Իմ դուրը չի գալիս, մարդկանց մոտ ագրեսիան շատացել է

Իմ դուրը չի գալիս, մարդկանց մոտ ագրեսիան շատացել է

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն այն եզակիներից է, որ հետհեղափոխական Հայաստանում, լինելով անկուսակցական, քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարավ իշխանական թեկնածուի նկատմամբ։

Նրա մրցակիցը Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էր, որն այժմ էլ պաշտոնավարում է եւ ստիպված է աշխատել իրեն հաղթած քաղաքապետի հետ։ Գեւորգ Փարսյանի հետ մենք զրուցեցինք Կապանում, ուր այցելել էինք՝ մասնակցելու վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսին։

- Պարոն Փարսյան, ինչպիսի՞ն են ընտրություններից հետո Ձեր հարաբերությունները մարզային, նաեւ գործադիր իշխանության հետ։

- Նորմալ հարաբերություններ են, արտառոց ոչինչ չկա, բացասական ոչինչ չեմ կարող ասել։ Նորմալ հարաբերություններ ունենք թե՛ մարզային իշխանությունների հետ, թե՛ տարածքային կառավարման նախարարության հետ։

- Իսկ տեղի ՔՊ-ականներն ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում, հատկապես նրանք, որոնք ընտրությունների ժամանակ պայքարում էին Ձեր դեմ։ 

- Լուռումունջ՝ չենք շփվում։ Բացասական ասելու բան չկա, նորմալ է ամեն ինչ։ Ամենքս իր գործն է անում, խոչընդոտներ չկան, արհեստական բաներ չեն առաջանում։

- Ձեզ չե՞ն առաջարկել դառնալ ՔՊ անդամ։

- Ոչ, ես անկուսակցական եմ եւ շարունակում եմ այդ կարգավիճակում մնալ։

- Իսկ մարզային իշխանությունների, այդ թվում՝ մարզպետի մասին ի՞նչ կարող եք ասել, ստացվո՞ւմ է նրա հետ աշխատել, գո՞հ եք  աշխատանքից։

- Գոհ եմ, շատ գոհ եմ թե՛ մարզպետի աշխատանքից, թե՛ Հունան Պողոսյան մարդ տեսակից: Իրականում շատ ադեկվատ մարդ է, ադեկվատ է վերաբերվում ցանկացած խնդրի, շատ արագ արձագանքում է համայնքին վերաբերող խնդիրներին, երբ բարձրաձայնում ենք, ու իր հետ, իրականում, շփումը շատ լավ ստացվում է։ 

- Նախորդ իշխանությունների օրոք, հատկապես, երբ Սյունիքի մարզը ղեկավարում էր Սուրիկ Խաչատրյանը, խոսվում էր մարզում վախի մթնոլորտի մասին։ Դուք՝ որպես սյունեցի, ի՞նչ կարող եք ասել, իսկապե՞ս այն ժամանակ կար վախի մթնոլորտ, եւ հիմա վերացե՞լ է։

- Էսպես ասեմ՝ ով վախենում էր էն ժամանակ, միշտ էլ վախենալու է։ Ով չէր վախենում, չի էլ վախենում հիմա։ Այսինքն՝ ես այդ վախի մթնոլորտ ասվածի հետ համաձայն չեմ։

- Դե, եթե վախեցնողներ չլինեն, գուցե վախեցողներ էլ չլինեն։

- Գիտե՞ք ոնց, մարդ տեսակից է, վախեցողը միշտ էլ վախենում է։ Համենայնդեպս, ես իմ շրջապատում չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք որ այն ժամանակ կվախենային թե՛ Սուրիկ Խաչատրյանից, թե՛ Վահե Հակոբյանից։

- Դուք ղեկավարում եք մի քաղաք, որն ունի նաեւ հանքարդյունաբերություն, ինչը մի կողմից սոցիալական խնդիր է լուծում բնակիչների համար, մյուս կողմից՝ էկոլոգիական խնդիրներ հարուցում։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

- Իհարկե, հանքարդյունաբերությունը որոշակի ռիսկեր ունի բնապահպանության առումով, բայց պարտադիր այդ ռիսկերը պետք է նվազեցվեն։ Եվ պետք է ասեմ, որ բնապահպանական առումով դրական քայլեր կատարում ենք, մի քանի օր առաջ խորհրդակցություն ունեցանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպարտամենտի տնօրենի եւ աշխատակիցների հետ, որոնք ցանկություն են հայտնել իրականացնել անտառավերականգնման եւ անտառատնկման աշխատանքներ։ Նույնիսկ այս ծրագրի շրջանակներում դիմել են համայնքին, որ համայնքը նախանշի մոտ 80 հեկտար հողատարածք, որ իրենք այդ ծրագիրն իրականացնեն։

- Կապանցիները շա՞տ են դժգոհում էկոլոգիական խնդիրներից, թե՞ մխիթարվում են նրանով, որ հանքերը սոցիալական խնդիր են լուծում։

- Բողոքողներ կան, իհարկե, բայց կան նաեւ բողոքողներ, որոնք չեն էլ հասկանում, թե ինչից են բողոքում։ Բայց որ սոցիալական առումով հանքարդյունաբերողների դերը մեծ է Կապանի կյանքում, դա՝ միանշանակ։

