Ո՞ւմ փողերն է «լվացել» ՄԱՊ-ի Ալիկը, եվ ինչո՞ւ է ՀՔԾ-ն դա գաղտնի պահում

Ո՞ւմ փողերն է «լվացել» ՄԱՊ-ի Ալիկը, եվ ինչո՞ւ է ՀՔԾ-ն դա գաղտնի պահում

Օրեր առաջ մամուլում տեղեկություն սպրդեց, որ ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, եւ նրա որդուն՝ «ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանին։ Մակարին որոշ ժամանակ պահելուց ու հարցաքննելուց հետո բաց են թողել, իսկ հոր՝ Ալեքսան Պետրոսյանի մասով դատարանը բավարարել է խափանման միջոցը որպես կալանք ընտրելու ՀՔԾ-ի միջնորդությունը եւ կալանավորել։ Հիմա նա անազատության մեջ է։ ՀՔԾ-ից ոչինչ չեն պարզաբանում այս թեմայով, փաստաբանն էլ չի խոսում, քանի որ ՀՔԾ-ն պաշտոնապես ոչինչ չի հայտարարել։ Բայց չեն էլ հերքում, որ Պետրոսյանը կալանավորվել է իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում, քանի որ մամուլում, հակառակ իրենց ցանկության, արդեն իսկ տեղեկությունը տարածվել է։ Եվ, ըստ տեղեկության, ՄԱՊ-ի Ալիկին ու նրա որդուն մեղադրում են փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Թե ում փողերն են լվացել հայր եւ որդի գործարարները, չի նշվում։

Մեր տեղեկություններով՝ գործն ուղիղ կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի հետ։ Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանի դեմ հարուցված մեկ այլ գործով, որը դատարանում է, եւ որով ուղիղ մեկ տարի կալանքի տակ է գտնվում Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, ակտիվ դերակատարում է ունեցել գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա հայտարարել էր, թե կաշառք է տվել Հարությունյանին՝ հանքի շահագործման լիցենզիա ձեռք բերելու համար, ու նրա ցուցմունքի հիման վրա իրավապահները քրեական գործ են հարուցել։ Արամ Հարությունյանն այժմ փախուստի մեջ է, իսկ կալանավորված է այն անձը, ում հաշվին Սիլվան փոխանցում է կատարել։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկություն կար, որ Հարությունյանը թաքստոցից բանակցում է իշխանությունների հետ, որպեսզի որոշակի գումարի (խոսքը 5-10 մլն դոլարի մասին է) դիմաց նրա վրայից մեղադրանքը հանեն, գործը փակվի, կալանքի տակ գտնվող անձն ազատ արձակվի, եւ դատավարությունն ավարտվի, եւ Արամ Հարությունյանը կարողանա դուրս գալ թաքստոցից ու հանգիստ ապրել Հայաստանում։ Հարությունյանի մերձավորները հույս ունեին, որ համաձայնությունը մոտ է, եւ հանկարծ իմանում ենք, որ նոր գործ է հարուցվել, հիմա էլ ՄԱՊ-ի Ալիկին են ձերբակալել, եւ ըստ նոր մեղադրանքի՝ Արամ Հարությունյանն ու Ալիկ Պետրոսյանը միասին փողերի լվացմամբ են զբաղվել։ Իսկ ի՞նչ առնչություն է ունեցել Ալեքսան Պետրոսյանը փողերի լվացման հետ, ինչո՞վ է օժանդակել դրան։

Մեզ հասած տեղեկատվությամբ՝ Ալեքսան Պետրոսյանը տարիներ առաջ՝ 2011 թվականին, փոխառություն, այսպես ասած՝ տոկոսով գումար է վերցրել Արամ Հարությունյանից։ Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդում։ Այս գործի շրջանակներում են ձերբակալել եւ հարցաքննել, ապա բաց թողել ՄԱՊ-ի Ալիկի որդուն՝ Մակար Պետրոսյանին, ով նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Մոլդովայում։ Իսկ հորը պահում են կալանքի տակ։ Մենք կապվեցինք նաեւ Սիլվա Համբարձումյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա՞ է ցուցմունք տվել Ալիկ Պետրոսյանի եւ նրա որդու դեմ։ Սիլվա Համբարձումյանն ասաց՝ ոչ, իր տեղեկություններով՝ Պետրոսյանների դեմ հարուցված գործն իր 14 միլիոն դոլար կաշառքին չի առնչվում։

ՀՔԾ-ից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ՝ ո՛չ հերքում են, որ նման մեղադրանք է առաջադրվել այդ մարդուն, որին հետո դատարանը կալանավորել է իրենց միջնորդությամբ, ո՛չ էլ հաստատում են ու բացատրում, թե ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրել եւ այլն։
Մեզ ասացին՝ ՀՔԾ-ն այս պահին ցանկանում է փակ պահել ինֆորմացիան՝ բացառապես Ալեքսան Պետրոսյանի շահերից ելնելով, որպեսզի «չվնասեն նրա գործարար համբավին»։ Քանի որ նա խոշոր արտահանող է, չեն ուզում նրա հեղինակությունն ընկնի միջազգային գործընկերների մոտ։ Փաստորեն, կալանքը չի վնասում գործարար համբավին, իսկ որ ասեն, թե ինչ արարքի մեջ են մեղադրում, կվնասի։ Այս «տրամաբանությունը» մեր իրավապահ մարմիններից ամենաշատը հատուկ են հենց ՀՔԾ-ին ու դրա ղեկավար Սասուն Խաչատրյանին։ Այդուհանդերձ, երկար չեն կարող գաղտնի պահել մարդուն առաջադրված մեղադրանքը․ մեզ ասացին, որ մի քանի օր էլ կսպասեն, եւ կա՛մ ՀՔԾ-ն կխոսի ու պաշտոնապես կհայտարարի գործի մանրամասները, կա՛մ՝ ՄԱՊ-ի Ալիկի մերձավորներն ու պաշտպանը ու մանրամասն կներկայացնեն այն ապօրինությունները, որոնք, ըստ իրենց, կատարել է ՀՔԾ-ն՝ ձերբակալելով, ապա կալանավորելով Ալեքսան Պետրոսյանին։