավարձերի ավելացումը, որը գործող գնաճի դեպքում ոչինչ է, այն դեպքում, երբ իշխանավորների աշխատավարձերն անգամներով են բարձրացնում, դիմում են նոր խարդավանքի․ տեսնելով հանրային դժգոհությունները պարգեւավճարների կիրառումից։ Այն միացրել են աշխատավարձին, որով քողարկում կամ չեզոքացնում են պարբերաբար բարձրացող դժգոհության ալիքը։

Նույն նպատակով Նիկոլը վերջերս մանիպուլյացիայի նոր մեթոդների է դիմում՝ խոսում է ուսուցիչների աշխատավարձի 800 000-1․2 միլիոն դրամի մասին, որով փորձում է քողարկել մի քանի միլիոն դրամի հասնող իրենց աշխատավարձերը։ Ի տարբերություն իրենց՝ ուսուցիչների եւ այլ ոլորտների աշխատավարձերը կապում են ատեստավորման հետ։ 2018թ․ իշխանավարման սկզբնական շրջանում տպավորություն էր ձեւավորվում, թե ձգտում կար արդար կառավարելու, իրականում՝ ժամանակը ցույց տվեց, որ նրանք որդեգրեցին նախկիններից փոխանցված բոլոր տեսակի բացասական եւ անարդար գործելաոճը՝ համալրվելով գաղափարախոսությունից զուրկ թավիշի հետ, այլասերելով ամբողջ պետական կառավարման համակարգը։ Այդ պարագայում արդար կառավարման մասին խոսք լինել չի կարող, եւ որեւէ ատեստացիա չի կարող հավատ ներշնչել։ Այդ իսկ պատճառով մարդիկ չեն դիմում կամավոր ատեստավորման՝ խուսափելով հեղինակազրկվելուց։ Ըստ էության, տարաբնույթ մրցույթները եւ ատեստավորումը վերջնարդյունքում, ինչպես նախկինում, առաջին հերթին գործում են ԽԾԲ սկզբունքով, ինչպես նաեւ կոռուպցիոն համակարգը, որը նախկինի համեմատ բազմապատիկ է դարձել, ինչի մասին ԱԱԾ-ն երբեմն բարձրաձայնում է։ 

ՀԳ․ Երկիրը չի կարող խուսափել աղետներից, երբ այն ղեկավարվում է տարատեսակ գործակալական ցանցի ներկայացուցիչների կողմից, ինչի հիմնավորումն է կառավարության վերջին օրենսդրական նախաձեռնությունը, այն է՝ ոչնչացնել ԱԱԾ-ի արխիվները, ինչը նշանակում է, որ օրվա իշխանությունները փորձում են իրենց հեռանալուց առաջ կեղտոտ հետքերը մաքրել։


Պետրոս Մակեյան
Շարունակելի