- Կապանում զբաղվածության որքա՞ն մասն է ապահովում հանքարդյունաբերությունը, կապանցիները, բացի դրանից, ուրիշ ինչո՞վ են հոգում իրենց ապրուստը։

- Ես Ձեզ թվերով կասեմ՝ մոտ 1500 մարդ՝ կապանցի, աշխատում է Զանգեզուրի կոմբինատում, 1200 աշխատակից էլ Կապանի կոմբինատում է աշխատում։ Սրանք անձինք են, որոնք, բնականաբար, ընտանիքներ են ներկայացնում, եւ եթե բազմապատկենք միջինը երեքով, մոտ 8 հազար մարդ կստացվի։ Կապան համայնքն ունի 45 հազար բնակիչ։ Նշեմ նաեւ, որ Հայաստանում երեւի էդպիսի ձեռնարկություն չկա, որ Զանգեզուրի կոմբինատի նման բարձր աշխատավարձ է տալիս։ Այսինքն՝ հանքարդյունաբերության եւ կոնկրետ ԶՊՄԿ-ի ազդեցությունը Կապանի համայնքի վրա սոցիալական առումով շատ մեծ է։ Ու հատկապես նկատելի է, որ այս երկու տարվա մեջ մեր համայնքում լուրջ տնտեսական ակտիվություն կա։

- Ձեր՝ քաղաքապետ ընտրվելուց ի վեր ի՞նչ է փոխվել Կապանում եւ կապանցու կյանքում։

- Թե ինչ է փոխվել կապանցու կյանքում՝ կապանցիներից հարցրեք։ Համենայնդեպս, ես որ լսում եմ, գոհունակություն եմ լսում, բայց ես էսօր ինչ ասեմ, դա սուբյեկտիվ է լինելու։ Իսկ աշխատանքների մասով կարող եմ ասել, որ 2019 թվականին մենք ճանաչվեցինք լավագույն մշակութային քաղաք, շատ մեծ աշխատանքներ ենք իրականացրել Կապանի մշակութային կյանքում, քաղաքաշինական ոլորտում ենք բավականին մեծ աշխատանքներ իրականացրել, յուրաքանչյուր ոլորտում էլ աշխատանքներ իրականացրել ենք ու շարունակում ենք։ Կարծում եմ, որ արդյունքում մենք կունենանք մեր ցանկացածը՝ գեղեցիկ, բարեկարգ, մաքուր համայնք։

- Գործադիր իշխանությունը որքանո՞վ է աջակցում Երեւանից մոտ 300 կմ հեռավորության վրա գտնվող Կապան համայնքին, եւ առանց կառավարության օժանդակության հնարավո՞ր է սեփական ուժերով զարգացնել համայնքը։

- Եթե համեմատենք այլ բնակավայրերի հետ, ապա Կապանի զարգացման ընթացը շատ ավելի արագ է։ Իհարկե, այդ ամենն իր պատճառներն ունի։ Երեւանից հեռավորությունը խնդիր է, բայց շատ կարեւոր է, որ կառավարությունը շատ ակտիվ սկսել է իրականացնել նաեւ սուբվենցիոն ծրագրեր, այսինքն՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ համայնքային խնդիրների լուծում։ Սա շատ կարեւոր է, սա շատ լուրջ օգնում է համայնքներին զարգացման առումով։ Բացի այդ, ասեմ նաեւ, որ մենք շուտով ունենալու ենք նաեւ օդանավակայան, որը սկսելու է գործել շնորհիվ Քաջարանի կոմբինատի։ Եվ դա արդեն իսկ մեծ հնարավորություն է ստեղծելու՝ ավելի արագ հասնել Կապան։ Բացի այդ,  իմ տեղեկությամբ՝ կա եւս մի ծրագիր, որի մասին իր վերջին այցի ժամանակ բարձրաձայնեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը Տաթեւ-Կապան ճանապարհի նորոգման մասին է։ Սա մեր երկրորդ ճանապարհն է դեպի Երեւան։ Այս ճանապարհը պատերազմի ժամանակ մեզ համար եղել է հիմնական ճանապարհ։

- Կապանում կա՞ր արտագաղթ հեղափոխությունից առաջ, եւ արդյոք եղե՞լ են կապանցիներ, որոնք հեղափոխությունից հետո որոշել են վերադառնալ հայրենիք։

- Հեղափոխությունից հետո ներգաղթ է սկսվել Կապանում, որովհետեւ շատերն են եկել ինձ մոտ աշխատանք խնդրելու՝ ասելով, թե վարչապետն ասել է՝ վերադարձեք, հիմա եկել ենք, դե մեզ գործ տվեք։ Բնականաբար, ոչ բոլորին, բայց ինչքան կարողացել, ապահովել ենք աշխատանքով։ 

- Հետեւո՞ւմ եք երկրի ներքաղաքական իրավիճակին, Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Քաղաքական մթնոլորտը Ձեզ դուր գալի՞ս է։

- Որ ասեմ՝ շատ եմ հետաքրքրված, այդքան էլ ճիշտ չէ, բայց ինչքան որ հետեւում եմ, իմ դուրը չի գալիս։ Մարդկանց մոտ ագրեսիան շատացել է, մարդիկ ոնց որ երկու թեւի են բաժանվել՝ մերոնքական, ձերոնքական։ Այ, սա ինձ անհանգստացնում է։