«Երևան-2020»՝ մրցույթները տապալել են, բայց պարգևատրվել են

«Երևան-2020»՝ մրցույթները տապալել են, բայց պարգևատրվել են

2020 թվականին Երեւանը շատ փող է ունենալու ու անհամեմատ ավելի շատ էլ ծախսելու է։ Քաղաքի 2020 թվականի բյուջեն ավելի քան հավակնոտ է՝ մոտ 107 մլրդ եկամուտ` 19 թվականին հաստատված ու հավաքված մոտ 83 միլիարդի դիմաց, ինչը 38,4 մլրդ դրամով ավելի է, եւ 116 մլրդ դրամի ծախս, որը 2019 թվականի համար հաստատված բյուջեով նախատեսված ծախսերից մոտ 32 մլրդ դրամով ավելի է։

Դեֆիցիտը վերջին տարիների համար աննախադեպ թիվ է կազմում՝ 9,1 մլրդ դրամ։ 2015 թվականին այն եղել է ընդամենը 250 մլն դրամ, հաջորդ տարի՝ 2016-ին, կրճատվել է մինչեւ 150 մլն դրամ, 2017 թվականին մայրաքաղաքն ունեցել է եռակի պակաս դեֆիցիտ՝ 68 մլն դրամ, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 48 մլն։ Հեղափոխական 2018 թվականին ծախսերի ու եկամուտների տարբերությունը միանգամից թռել է մինչեւ 8,5 մլրդ դրամ, իսկ, ահա, 2020 թ․ ունենալու ենք 9,1 մլրդ դրամի պակասուրդ։ Այս թվաբանության մեջ խորանալով՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը որպես պատճառ նշում է այն, որ շատ աշխատանքներ 2019 թվականին ծրագրված են եղել եւ չեն կատարվել, մրցույթներ չեն հայտարարվել, քաղաքապետարանի չինովնիկները վատ են աշխատել։

Մնացորդում չարված գործերն են

Խոսքն ասֆալտապատման, մանկապարտեզների վերանորոգման, այգիների բարեկարգման, այլ գործերի մասին է, որոնց գծով կուտակվել են 7,8 մլրդ դրամի ազատ միջոցներ։ Այս ծախսերն իրականացվելու են 2020 թվականին։

Ինչո՞ւ գումարներ չեն ծախսվել։ Դավիթ Խաժակյանը պատասխանում է․ «Այդ հարցն ակտուալ էր 2019 թվականից, երբ պարզվեց, որ նախորդ տարվանից կա 7,2 մլրդ դրամի չափով ազատ մնացորդ։ Այն ժամանակ բացատրում էին նրանով, որ Տարոն Մարգարյանը գնացել է, եւ գնումներ պարզապես չարվեցին։ Այն ժամանակ Կամո Արեյանն էր ԺՊ-ն, որոշեց գլխացավանքի տակ չմտնի, նոր գնումներ ի՞նչ իմաստ ուներ հայտարարել, եթե քաղաքապետ չկար, եւ մի շարք կապիտալ ծախսեր չկատարվեցին, ու այդ ծախսն անցավ հաջորդ տարվան։ Անցյալ տարի բարձրացրին տուրքերը եւ նախորդ տարվա մնացորդը դրեցին 2019 թվականի վրա ու ասեցին, որ 10 մլրդ դրամով բյուջեն մեծացրել ենք։ Թեեւ պարզ էր, որ դա մանիպուլյացիա է ու իրականում դա նախորդ տարի չծախսված գումարն էր։ Մենք չմեղադրեցինք նրանց թերածախսի մեջ։ Այս տարի նույնն արվել է, բայց արդեն՝ նոր քաղաքապետի օրոք թույլ տված թերածախսի արդյունքում, սակայն այս տարվա թերածախսի գումարը, փաստորեն, նախորդ տարվանից էլ մեծ է»։

Ալարել են մրցույթներ հայտարարել

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ մրցույթները չեն կայացել, որովհետեւ դրանք պարզապես չեն հայտարարվել։ Ալարե՞լ են հայտարարել, ծուլանո՞ւմ էին, ի՞նչն էր պատճառը, որ մրցույթներ չհայտարարեցին, որովհետեւ վա՞տ էին աշխատում։

«Ավելի շատ՝ այո, որովհետեւ ամեն բլոկի մասով յուրաքանչյուր պատասխանատու պետք է իր մրցույթները հայտարարեր։ Բայց իրենք չեն հայտարարել»,- ասում է Խաժակյանը։ Նա պահանջել է ծախսային մասի կատարողականի բացվածքը՝ ավելի հստակ պատկերացնելու, թե ինչը չի արվել։
Այս չարված աշխատանքի, տապալված մրցույթների ու բարեկարգումների համար, այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատողները լիուլի պարգեւատրումներ են ստացել՝ եռամսյակային, անհատական։ Անցյալ տարի քաղաքապետարանի աշխատողների համար 1,9 մլրդ դրամի պարգեւատրումներ էին ծրագրվել՝ այն դեպքում, երբ նախորդ տարիների պարգեւատրման ֆոնդը չի գերազանել 700 մլն դրամը։  Տարեվերջին՝ Ամանորից առաջ, անշուշտ, մեծ պարգեւատրումներ կստանան։ Այս տարի պարգեւատրումները մնացել են նույն չափի՝ կրկին մոտ 1,9 մլրդ դրամի, ինչն աշխատավարձի ֆոնդի՝ մոտ 5,5 մլրդ դրամի 34,1 տոկոսն է։ Ստացվում է, որ քաղաքապետարանը պարգեւատրումներ է ծրագրում՝ անկախ կատարած աշխատանքի որակից ու ծավալից։

Դավիթ Խաժակյանը հիշեցնում է, որ անցյալ տարի պարգեւատրումները տվել էին կանաչապատման ֆոնդի նվազեցման հաշվին։ «Շատ դժվար է մեկ միլիարդ մի տեղից հանել, դնել այլ տեղ, դրա համար 2020 թվականին կրկնակի ծախս է նախատեսվել։ Պետք է հաշվի առնել, որ անցյալ տարի ընդհանրապես կանաչապատում չի իրականացվել, եւ այդ ֆոնին 2020-ին ծրագրած տարվա ծախսը շեշտակի է թվում»։

Կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման համար ծրագրով նախատեսվել է 3,6 մլրդ դրամ՝ 2019 թվականին ճշտված ցուցանիշից 2 մլրդ դրամով ավելի։  Ի դեպ, կանաչապատումը, որը մեր քաղաքի համար ամենաառաջնային խնդիրներից է, ծախսերի տողերում 6-րդ տասնյակում է։

Քաղաքը պետք է մի կողմ գցած փող ունենա

Երեւանի 2020 թվականի բյուջեում մի սենսացիոն թիվ էլ կա՝ «Հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքների համար նախատեսել են 355 մլն դրամ՝ 2019 թվականի ճշտված բյուջեից 325,000.0 հազ. դրամով ավելի»։ Սա այն գումարն է, որը պետք է ծախսվի առանց մրցույթ հայտարարելու, մեկ աղբյուրից, մեկ անձից գնում կատարելով, օպերատիվ կարիքներից, չկանխատեսված պահանջներից ելնելով, եւ այս տողն ահռելի կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Նախկինում այդ կարիքների համար ընդամենը 30 մլն է նախատեսվել։ Այժմ փողը բարձրանում է տասնապատիկ ու ավելի։  

Այդքան հրատապ ծա՞խս է լինում։ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը նույն հարցը բարձրացրել է քաղաքապետարանի աշխատակազմում։ «Երբ այդ հարցը տալիս ենք, ասում են՝ մենք անընդհատ ունենում ենք հրատապ ծախսերի խնդիր վարչական շրջաններում ու այդ հարցը չենք կարողանում լուծել։ Իսկ երբ պահանջում ենք, որ բացվածք ներկայացնեն, թե այդ ինչ նախադեպ ենք ունեցել, որ մեծ գումար է պետք եղել, եւ չենք կարողացել լուծել ու դրանից ելնելով բյուջեն այսքան մեծացրել եք, ինձ որեւէ մեկը որեւէ պատասխան չի տալիս։ Չեն պատասխանում նաեւ, թե ինչի վրա է ծախսվել անցյալ տարի պլանավորված 30 մլն դրամը։ Կարծում եմ՝ բյուջեում պարտավոր էին հակիրճ տեղեկանքի տեսքով ներկայացնել, թե ինչու է 30 մլն-ն դարձել 355 մլն դրամ։ Ասում են՝ դա ճիշտ բան ա, որ քաղաքը մի կողմ քցած փող ունենա»։