Գորիսեցի էր, հայրական տունը մեր տան կողքին․․․

Գորիսեցի էր, հայրական տունը մեր տան կողքին․․․

Նիկոլի իշխանության առաջին թիրախներից էր Արամ Սիմոնյանը։ Այդ ժամանակ շատ քչերն էին բարձրաձայնում՝ արա՜, էս ի՜նչ եք անում, ի՞նչ եք ուզում այդ գիտնական մարդուց, ի՞նչ եք ուզում Մայր ԲՈՒՀ-ից։ Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ գրանտակեր մի քանի վայ ուսանողներ նվաստացնում, ստորացնում էին համալսարանի երկարամյա ռեկտորին։ Ասեմ, որ նիկոլականների նվաստացման ձևը գալու օրվանից մինչ այսօր նույնն է՝ շանտաժով, կեղծ գործ տալով վարկաբեկել վաստակ ունեցող մարդկանց։ 2019 թվականի մարտի 1-ին «Վերջը գտա՞ք ԵՊՀ ռեկտորի երկու միլիոնանոց աթոռը․․․» վերտառությամբ մի հոդված գրեցի Հրապարակում։ Սովորաբար ես մեղմ եմ գրում ու գրածիս մեջ ատելությունը, չարությունը բացակայում է։ Աշխատում եմ՝ ով էլ լինի իմ դիմաց, թեկուզ ամենաանտանելի սրիկան, նույն բանն ասել ինչքան հնարավոր է մեղմ։ Հոդվածիս տակ այնքան հայհոյանք կար, ֆեյքային այնպիսի գրոհ սկսվեց, որ հիմա մտածում եմ՝ Նիկոլ, դու այդքան ատելություն թափեցիր մարդկանց վրա, այդքան թույն ներարկեցիր, հիմա ի՞նչ տրամաբանությամբ ես գործեր հարուցում քեզ կամ թիմակիցներիդ վիրավորող մարդկանց դեմ։ Դուք ստանում եք թույնի այն չափաբաժինը, դեռ մի բան էլ պակաս, ինչ ներարկել եք հանրության մեջ։ 

Այսօր ցավով տեղեկացա, որ Արամ Սիմոնյանը մահացել է։ Եթե անկեղծ, ինձ թվում էր, թե այն, ինչ այսօրվա իշխանությունը դրեց գիտնականի գլխին, լավ է, որ այդքան էլ դիմացել է։ Սյունեցի էր, պինդ էր, կարողացավ մի քանի տարի դիմանալ։ Մի բան էլ կուզեի ավելացնել՝ նիկոլիզմը չի՜ փոխվելու։ Մինչև մեր ազգի վերջին մարգարիտները «շան առաջ չգցի», չի հանգստանալու։ 

Տեղադրում եմ հոդվածս․

1 Մարտ 2019 | 00:05

«Արամ Սիմոնյանի հայրական տան հարևանությամբ էինք ապրում Գորիս քաղաքում։ Օրը մի քանի անգամ անցնում էի տան կողքով ու ամեն անցնելուց անպայման մի հայացք էի գցում՝ կանաչի մեջ թաղված այդ փոքրիկ տանը։ Ոչ մեկը չէր ապրում, տեր ու տիրականը բնությունն էր՝ ամառը թավիշ կանաչով էր ներկում, ձմեռը՝ սավանի պես ճերմակով։ Ասում էին, որ մեր Հրաչիկի՝ Հրաչիկ Սիմոնյանի տունն է, երկյուղածությամբ էին ասում, Սյունիքում մի այլ կարգի հարգանք կա Մեծերի հանդեպ։ Գիտնական մարդ է, իր քրտինքով է ամեն ինչ ստեղծել,- պատմում էին։

Տևական ժամանակ է պայքար է ընթանում, բառիս բուն իմաստով, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի որդու՝ Արամ Սիմոնյանի դեմ, ով Մայր ԲՈՒՀ-ի ռեկտորն է։ Գիտե՞ք , երբ մեկի դեմ պայքարի են դուրս գալիս, պահանջում նրա հրաժարականը, որպեսզի կարողանաք ճիշտ հասկանալ վիճակը, պիտի նայել՝ ովքեր են դուրս եկել նրա դեմ պայքարի։ Գիտնականի հոտ նրանցից գալի՞ս է, թե քաղաքական տհաճ օծանելիքով շպարված մանեկեններ են։

