ՀԱՊԿ-ից օգուտ չկա, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին

ՀԱՊԿ-ից օգուտ չկա, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին

Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

-«Չի բացառվում, որ ինչ-որ պահի Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին՝ Հաագայի միջազգային քրեական դատարանում»,- ասել է Դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը։ Այս որոշումը նոր համաշխարհային էսկալացիայի սկիզբ է դրել։ Սերբիայի նախագահը, օրինակ, անդրադառնալով այս ամենին, նշել է, որ Սերբիայի իշխանությունների նպատակն է՝ փրկել իրենց երկիրը եւ ժողովրդի կյանքը, որ հարյուրավոր մարդիկ չզոհվեն։ Որքանո՞վ եք Պուտինին մեղադրյալի աթոռին նստեցնելը համարում իրատեսական, եւ ի՞նչ ազդեցություն կունենա այս ամենը Հայաստանի վրա:

- Իմ պատկերացմամբ` նման բան լինել չի կարող: Որեւէ երկիր նման քայլի չի գնա: Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին չի այցելի մի երկիր, որտեղ նման վտանգ կա` գոնե տեսականորեն: Այս ամենը մեծ ազդեցություն կունենա Ռուսաստան-Արեւմուտք առճակատման վրա: Այն թեւակոխում է առավել լուրջ փուլ: Այդ ամենը լրջագույն ազդեցություն է ունենում նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի վրա: Այսպիսով Ռուսաստանի վերաինտեգրումը միջազգային հարթակներում առավել դժվար է դառնալու: Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը տեւելու է տասնամյակներ:

- Ի՞նչ ազդեցություն կունենա այն տարածաշրջանի, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետության վրա:

- Ռուսաստանից եւ Արեւմուտքից Հայաստանի վրա անուղղակի ճնշումներ են գործադրվում, որպեսզի Հայաստանը կատարի վերջնական ընտրություն` Արեւմուտք, թե Ռուսաստան: Այդ ճնշումներն առաջիկայում առավել ուժեղանալու են: Մեզնից պահանջվելու է վերջնական որոշում կայացնել, առանց ավելորդ ժամանակ շահելու: Հստակեցման պահանջ է սա: Մենք «կամ-կամ»-ի առաջ ենք կանգնելու:

- Տեսնելով օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը` նրանց հայտարարություններն ու գործողությունները, ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ուղղությամբ կգնա Հայաստանը:

- Ես կարծում եմ, որ Հայաստանը չունի մեծ ընտրության հնարավորություն: Հայաստանի անվտանգության տեսանկյունից չկա որեւէ այլընտրանք: Մի կողմից՝ կա ռուսական անվտանգության համակարգ, որը, ի դեպ, շատ վատ է գործում, երբեմն, կարելի է ասել, ընդհանրապես չի գործում, իսկ ահա Արեւմուտքն էլ իր հերթին որեւէ աջակցություն չի ցուցաբերում, ոչինչ չի անում: Այս համատեքստում շատ կարեւոր կարող է լինել Լավրով-Միրզոյան հանդիպումը Մոսկվայում: Որքանով ես հասկացա պաշտոնական օրակարգից` Ռուսաստանը հստակ խնդիրներ է Հայաստանի առաջ դնելու՝ առաջարկելով Հայաստանին հստակեցնել` դեպի Արեւմո՞ւտք են գնում, թե՞ դեպի Ռուսաստան:

- Ասում եք, որ ո՛չ Ռուսաստանն է իր պարտականությունները կատարում, ո՛չ էլ Արեւմուտքն է Հայաստանին օգնում: Այդ դեպքում ինչպե՞ս, ինչի՞ց ելնելով ընտրել արտաքին վեկտորի ուղղվածությունը:

- Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի հետեւյալում. ինչպե՞ս անել՝ չտուժելու համար: Այս առումով մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ից օգուտ չկա, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին, այսինքն` ՀԱՊԿ-ն մեզ օգուտ չի տալիս, բայց կարող է վնասել, հետեւաբար, ցավոք, մեր ընտրությունը հետեւյալն է. այնպես անել, որ մեզ չվնասեն, քանզի չեն օգնում:

- Ի՞նչ վնաս, ի՞նչ կարող են անել:

- Օրինակ` նոր լարվածություն հրահրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ագրեսիա Հայաստանի նկատմամբ: Երբ հարցին նայում ենք այս տեսանկյունից, ապա ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը Հայաստանին վնասելու մեծ լծակներ ունի: Պետք է զգուշանալ Ռուսաստանից:

- Իսկ ինչո՞ւ է Հաագայի դատարանը խոսում Վլադիմիր Պուտինին չեզոքացնելու մասին, եթե Պուտինն այդքան ուժեղ է եւ կարող է անել այն, ինչ ցանկանում է:

- Հաագայի դատարանի գործողության հիմքում Վլադիմիր Պուտինին կալանավորելը չէ: Հաագայի դատարանում շատ լավ գիտակցում են, որ նման բան հնարավոր չէ: Ռուսաստանը պարզ հայտարարում է՝ միջուկային զենքով կհարվածի այն երկրի մայրաքաղաքին, որտեղ իր դեմ կարվի նման փորձ, եւ, իսկապես, Ռուսաստանն այդ քայլին կգնա: Նա այն վիճակում է, որ կարող է դա անել: Հաագայի դատարանի գործողությունները խորացնում են Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը՝ հետաձգելով հարաբերությունները կարգավորելու հեռանկարը:

- Ասում եք, որ Հայաստանը պետք է մտածի վնասներից ու հարվածներից հնարավորինս խուսափելու մասին: Ստացվում է, որ Հայաստանը ճահճում է հայտնվել: Շահած դուրս գալ հնարավոր չէ՞:

- Հնարավոր օգուտներ քաղելու շանսեր, ցավոք, չունենք: Մեր օգուտը կարող է լինել այն, որ իրավիճակը հաղթահարենք նվազագույն կորուստներով: Մենք պետք է կարողանանք երկու մինիմալ խնդիր լուծել. առաջին` կարողանալ պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, երկրորդ` այնպես անել, որ Արցախը չհայաթափվի: Սրանք այսօրվա գերխնդիրները պետք է լինեն Հայաստանի համար: