Ուշացած որոշում

Ուշացած որոշում

Մենք ամենուրեք ուշանում ենք։ Ուշ ենք գլխի ընկնում, որ սխալ ընտրություն ենք կատարել, ուշ ենք հասկանում, որ պատերազմում պարտվում ենք, ուշ ենք հասկանում, որ մեզ խաբել են։ Ուշ ենք կողմնորոշվում, թե որն է ազգայինը, որը՝ ապազգայինը, ով է պետականամետ, ով՝ պետականաքանդ եւ այլն։

Շատ դեպքերում այդ ուշացումը լինում է ճակատագրական, եւ մենք կռվից հետո սկսում ենք բռունցքներ ճոճել ու անիծել մեր բախտը։ Իսկ ամենացավալին այն է, որ մեր շուրջը միշտ կան մարդիկ, որոնք մեզ զգուշացնում են, ահազանգում են, բայց մեր մեծամտությունը,ինքնասիրահարվածությունը, տգիտությունն ու հիմարությունը թույլ չեն տալիս ժամանակին լսել ու կեսճանապարհից սխալներն ուղղել։

Երեկ նման մի ուշացած որոշում էլ Սահմանադրական դատարանը կայացրեց՝ կասեցնելով մամուլի եւ ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները, որը կիրառել էր իշխանությունը պատերազմի առաջին իսկ օրվանից։ Խոսքը ռազմական դրության որոշման այն դրույթների մասին է, որոնց պատճառով մենք շուրջ 45 օր ստիպված էինք կեսճշմարտություն փոխանցել ընթերցողին՝ նրան թողնելով Արծրուն Հովհաննիսյանի վտանգավոր ու վնասակար ստերի հույսին։ Մինչդեռ այդ որոշման առաջին իսկ օրվանից մենք բողոքում-բղավում էինք, որ չի կարելի իրականությունը թաքցնել հասարակությունից, դա հղի է բազում վտանգներով։ Մեր ձայնը միայն մարդու իրավունքների պաշտպանը լսեց, այն էլ՝ բավականին ուշացումով, եւ դիմեց ՍԴ։ ՍԴ-ն էլ իր հերթին ձգեց որոշումը եւ միայն երեկ կասեցրեց այդ դրույթների գործողությունը։

Ընդ որում՝ սա հիմնական որոշումը չէ, այն ավելի ուշ կլինի, երբ այլեւս ոչ մեկին պետք չէ։ Մեզ՝ բոլորիս, մի փոքր խիզախություն եւ աչալրջություն է պակասում, որ չվախենանք մեզ վրա պատասխանատվություն վերցնելուց։