Երևանի պետական համալսարանը եկեղեցու նման հաստատություն է, գիտության սրբազան տաճար։ Եթե թվարկենք նշանավոր շրջանավարտների անունները, ովքեր Արամ Սիմոնյանի ղեկավարման շրջանում աշխատանքային կյանք են մտել, բավարար է, որ այդ մարդուն գոնե դրա համար ընդունել։ Երևի հիշում եք, թե գրանտակեր մի քանի ուսանող ինչպե՜ս էին նվաստացնում Պետական համալսարանի ռեկտորին։ ԲՈՒՀ-ի գնումների հարցով թվեր էին հրապարակվում իշխանափոխությունից անմիջապես հետո, ասելով, որ ռեկտորն իր համար երկու միլիոն դրամանոց աթոռ է գնել։

 Ռեկտորը լրագրողներին բացատրում էր, որ 2 մլն դրամով իրենք ոչ թե մեկ նստարան, այլ 100 երկաթե աթոռ և 40 ուսանողական նստարան են գնել․

«Դուք հիմա իմ սենյակում թանկարժեք կահույք տեսնո՞ւմ եք: Եթե ես գնեի թանկարժեք գույք կամ աթոռ, իմ աթոռն այս վիճակում կլինե՞ր: Սա 12 տարվա աթոռ է: Դուք մի' կարծեք, որ ես, այստեղ նստած, վայելում եմ էս դիրքս: Ռեկտորի աշխատանքը ծանր և անշնորհակալ աշխատանք է. ես մոռացել եմ իմ երեխաներին, ընտանիքը, ընկերությանը, հարազատներին: Առավոտից մինչ ուշ երեկո ես զբաղված եմ այս գործերով, և մի' կարծեք, որ դա այնքան քաղցր է, որ ես կառչել եմ իմ աթոռից»,- ասում էր Արամ Սիմոնյանը։

Այսօր էլ խոսելով իր թույլ տված ճոխությունների մասին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլ տվեց նկարահանել իր սենյակը՝ համոզվելու համար, որ որևէ ճոխություն չկա։ Հնությամբ էր բուրում նրա սենյակը։ Նայեք նորընտիրների գրասենյակներում թույլ տված ճոխությունները ու համեմատեք․ մի հին սառնարան՝ երևի դռդռոցով աշխատող, հին գրապահարաններ․․․ Դա մի տեսակ գովազդ էր ԵՊՀ ռեկտորի մասին, որ կարելի է աշխատել նաև նման կերպ։ Ուզում ես հարցնել՝ վերջը գտա՞ք ԵՊՀ ռեկտորի երկու միլիոնանոց աթոռը․․․

Ամեն օր «վայելում ենք նոր նշանակված կադրերի իմացական շքեղությունը»։ Ինչպե՞ս կարելի է գիտնական մարդու ողջ կատարածը ջուրը նետել։ Նրա դեմ պայքարողներին որ տեսնում եմ, սարսափում եմ՝ սրա՞նք պիտի ղեկավարեն Մայր ԲՈՒՀ- ը։ Չե՞ք զգում, որ նոր նշանակած կադրերից հետո հանրությունը խոսելու ունակությունը կորցրել է։ Բայց դա ժամանակավոր, մի օր այնպես կգոռա, որ ձեր ականջների թմբկաթաղանթը կպատռվի։

Նորից դառնամ Արամ Սիմոնյանի հայրական տանը։ Կողքով անգամ անցնելուց երկյուղածություն ես զգում՝ գիտնական ընտանիքի տան լռության խորհրդից։ Այդ լռությունը հավատացնում եմ ոչ ոք չի կարող խախտել։ Իզուր չփորձեք կռվել ժամանակի ահարկու ռելսերի հետ։