Մոլորվել է երեք սոճու արանքում

Մոլորվել է երեք սոճու արանքում

Շատ եմ հարգում Ռուբեն Վարդանյանին, բայց նա արդեն հոգնեցնում է: Պարոն Վարդանյան, Դուք ինձ հոգնեցնում եք գրեթե ամենօրյա ռեժիմով Ձեր գրառումներով, տեսանյութերով: Այդ ամենն այլեւս շատ միատոն է: Դեռ չեմ կարդացել գրառումը, բայց արդեն գիտեմ, թե ինչի մասին է: Հաշվե՞լ եք, թե քանի անգամ եք կրկնել այս միտքը. «Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Մեր ամբողջ պատմությունն ապացուցում է, որ մեզ հաջողվել է հաղթահարել փորձություններն այն ժամանակ, երբ հստակ նպատակ ու գաղափարախոսություն ենք սահմանել, համախմբվել ենք դրա շուրջ, մեր կամքի ու ոգու, իրական առաջնորդների շնորհիվ կարողացել ենք արժանապատիվ պայքար մղել եւ մեր պատմության մեջ նոր ու լուսավոր էջ բացել»: Եվ ամեն անգամ, հարգելի Ռուբեն Վարդանյան, երբ Դուք կրկնում եք այս միտքը, ես պատկերացնում եմ մի ծանր բեռնատար, որ խրվել է ցեխի մեջ եւ անհույս տեղապտույտ է տալիս, առավել ծանոթ բառով ասած՝ «բուքսավատ է անում»: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը. «Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել»: Մատնանշեք, խնդրեմ, մի ժողովուրդ, որի համար շատ հեշտ է եղել, այդ ո՞ր ժողովուրդն իր գոյապայքարը չի տարել, այդ ո՞ր ժողովրդին են սիրահոժար տեղ հատկացրել արեւի տակ: 

Մեր խելքից ամեն ինչ տվեցինք, հիմա նստել, տերողորմյա քաշող պապիկի պես հոգոց ենք հանում՝ է՛, մեզ համար երբեք էլ հեշտ չի եղել: Ճիշտ չէ: Մենք միշտ էլ լավ ենք եղել, կայսրություն ենք ունեցել, կորցրել, նորից ենք վերականգնել, մեր պետությունը հափռել են օտարները, մեզ ցեղասպանության ենթարկել, բայց մենք պայքարել ենք, նոր պետություն ու պետականություն կերտել… Մեզ խորհրդայնացրել են: 70 տարի միայն գիտություն ու տնտեսություն էինք զարգացնում, հայրենադարձություն կար, Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ ամենաբարձր կրթական ցենզ ունեցող հանրապետությունը, առաջինն էինք մեկ երեխային հասնող ուսուցիչների ու բժիշկների, մեկ բուհին հասնող դասախոսների եւ գիտնականների թվով: Երկրորդ համաշխարհային պատերազմ տեսավ մեր ժողովուրդն ու կռվեց: Դժվար էր, այո, բայց հեշտ չէր ոչ մեկի համար: Կռվեցինք ազգովի, Ֆրանսիայից մինչեւ Ստալինգրադ ու հաղթեցինք: Եվ դարձյալ մեկ շնչին ընկնող գեներալների, մարշալների ու հերոսների թվով առաջիններից էինք: Ուզում եմ ասել՝ հաջողությունը պայքարի մեջ է ամփոփված, պարոն Վարդանյան, եւ երբեք երկնքից չի ընկնելու, ինչքան էլ տրտնջանք, թե ճակատագիրն անարդար է եղել մեր նկատմամբ: 

Ահավասիկ գրում եք. «Այսօր էլ անցնում ենք ծանր փորձությունների միջով, Արցախը լուրջ մարտահրավերների առջեւ է»: Եթե սա ինձ համար եք գրել, կներեք, հետաքրքիր չէ: Ես ինչքան ինձ հիշում եմ՝ Արցախը միշտ լուրջ մարտահրավերների առջեւ է, եւ դա այդպես է եղել դեռ այն օրվանից, երբ Արցախը մտցրին խորհրդային Ադրբեջանի կազմ: Համալսարանում լիքը գիրք եմ կարդացել այդ մասին, 1988 թվականից միտինգների մեջ եմ եղել, 1992թ. զորակոչվել եմ Հայոց բանակ, Արցախյան առաջին պատերազմ, Ազատագրում, անկախություն… Քանի-քանիսն իրենց կյանքը դրեցին այդ հաղթանակի համար՝ Արցախին բաժին ընկած մարտահրավերներն ի չիք դարձնելու եւ Հայաստանի հետ վերամիավորման համար: Հեշտ չէր, այո, բայց պայքարում էինք մեր պայքարով նվաճված հույսի ամեն մի շողի համար:

Հաջողության Ձեր մատնանշած բանաձեւն անթերի է. «Հաջողության բանաձեւը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է, մեր կամքի ու ոգու, մեր հստակ նպատակի, մեր իրական արժեքների, միմյանց նկատմամբ հավատի ու վստահության մեջ»: Իսկ արդյոք ճի՞շտ է օրումեջ այս նույն բառերով, այս նույն միտքն արտահայտող գրառում կատարելը՝ չնշելով, թե ինչու մենք այսօր միասնական չենք, կամք ու ոգի չենք ցուցաբերում, հստակ նպատակ, միմյանց նկատմամբ վստահություն եւ մեր իրական արժեքների հանդեպ հավատ չունենք: Ինչքան ուզում եք՝ բանաձեւ հրամցրեք, ո՞ւմ է այն պետք, եթե չկա բացատրությունը, թե ինչու է մեզ համար դժվար, ինչու ենք հայտնվել ծանր մարտահրավերների առջեւ, ինչու ենք այսպես ցաքուցրիվ:

Ես արդեն զարմանում եմ՝ մարդը, որ եկել է Արցախին զորավիգ լինելու, ում դրա համար տրվել են Արցախում առկա գրեթե բոլոր հնարավորություններն ու լծակները, ում, սակայն, Ալիեւի պահանջով հեռացրել են պետնախարարի բարձր պաշտոնից, Արցախում նստել՝ օրումեջ «մեմուարատիպ» նոստալգիկ բաներ է գրում եւ լուռ հետեւում, թե Ալիեւի պահանջով ուր են գլորում Արցախը Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը: Ի՞նչ է, մենք Նիկոլի ու Արայիկի՞ նման ազգակործան պատուհասներ ենք ունեցել մեր «դժվար» պատմության մեջ: 

Պարոն Վարդանյան, ես հասկանում եմ Ձեզ: Դուք մնացել եք երկու դավաճանի արանքում: Այդ իրավիճակում հեշտ չէ խոստովանել՝ «заблудился в трех соснах»: Բայց գոնե հիմա, երբ Ձեզ կաշկանդող պաշտոն չունեք, պետք է ավելի հստակ խոսել եւ հասցեական: Այլապես ամեն ինչ տանում է դեպի Հայաստանի եւ Արցախի իշխանություններին բարոյական աջակցություն ցուցաբերելու հարթություն: