Իսկապե՞ս «Գազպրոմի» խնայողությունների հաշվին է, որ չի թանկանում գազը

Իսկապե՞ս «Գազպրոմի» խնայողությունների հաշվին է, որ չի թանկանում գազը

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը երեկ մեզ ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, որ մինչեւ հուլիսի 1-ը պետք է ներկայացնեն համաձայնագիր՝ սահմանին առաջիկա հինգ տարվա ընթացքում գազի գնի ձեւավորման մեխանիզմները վերանայելու համար։ Նա նշեց, թե չի բացառվում, որ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում լինի ավելի էժան գին, քան ստացվում է այդ նախագծով։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սահմանին գազի սակագինը կազմում է 165 դոլար, այսինքն՝ 15 դոլարով թանկացել է նախորդ տարվա համեմատ, բայց սպառողին գազը հասնում է դեռ նախկին գնով։ Հարցին, թե ինչի հաշվին է, որ սպառողը չի զգում այդ բարձրացումը, ով է իր վրա վերցնում այդ թանկացումը՝ «Գազպրո՞մը», թե՞ կառավարությունը, Բաղրամյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Ընկերության ներքին խնայողությունների հաշվին։ Վարչապետն էլ է ասել, որ առնվազն 2019 թվականի համար գազի գինը չի բարձրանա սպառողների համար։ Այլ հարց է, որ մենք հիմա քննարկում ենք, թե ինչ գնագոյացման մեխանիզմներ են լինելու՝ ավելի երկարաժամկետ, կայուն գնագոյացում ունենալու համար»։ Այսինքն՝ կառավարությո՞ւնն է դիմել կամ խնդրել-առաջարկել «Գազպրոմ-Արմենիային», որ վերջինս իր խնայողությունների հաշվին չբարձրացնի գազի գինը սպառողների համար։ Այստեղ արդեն Բաղրամյանը փորձեց շտկել իր խոսքը՝ այն խմբագրելով․ «Խնայողությունների հաշվին չէ, դա ինքնըստինքյան տենց ա ստացվում, էդտեղ դիմելու-խնդրելու բան չկա։ Հիմա եթե բանակցում ենք, որ հասկանանք՝ ինչ գնագոյացում եւ ինչ մեխանիզմներով է լինելու, բնականաբար, մինչեւ էդ պայմանավորվածությունների ավարտը մնում է էս իրավիճակը»։

Նախարարի երկու իրարամերժ պատասխանները նոր հարցերի առիթ են տալիս՝ իսկապե՞ս «Գազպրոմն» իր խնայողությունների հաշվին է զսպում գազի գնի բարձրացումը, եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում, եթե ոչ, ապա ինչո՞ւ է նման հայտարարություն անում էներգետիկայի նախարարը, եւ այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին է զսպվում գազի թանկացումը սպառողների համար։ Գուցե կառավարությունն է իր վրա վերցրել այդ բեռը՝ սուբսիդավորելով այդ 15 դոլար թանկացումը։ Եթե այդպես է, ապա ո՞ւր է կառավարության որոշումը, ո՞րն է բյուջեի այն տողը, որով գումար է հատկացվում «Գազպրոմ-Արմենիային»՝ գազի գնի սուբսիդավորման համար, եւ որքա՞ն է կազմում այդ գումարը։ Իսկ եթե ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ապա ի՞նչ է ստացվում, որ մենք նորից պա՞րտք ենք կուտակում, ու մի օր նորից ռուսները մեզնից ինչ-որ բա՞ն են պահանջելու այդ պարտքի դիմաց, ինչպես եղավ նախորդ անգամ, երբ 300 մլն դոլարի պարտքը փոխհատուցեցինք «Գազպրոմում» մեր ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասով։ Հիմա՞ ինչ ենք տալու ռուսներին պարտքի դիմաց, գուցե ամբողջ երկի՞րը, քանզի էլ տալու բան կարծես թե չի մնացել։ Ի դեպ, տեղեկություն կա, որ հենց այս վերջին տարբերակն է իրականությունը, եւ որ շուտով մենք նորից կանգնելու ենք փաստի առաջ՝ մտածելով, թե ինչպես մարել ռուսներին մեր նոր պարտքը։ 

Այս հարցերի պատասխանն ստանալու համար դիմեցինք «Գազպրոմ-Արմենիային», բայց ստացանք, ահա, այսպիսի անորոշ պատասխան, որից զգացվեց, որ իրենք էլ դեռ չգիտեն՝ ինչ պատասխան տան, եւ նախարարն ուղղակի պատահաբար լեզվից թռցրել է, թե «Գազպրոմի» խնայողությունների հաշվին է գազի գինը նույնը մնում։

Ահա «Գազպրոմ-Արմենիայի» պատասխանը․ «Ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ խնայողությունների հարցը: Բանակցություններից եւ աշխատանքային քննարկումներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։