Մարդուն փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել  մի բանի համար, որի հետ ոչ մի առնչություն չունի

Մարդուն փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել  մի բանի համար, որի հետ ոչ մի առնչություն չունի

2023թ․ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանում հրդեհի բռնկման եւ 15 զինծառայողի մահվան առնչությամբ հունվարի 31-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի կոմունալ շահագործման պետ Մառլեն Սարգսյանի նկատմամբ: Նա հունվարի 31-ից կալանավորված է, եւ տուժողների հարազատների ու հասարակության մոտ տպավորություն կա, թե դեպքի համար մեղադրվողները գտնվում են անազատության մեջ։

Մառլեն Սարգսյանի փաստաբան Վահագն Հակոբյանը նշում է.

«Ըստ գործող օրենսդրության․ բնակավայրերում գնդի ստորաբաժանումների տեղաբաշխումն իրականացվում է պետական իշխանության եւ կառավարման տեղական մարմինների ներկայացուցիչների համաձայնությամբ` վարչական շենքերում, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակության համար պիտանի տներում ու շինություններում: Տվյալ նորմի պահանջները չեն պահպանվել, պետական իշխանության մարմինները չեն մասնակցել այդ գործընթացին, 2021 թ. սկզբին Վարդենիսի տարածաշրջանում եւ մասնավորապես Ազատ համայնքում առկա է եղել համայնքապատկան, ոչ վաղ անցյալում կառուցված քարե շինություն, որը կարող էր ծառայել նաեւ որպես զորանոց։ Ըստ գործող օրենսդրության՝ շինությունները զբաղեցնելուց առաջ ստորաբաժանման հրամանատարը զննում է դրանք, որից հետո տեղավորում է անձնակազմը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Յուրաքանչյուր շինությունում նշանակվում է ավագ, որը պատասխանատու է զինծառայողների վարքի, ներքին կարգուկանոնի եւ շինությունում գտնվող գույքի անվտանգության պահանջների պահպանման համար: Վերը նշված նորմերի պահանջները չեն պահպանվել։ Ստորաբաժանման տեղակայման վայրում պետք է իրականացվեր ներքին ծառայություն, այսինքն՝ վաշտի օրապահը, ով պատասխանատու է կացարանի հակահրդեհային անվտանգության համար, պետք է ծառայություն իրականացներ կացարանում՝ անձնակազմի մոտ, այնինչ կացարանում ներքին ծառայություն չի իրականացվել, նշանակվել է անհասկանալի վերակարգ, որը ծառայություն է իրականացրել կացարանից դուրս, հակահրդեհային անվտանգությունը փաստացի չի վերահսկվել։

Ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների պետերը պատասխանատու են իրենց ենթակա ստորաբաժանումներում, օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման եւ հրդեհամարիչ միջոցները սարքին վիճակում պահելու համար։ Տվյալ ստորաբաժանումում հակահրդեհային անվտանգություն չի ապահովվել։ Գնդում հակահրդեհային պաշտպանությունն անմիջականորեն ղեկավարում է հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետը, իսկ այնտեղ, ուր նա հաստիքով նախատեսված չէ, նրա պարտականությունները համատեղության կարգով դրվում են սպաներից մեկի վրա: Տվյալ դեպքում, ըստ ելակետային հրամանի, այդ պարտականությունները դրվել են ԿՇ ծառայության պետի վրա, սակայն հրամանի բաղկացուցիչ մաս կազմող ցուցակում առկա չեն ԿՇ ծառայության պետի տվյալները, ստորագրությունը։ ԿՇ ծառայության պետն այդ հրամանին ծանոթ չի եղել։ Ելակետային հրամանի հիմքով Մառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է կալանքի տակ, այնինչ այդ հրամանը հակահրդեհային անվտանգության առումով որեւէ իրավական ուժ չունի։ Հրամանը, որպես անհատական իրավական ակտ, հակահրդեհային անվտանգության պատասխանատուի առումով կարող էր իրավական ուժ ստանալ հրամանը պատասխանատուին հանձնելու կամ օրենքով նախատեսված կարգով ծանոթանալուց հետո: Այսինքն, այդ պարտականությունը որեւէ մեկի վրա չի դրվել, ավելին, զորամասում հակահրդեհային անվտանգության պլան առկա չի եղել, հրշեջ վերակարգ չի եղել, հրշեջ խմբի անդամները տեղյակ չեն եղել, որ իրենց վրա դրվել է նման պարտականություն, իսկ տվյալ ստորաբաժանումում առհասարակ հրշեջ խումբ չի կազմվել։ Ակնհայտ է, որ տվյալ ստորաբաժանումում պատշաճ ծառայություն չի իրականացվել, հակահրդեհային անվտանգության տեսանկյունից որեւէ միջոցառում չի իրականացվել։ Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով ներկայացվել են մի քանի տասնյակ կետերից բաղկացած միջնորդություններ՝ վարույթային գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք չեն մերժվել, դրանց քննարկումը չի հետաձգվել, եւ դրանց կատարման վերաբերյալ որեւէ տեղեկություն չի ստացվել։ Դեպքի համար իրական պատասխանատուներին հաջողվել է շեղել գործի քննությունը, որի հետեւանքով մեղադրանք է ներկայացվել Մառլեն Սարգսյանին»։

Մեզ էր դիմել Մառլեն Սարգսյանի մայրը` Ծաղիկ Գաբրիելյանը: Նա պնդում է, որ իր որդին ոչ մի մեղք չունի կատարվածում: Մոր համար անհասկանալի է, թե ինչու է իր որդին մեղադրվում մի բանի համար, որից անգամ տեղյակ չէ: Մենք մի քանի հարց էլ տվեցինք փաստաբան Վահագն Հակոբյանին:

- Օրերս Մառլեն Սարգսյանի գործով դատական նիստը կայացավ` ի՞նչ ընթացքում է գործը:

- Քրեական գործը հարուցվել է դեռ հրդեհի օրը` Քրեական օրենսգրքի 557-րդ հոդվածով` պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները չկատարելու մասին է այն: Ժամանակ են տվել, որպեսզի մեղադրյալը նյութերին ծանոթանա, այդ պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց: Պատճառաբանությունը սա է: Իմ պաշտպանյալը մեղադրվում է նրա համար, թե իբրեւ ինքն է եղել հակահրդեհային ծառայության պետը: Այնինչ ոչ մի կապ չունի այդ պաշտոնի հետ: Վառարան վառողը թող պատասխան տա վառարան վառելու համար, այստեղ խնդիրն այն է, որ մարդուն ասում են` դու հակահրդեհային ծառայության պետ ես, սակայն նա չէ ծառայության պետը:

- Այդ դեպքում ինչպե՞ս են որոշել, որ նա է հակահրդեհային ծառայության պետը:

- Այդ հարցերը պետք է դատախազին տալ: Նա ընդամենը կոմունալ շահագործման ծառայության պետն է:

- Այդ դեպքում ինչո՞ւմ են նրան մեղադրում:

- Խնդիրը հետեւյալն է․ զորամասի հրամանատարն ինչ-որ հրամանով կոմունալ շահագործման ծառայության պետի վրա դրել է լրացուցիչ պարտականություն` հրդեհային ծառայության պետի պարտականությունը, բայց այդ հրամանը չի ներկայացվել իմ պաշտպանյալին, այսինքն` նա տեղյակ չի եղել, որ այդ պաշտոնն էլ է զբաղեցնում: Ձերբակալվելուց հետո է իմացել, որ կա նման հրաման: Թե ինչպես է ստացվում այսպես, միայն Աստված գիտի: Այժմ խնդիրն այն է, որ մարդուն փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել մի բանի համար, որի հետ ոչ մի առնչություն չունի:

- Հրդեհի օրը որտե՞ղ է եղել Ձեր պաշտպանյալը:

- Տանը` Վարդենիսում: Նա անգամ այդ զորանոցի զինվորներից որեւէ մեկին չի ճանաչում: Ստորաբաժանմանն էլ ծանոթ չէ: Նա այդ տարածքում եղել է ընդամենը մեկ անգամ:

- Այսինքն` նրա ուսերին լրացուցիչ պարտականություն են բարդել, որի մասին ինքը տեղյակ չի՞ եղել:

- Շատ ճիշտ ասացիք, այո: Տրամաբանությունը բերում է նրան, որ պետք է մի քանի հոգի դատվեն, ցուցանիշ ունենալու համար թիվ է պետք:

- Իրական մեղավորներին արդարացնելու խնդիր կա՞:

- Դա մեզ հուզող ամենամեծ հարցն է: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Պետք է խորամուխ լինեն թե՛ լրագրողները, թե՛ մահացած զինվորների ծնողները: