Ախոյանը 100-ից 93-ի հարցը լուծել է, 7-ի հարցն էլ խոստացել է լուծել, բայց քաղաքացիական վեճը քրեականացրել են

Ախոյանը 100-ից 93-ի հարցը լուծել է, 7-ի հարցն էլ խոստացել է լուծել, բայց քաղաքացիական վեճը քրեականացրել են

Հայաստանյան իրավական համակարգում վաղուց ի վեր երկակի ստանդարտներ են գործում: Անհամեմատ ծանր հանցագործություն կատարած անձինք ազատ ման են գալիս, իսկ անմեղ մարդիկ, թեթեւ հանցանք կատարածները բանտերում են: Հատկապես դաժան է վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը կոշտ քննադատողների նկատմամբ, որոնց դատարանները չեն համարձակվում ազատ արձակել եւ անպայման կալանքի միջնորդությունները բավարարում են, մինչեւ վերեւից հրահանգ կգա՝ բավական է, բաց թողեք: Նրանց նստելու ժամկետն ուղիղ համեմատական է դիմադրելու ժամկետին. ով արագ համակերպվում է, համաձայնում դուրս գալ ու լռել, քիչ է նստում, ով չէ` կալանքը, որը ոչնչով հիմնավորված չէ, կարող է տարիներ տեւել:

Անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են արդեն արձանագրում, որ Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրում, ոստիկանները խաղաղ ցուցարարներ են ծեծում, նռնակներ նետում, մեղադրանքները հիմնավորված չեն, խափանման միջոցները համարժեք չեն մեղադրանքներին: ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը փաշինյանական զոհերից է: Նրա նկատմամբ անցած տարի մի վարույթ հարուցվեց, որը վերաբերում էր Ֆեյսբուքում Փաշինյանի դեմ գրառում անելուն, հետո բաց թողեցին: Իսկ մայիսի 16-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «բացահայտվել են Արագած Ախոյանի կողմից, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքեր», ու կալանավորեցին նրան: Խոսքն Ախոյանի «Սպիտակ կամար» շինարարական ընկերության մասին է: Նրա պաշտպան Բենիկ Գալստյանից տեղեկացանք, որ հունիսի 17-ին Ախոյանի խափանման միջոցը կալանքից փոխվել է տնային կալանքի: 

- Իսկ կոնկրետ ի՞նչ խաբեության մասին է խոսքը: Քննչական կոմիտեի հաղորդագրությունն ավելի շատ դատավճիռ է հիշեցնում, այլ ոչ թե հաղորդագրություն:

- Խոսքը նրա մասին է, որ վերջինս բազմաբնակարան շենքերի շինարարություն է իրականացրել: Որոշակի շինարարությունների հետ կապված ընթացիկ խնդիրներ են առաջացել` ֆինանսական բնույթի, բավականին մեծ գումարի չափով, որի, այսպես ասած, անուղղակի հետեւանքով բանկի հետ պարտավորություններ են առաջացել` բավականին մեծ չափի: Շենքը բանկում գրավադրված է եղել, արդյունքում որոշ բնակարաններ բանկը` սնանկության վարույթի շրջանակներում, վերցրել է իրեն: Վերջնարդյունքում 100 բնակարանի մասին է խոսքը, որոնք ունեցել են ընդհանուր շահառու, սակայն խնդիրը 100 բնակարանից կապված է ընդամենը 7-ի հետ:

- Այսինքն` մարդիկ գնել են բնակարանները, հետո ֆինանսական խնդիրների արդյունքում դրանք անցել են բանկին:

- Այո, բանկի գործողություններում հակաիրավական ոչինչ չկա: Այն ժամանակ ոլորտը կարգավորված չէր, ֆինանսական մուտքեր, ելքեր, որոշակի խնդիրներ կային, հետո՝ 2012-ից հետո, կարգավորումներ եղան, վճարումներ արվեցին կոնկրետ ֆոնդերով: Խնդիրն այն է, որ անձինք գումար են վճարել, փաստացի ստացել են բնակարանը, սակայն այդ բնակարանների սեփականության իրավունքի հետ խնդիրներ են առաջացել, արդյունքում բանկը` սնանկության վարույթի շրջանակներում, իրավունք է ձեռք բերել այդ 7-8 բնակարանի նկատմամբ: Այնպես չէ, որ Արագած Ախոյանն այդ ամենից հրաժարվում է եւ ասում է, որ նման բան չի եղել։ Ոչ: Այնուամենայնիվ, մեր համոզմամբ, սա զուտ քաղաքացիաիրավական հարց է: Այն մարդիկ, որոնց բնակարանները հայտնվել են խնդրի կիզակետում, պարզապես ասում են, որ իրենց բնակարաններն են ուզում, ուրիշ ոչինչ: Այդ պրոցեսն արդեն 8-9 տարի է՝ ընթանում է: Բանկի հետ բանակցություններ, դատական գործեր եւ այլն, այդ մարդիկ դիմել են դատախազությանը եւ ասում են, որ իրենք պահանջում են իրենց բնակարանները: Ախոյանը փորձել է որոշակի գործողություններ կատարել, մի մասը ստացվել է, մյուս մասը` ոչ: Խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, հուսանք, որ ավելի մեղմ խափանման միջոց կընտրվի, քանի որ դատարանը հասկանում է խնդրի էությունը, բայց, անկախ ամեն ինչից, Արագած Ախոյանը եւս ցանկանում է լուծել այդ մարդկանց խնդիրները:

- Իսկ ինչո՞ւ կալանք, ապա՝ տնային կալանք: Մի՞թե ծանր հանցագործություն է կատարվել, որ մեղադրյալին պարտադիր փորձում են փակի տակ պահել:

- Այս գործը տեւական ժամանակ է՝ քննվում է, քննչական մարմինը կատարում է գործողություններ բավականին երկար ժամանակ, սակայն Ախոյանին կալանավորեցին այն օրը, երբ երկրում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում: Չգիտենք՝ սա ինչ պատահականություն է: Դրա հաջորդ օրն էլ Հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ պատրաստեց վերջինիս մասին: Ես ամենեւին չեմ ուզում ասել, որ այս իրավիճակը նորմալ է, սակայն Հայաստանում շինարարական ընկերությունների, նորակառույց շենքերի հետ, ցավոք սրտի, շատ-շատ են լինում, սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ վերջին: Բայց այլ դեպքերում ոչ մեկին չեն կալանավորում: Քննչական կոմիտեն անգամ քննում է գործեր, որ անձանցից վերցրել են բավականին մեծ գումարներ, եւ նույնիսկ բազմաբնակարան շենքի հիմքը չի եղել, բայց զուտ գործի քննություն է իրականացվում, եւ ոչ մեկին ո՛չ կալանավորում են, ո՛չ էլ տնային կալանքի են ենթարկում: Սա ինձ համար մի փոքր տարօրինակ է, տպավորություն է, որ Ախոյանն իրեն շատ ակտիվ է դրսեւորում հանրային տիրույթում, եւ հենց այդ պատճառով էլ նրան կալանքի են տանում: Ու խնդիրն այն է, որ Ախոյանն ընդունում է, որ կա խնդիր, որը պետք է լուծվի: Անկախ գործի ընթացքից, նա լուծելու է այս հարցը: Հիմա նրան ասում են` դու շենք ես կառուցել, մարդկանց փողերն ես հափշտակել, եւ ստացվում է, որ Ախոյանը 100-ից 93-ի հարցը լուծել է, 7-ից գումար է հափշտակել, ինչը, իմ կարծիքով, աբսուրդ է, չի կարող նման բան լինել: