«Բուրմունք» ցանցի օծանելիքը կե՞ղծ է

«Բուրմունք» ցանցի օծանելիքը կե՞ղծ է

Երևանում հատուկենտ օծանելիքի բարձրակարգ խանութներ կան: Դրանցից մեկը «Բուրմունք» օծանելիքի խանութների ցանցն է` «Նուշիկյան ասոցիացիայի» համակարգում գործող, որտեղ տարիներ շարունակ վաճառվել են ամենաորակյալ օծանելիքները: Ես ինքս` որպես «Բուրմունքի» երկարամյա հաճախորդ, մինչեւ վերջերս կարող էի միայն դրականն ասել այս խանութ-սրահի մասին, սակայն վերջին ամիսներին «Բուրմունքում» որոշակի փոփոխություններ են եղել եւ, ցավոք սրտի` դեպի վատը: 

Թանկարժեք օծանելիքի խանութների այս ցանցում հայտնվել է կեղծ օծանելիք, որի բույրը էականորեն տարբերվում է որակյալ օծանելիքի բույրից: Երբ դիմեցինք «Բուրմունք» օծանելիքի խանութների ցանցի աշխատակցին` պահանջելով, որ բացատրեն, թե ինչու է կեղծ օծանելիք վաճառվում, սակայն որի գինը իրականին համարժեք է, մեզ ասացին` գուցե արտադրո՞ղն է օծանելիքի բաղադրության մեջ փոփոխություն կատարել և հենց դա է պատճառը, որ որակի մեջ փոփոխություն ենք նկատում:

Սակայն խոսքը ոչ թե մեկ օծանելիքի և մեկ բրենդի մասին է, այլ մի քանի: Հուլիս ամսին գնել էի Versace բրենդի օծանելիք, որի բույրը պահպանվում էր ընդամենը մեկ ժամ: Ամռանն ինձ օծանելիքի խանութից հավաստիացրին, որ պարֆյում տարբերակը գնելու փոխարեն գնել եմ հարդարաջուր` «տուալետնայա վոդա» տարբերակը և հենց դա է պատճառը, որ որակից դժգոհ եմ մնացել: Ի դեպ` սա նույնպես խանութի թերացումն է, երբ վաճառողն առանց գնորդին հարցնելու, «տուալետնայա վոդա» տարբերակն է վաճառում: Իսկ բոլորովին վերջերս, մոռանալով նախորդ պատմությունը, «Բուրմունքից» գնեցի հերթական օծանելիքը` այլ բրենդից: Այս անգամ օծանելիքի որակն այնքան վատն էր, որ պատկերացնելն անգամ դժվար կլիներ: Այն գետնանցումների տակ վաճառվող էժանագին օծանելիքներից առավել անորակ էր: Այս օծանելիքի բույրը պահպանվեց ընդամենը 15 րոպե:

«Բուրմունք» օծանելիքի խանութների ցանցից որևէ մեկնաբանություն չտվեցին այս առումով, պնդելով, որ ոչ գումարը կարող են վերադարձնել և ոչ էլ ապրանքը փոխանակել: