Երեւի համեմատության կարգով լավագույնս ես կարող եմ այդ պատասխանատվությունը ստանձնել

Երեւի համեմատության կարգով լավագույնս ես կարող եմ այդ պատասխանատվությունը ստանձնել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դեռ պաշտոնից չազատված՝ արդեն հայտնի էր նրան փոխարինողի անունը՝ Մեսրոպ Առաքելյան։ Մի քանի ժամից հաստատվեց նրա հրամանը։ Առաքելյանն «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ է եւ ՄՈԳՈ վարկային վատահամբավ կազմակերպության տնօրենը։ ՄՈԳՈ-ի տրամադրած բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում, մենք բազմաթիվ հրապարակումներ ենք ունեցել այդ թեմայով։ Հիմա այս հակասոցիալական կազմակերպության տնօրենը նշանակվելու է սոցիալական հարցերի նախարար։

Մենք Առաքելյանի հետ զրուցել ենք նշանակումից րոպեներ անց։

- Դուք արդեն նշանակվել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Ո՞ւմ առաջարկությամբ։

- Վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության։

- Պատրա՞ստ եք այս բարդ իրավիճակում ստանձնել այդ պաշտոնը եւ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները։

- Հենց դա եմ առաջինը կարեւորել եւ ունեմ համոզմունք, որ մինչեւ սա էլ երկրում սոցիալական խնդիրները շատ-շատ էին, սակայն այս պահին ունենք առաջնահերթություններ, բազմաթիվ վիրավոր զինվորներ, զոհվածների ընտանիքներ, նաեւ Արցախի մեր հայրենակիցների զգալի մասը կացարանի խնդիր ունի, եւ առաջնահերթությունն ինձ համար՝ մաքսիմում այդ մարդկանց գործերը թեթեւացնել։

- Իսկ Զարուհի Բաթոյանին ինչո՞ւ չէր հաջողվում այդ հոգսերը թեթեւացնել, խնդիրները լուծել։

- Եկեք գնահատական չտամ, ամեն դեպքում՝ այս պահին որոշում է կայացվել, որ երեւի համեմատության կարգով լավագույնս ես կարող եմ այդ պատասխանատվությունը ստանձնել, եւ ես պատրաստ եմ դրան, գիտակցում եմ, որ այս իրավիճակում առավել եւս այդ պատասխանատվությունն ավելին է, քան երբեւէ եղել է։

- Դուք պատրա՞ստ եք նաեւ կրել այն պատասխանատվությունը, եթե հետագայում ինչ-որ բան չհաջողվի Ձեզ մոտ, քանզի խնդիրները շատ են, եւ կուժն ու կուլան հետո կարող է Ձեր վրա կոտրվել։

- Իհարկե, հենց այդ պատասխանատվությամբ էլ ստանձնում եմ այս պատասխանատվությունը՝ ավելի շատ, ոչ թե պաշտոնը։ Գիտակցում եմ ծանրությունը ու նաեւ՝ ոչ թե հանրության ակնկալիքներն ասեմ, այլ այն պատասխանատվությունը իշխանության, քանզի, անկախ ամեն ինչից, այս պահին կան հազարավոր ընտանիքներ, որոնք տեղի ունեցած ողբերգությանը զուգահեռ՝ ունեն նաեւ անձնական ողբերգություն՝ զոհեր, վիրավորներ, կացարանի խնդիր, եւ իմ առաջին նպատակը, որ հնարավորինս, իհարկե, այն, ինչ տեղի է ունեցել, համարում եմ ազգային ողբերգություն, հնարավորինս այդ ընտանեկան ողբերգությունները փորձել մեղմել։ Ընդ որում, խոսքը ոչ թե երկարաժամկետ հատվածի մասին է, այլ ես իմ առջեւ խնդիր եմ դրել, որ ամեն օր փոքր արդյունքի հասնենք։

- Իսկ ի՞նչ միջոցներով, բյուջեում այդքան գումար ունե՞նք, թե՞ համահայկական հիմնադրամի, բարերարների։

- Այս պահին հաշվարկներ, իհարկե, չունեմ, թեպետ՝ ընդհանուր տիրապետում եմ, բայց, այո, իհարկե, տնտեսության վիճակը վատ է, եւ, անկեղծ ասած, ակնկալիքներ չունեմ, որ կարճաժամկետ հատվածում մենք ունենալու ենք տնտեսական մեծ ձեռքբերումներ։ Բյուջե, համահայկական հիմնադրամ, եւ կփորձեմ հասկանալ, թե ինչքանով է հնարավոր նաեւ այլ միջոցներ ներգրավել, որը թույլ է տալիս օրենսդրությունը, այլ բարերարներ, եւ ընդհանուր, եթե ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք առանձին բարերարների միջոցով հնարավոր է լուծել, չեմ բացառում նաեւ այդ տարբերակը դիտարկել։

- Դուք շարունակելո՞ւ եք ղեկավարել ՄՈԳՈ վարկային կազմակերպությունը։

- Չէ, դուրս եմ գալիս, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս, մինչ այդ ես հասարակական հիմունքներով էի։

- Ի դեպ, Ձեզ ու ՄՈԳՈ-ին քննադատում էին, որ շատ քաղաքացիներ ուղղակի հարստահարվել են այդ վարկային կազմակերպության տրամադրած վարկերի պատճառով։

