Ես հիմա այդ հարցին չեմ ուզում պատասխանել․ Լոռու մարզպետ

Ես հիմա այդ հարցին չեմ ուզում պատասխանել․ Լոռու մարզպետ

«Հրապարակը» կառավարության այսօրվա նիստից հետո մի քանի հարց ուղղեց Լոռու մարզպետ Արամ խաչատրյանին։

- Պարոն Խաչատրյան, Ձեր հայրենի Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, համայնքը չի ղեկավարում այն անձը, ում վանաձորցիներն են ընտրել, այլ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Մտահոգություններ չունե՞ք այս առումով։

- Վանաձորցիները կոնկրետ քաղաքապետ չեն ընտրել այն հիմնավորմամբ, որ որևիցե քաղաքական ուժ 50+1 տոկոս չի հավաքել, հետևաբար որևիցե ուժի վանաձորցիների մեծամասնությունը չի քվեարկել։ Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարին, ապա ինչպես գիտեք, դատական գործընթաց է ընթանում, այսինքն՝ հարցը գտնվում է իրավական դաշտում, և սպասենք այդ գործընթացի ավարտին։

- Բայց այնուամենայնիվ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ամենամեծ թվով ձայներն էր հավաքել։

- Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հավաքել էր 37 տոկոս, իսկ դա մեծամասնություն չէ, և արդեն ինչպես ասացի, դատական գործընթաց է ընթանում և օրենքով սահմանված կարգով վարչապետը նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար, և երբ որ կավարտվի դատական գործընթացը, հնարավորություն կստեղծվի ավագանու համար ընտրել քաղաքապետ, և կունենանք քաղաքապետ։

- Դուք և Մամիկոն Ասլանյանը նույն քաղաքից եք։ Կուզեի՞ք ինքը հիմա ազատության մեջ լիներ։

- Գիտեք ինչ՝ քանի որ կա անմեղության կանխավարկած, այսինքն՝ դատավճիռ չի կայացվել, և ով որ մեղավոր չէ, ես չեմ ուզենա, որ որևիցե մեկը լինի անազության մեջ, բայց ինձնից սկսած և գիտեք, որ ՀՀ-ում օրենքը հավասար է բոլորի համար։ Եթե ինչ-որ մեկը պաշտոնեական դիրքի չարաշահում կամ ինչ-որ հանցագործություն է արել, ապա պիտի պատասխանատվության ենթարկվի, և դա բոլորին ա վերաբերում, այլ ոչ միայն Մամիկոն Ասլանյանին։

- «Հայաքվե» նախաձեռնության ընթացքին հետևո՞ւմ եք, տեղյա՞կ եք, թե Ձեր մարզում քանի հոգի է ստորագրել Արցախը հանձնելը քրեականացնող օրնիագծի համար։

- Այո, հետևում։ Այս պահի դրությամբ եթե չեմ սխալվում, 2800 հոգի ստորագրել է։ Մոտավոր թիվն է։

- Այսինքն՝ Ձեզ զեկուցո՞ւմ են , թե քանի հոգի է ստորագրել։

- Այո, ես տեղյակ եմ։

- Դուք կո՞ղմ եք, որ Արցախի հանձնումը քրեականացվի։

- Ես հիմա այդ հարցին չեմ ուզում պատասխանել, գործընթաց է, ըստ ընթացակարգի Ազգային ժողովը հարցը կդնի քննարկման, և ԱԺ-ն թող որոշի։