Անտեսված Կիլիկիան

Անտեսված Կիլիկիան

Բացեք Հայոց պատմության 10-րդ դասարանի դասագիրքն ու ուշադրություն դարձրեք Կիլիկիայի հայկական պետությանը վերաբերող հատվածին։
Ուսումնասիրության համար նախատեսված է երկու կամ երեք դաս, որտեղ իրադարձությունները խճճված են ու ընդհանրապես գործընթացների հաջորդականության տրամաբանություն գոյություն չունի։ Ըստ էության գործ ունենք իրար գլխի լցրած իրադարձությունների անհասկանալի կոնսպեկտի հետ։ Լևոնը եկավ, Թորոսը գնաց, Մլեհը եկավ, Ռուբենը գնաց և այսպես շարունակ։ Ամբողջությամբ բացակայում է ժամանակաշրջանի խճանկարը և պետության ստեղծման ու զարգացման դինամիկան։
Այսինքն, հեղինակն ամեն ինչ արել է, որ աշակերտը չսիրի պատմության այդ շրջափուլը, չհասկանա Կիլիկիայի հայկական պետության ստեղծման և կործանման պատճառներն ու շարժառիթները։
Ավելին՝ տպավորություն կա, թե Կիլիկիան ընդհանրապես երկրորդական նշանակություն ունի դասագրքում, իբրև թե՝ ինչ-որ կարճաժամկետ հայտնություն է, որը ժամանակի հետ հայտնվեց ու ժամանակի հետ էլ անհետացավ։
Այն դեպքում, երբ դա մեր պատմության թերևս ամենահարուստ, ամենահակասական և ֆենոմենալ շրջափուլերից մեկն է։ Ինչպե՞ս կարելի է 300 տարվա կյանք ունեցած, Արևելյան Միջերկրականի հզորագույն պետություններից մեկին երկրորդական պլան մղել։
Հույս ունեմ, որ նոր դասագրքերում Կիլիկիայի նկատմամբ վերաբերմունքն ու դասավանդման մեթոդաբանությունը կփոխվի։ Ավելացնեմ նաև, որ սովորել Կիլիկիայի հայկական պետության պատմությունը ամենևին էլ չի նշանակում սահմանափակվել զուտ քաղաքական պարզունակ շղթայով։ Ընդհակառակը՝ շեշտը պետք է դրվի նաև Կիլիկիայի շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այսինքն, երեխաները խնդիրը պետք է դիտարկեն տարածաշրջանային համատեքստում՝ խաչակրությունից մինչև մոնղոլներ, բյուզանդական գործոնից մինչև մամլուքներ։ Սրան էլ պետք է ավելացվի հասարակական մտքի առանձին ուսումնասիրության անհրաժեշտությունը, որտեղ առաջնային պլան է մղվում գործնական աշխատանքը։ Այսինքն աշակերտները պետք է ծանոթանան կիլիկեցի խոշոր հեղինակներին և սովորեն աշխատել բնագրերի հետ։ Օրինակ՝ հատվածներ կարդան Սմբատ սպարապետի Դատաստանագրքից, Ներսես Շնորհալու թղթերից և այսպես շարունակ։