- Ես այդտեղ աշխատել եմ տնօրեն այնպես, ինչպես աշխատել եմ դրանից առաջ, օրինակ, «Արդշինինվեստբանկում» կամ «ՎՏԲ-Հայաստան» բանկում։ Ես սեփականատեր չեմ եւ աշխատել եմ այնպես, ինչպես շարունակել եմ՝ 15 տարուց ավելի բանկային կարիերան։

- Բայց փաստացի ղեկավարել եք մի կառույց, որի արդյունքում, ըստ էության, ավելացել է Ձեր՝ որպես արդեն նախարարի, շահառուների թիվը։

- Չէ, դե հիմա տենց եթե ասենք․․․ Մաքսիմում նաեւ ընկերությունում, որտեղ աշխատել եմ, հաշվի ենք առել սոցիալական պատասխանատվությունը, բազմաթիվ քաղաքացիների վարկեր ներվել են, գրաֆիկներ են տրվել, փորձել ենք նաեւ անհատական լուծումներ տալ։ Չեմ բացառում, որ, իհարկե, դժգոհողներ եղել են։

- Բայց անտրամաբանական բարձր տոկոսադրույքներով վարկային պայմաններ են եղել՝ ընդհուպ 50-60 տոկոս։

- Այո, եղել են բարձր, սակայն հիմա շուկայում նման տոկոսներ շատ կան, բայց եղել են մարդիկ, որ, հիմա թիվ չասեմ, բայց զգալի մասը դժգոհ չի եղել, որովհետեւ այդ մասին նաեւ ավելի ծանր, բարձր տոկոսներով իրենց բեռը փոխարինել են ավելի երկարաժամկետ լուծումներով, հետեւաբար, նորից եմ ասում, անհատական, իհարկե, հնարավոր է, որ 100, 200 հոգի դժգոհ լինեն, չեմ բացառում։ Փորձել ենք առավելագույնս նաեւ էնպես անել, որ մարդիկ գիտակցեն, որ վարկ են վերցնում։

- Ի՞նչ եք կարծում, մի մարդ, ով ղեկավարել է վարկային կազմակերպություն, որը սոցիալական խնդիրներ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների համար, կարո՞ղ է որպես սոցիալական հարցերի նախարար աշխատել՝ սոցիալական խնդիրներ լուծել։

- Առաջին ձեւակերպման հետ թույլ տվեք չհամաձայնել, որ այդ վարկերի պատճառով մարդիկ սոցիալական խնդիրների մեջ են հայտնվել, որովհետեւ, էլի եմ ասում, իհարկե, անհատապես մարդիկ տարբեր իրավիճակների արդյունքում կարող է վարկի պատճառով իրենց բարեկեցությունը վատանալ եւ լավանալ։ Հիմա այդ մասը դնենք մի կողմ։ Ես պատրա՞ստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը, թե՞ ոչ․ այո, պատրաստ եմ ստանձնել։ Լիարժեք գիտակցում եմ, թե ինչ խնդիրներ կան, անկախ նրանից, թե նախկինում որտեղ ինչ աշխատանքով եմ զբաղվել։

- Իսկ կադրային փոփոխություններ անելո՞ւ եք, տեղակալներ, վարչության պետեր։

- Որեւիցե մեկի հետ աշխատելու բարդույթ չունեմ, որեւիցե էդպիսի խնդիր չեմ տեսնում, իմ համար կարեւորը նպատակն է։ Այն նպատակները, որոնք ես տեսնում եմ, որ պետք է կարգավորենք, դրա շրջանակներում այն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն հնարավորինս արագ եւ արդյունավետ ծառայել այդ խնդիրների լուծմանը, իհարկե, կշարունակեն պաշտոնավարել։ Առավել եւս, որ մեծ մասին չեմ ճանաչում։

- Կառավարության մեծ մասը հիմա, փաստորեն, փոխվում է։ Ստացվում է, որ բոլորը մեղավոր էին այս պարտության մեջ, բացի վարչապետի՞ց։ Մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց պաշտոնից ազատվում են նախարարները։

- Վարչապետն ինքն էլ իր ելույթներում ֆիքսել է, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն համարվում է ինքը։

- Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական չի տալիս, եթե թիվ մեկ պատասխանատուն ինքն է։

- Տեսեք, խնդիրը ոչ թե մեղավորներ փնտրելն է, որովհետեւ, նորից եմ կրկնում, տեղի ունեցածը՝ անկախ անձերից, ես համարում եմ պատմական, պետական եւ ազգային ողբերգություն։ Խնդիրը ոչ թե ինչ-որ մեղավորներ փնտրելն է, խնդիրն այն է, որ մենք այսօր հայտնվել ենք բոլորովին նոր իրավիճակում, եւ այս նոր իրավիճակում պետության եւ հասարակության համար կան նոր մարտահրավերներ։ Այդ մարտահրավերների մեջ բավականին մեծ բեռ են կազմելու սոցիալական խնդիրները, որոնք երկու-երեք ամիս առաջ այլ կառուցվածք ունեին։ Հետեւաբար, այդ նոր մարտահրավերները լուծելու համար իշխանությունը գտել է, որ այլ մարդիկ պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը։ Այսինքն՝ ես դա այդ տեսանկյունից եմ դիտարկում, ոչ թե, որ ինչ-որ մի նախարար մեղավոր է եղել տեղի ունեցածում։