Ազգը պետք է ուղղի իր սխալը, որովհետեւ թույլ տվեց` ժողովուրդը գա իշխանության եւ քանդի հայրենիքը

Ազգը պետք է ուղղի իր սխալը, որովհետեւ թույլ տվեց` ժողովուրդը գա իշխանության եւ քանդի հայրենիքը

Գրեթե 8 ամիս շրջափակված Արցախում ժամ առ ժամ հումանիտար ճգնաժամը խորանում է, ավելին` օրեր առաջ էլ Ադրբեջանը բռնի ուժով Կարմիր խաչի ներկայացուցչի ձեռքից առեւանգեց 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին, ում տեղափոխում էին Հայաստան սիրտը վիրահատելու: Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ` Տեր Ահարոն քահանա Մելքումյանից հետաքրքրվեցինք` ո՞րն է ելքը այս իրավիճակում, երբ թե խաղաղապահ ուժերի, թե մարդասիրական կառույցների հետ Ադրբեջանը հաշվի չի նստում եւ օր- օրի ավելի է սեղմում օղակը Արցախի ու Հայաստանի շուրջ.

«Մեր պապերն ասել են` աղոթիր Աստծուն, բայց բահը ձեռքիցդ մի գցիր, այսինքն աղոթելու հետ միասին պետք է աշխատել: 2 օր առաջ խոսում էի Կապանից մեկի հետ, ասեց` գիտես այստեղ Կարմիր խաչի տնօրենը թուրք է, իսկ Գորիսինը` քուրդ, մուսուլման, հիմա ի՞նչ երաշխիք ու վստահություն ունես այդ կառույցի հանդեպ, որը գուցե տվյալներ է փոխանցում հարեւան երկրին...վերջերս լուրեր տարածվեցին, որ այդ նույն եվրոպական դիտորդները եկել են Սիսիանի գյուղեր ու տվյալներ են հավաքում, թե որտեղ ինչքան թուրք է մնացել եւ որտեղ են նրանք ապրել, բայց դուք լսե՞լ եք, որ որեւէ եվրոպական դիտորդ գնա Ադրբեջան ու հարցնի, թե որտե՞ղ են հայերը ապրել...: Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ հայրացուն թմրամոլ է, անառակ, ոչ մի սրբություն չունի, պարզ է չէ՞, որ այս ընտանիքը դառնում է խոցելի, որովհետեւ այդ ընտանիքի գլխին ինչ ասես կջարդեն, հիմա այս պատկերը փոխադրենք մեր իրականություն, որտեղ եթե «ընտանիքի հայրացուն» գործում է իր ընտանիքի դեմ, ուրեմն այդ ընտանիքը դեպի գահավիժում է գնում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն սթափվել ու այդ «հայրացուին» չեն ուղարկել նրանց մոտ, ում ինքը ծառայում է...: Մի առիթով արդեն ասել եմ` պատերազմից առաջ, երբ Արցախում նախագահական ընտրություններ պետք է լինեին, իմ ընտանիքով ուխտի էի գնացել Տաթեւ, այնտեղ Արցախից 3 ավտոբուս հավատացյալներ էին եկել, խոսեցինք, իմ կարծիքը հարցրեցին, ես էլ ասեցի` գնացեք ընտրեք Վիտալի Բալասանյանին, մնացածից ում էլ ընտրեք Արցախը կորցնելու եք, ինձ չլսեցին, հակառակվեցին:Պատերազմից հետո արդեն իրենք եկան ինձ մոտ ուխտի, Պատարագի մասնակցեցին, միասին աղոթեցինք, ասեցին` ի՞նչ իմանայինք, որ այսպես էր լինելու...քահանան Աստծո բերանն է, որ ասում է` օդից չի ասում, ուրեմն մի բան գիտի, որ այդ զանգը հնչեցնում է...հետաքրքիր բան է` մարդը միշտ ընտրում է իր դահիճին, դրա համար են ասում` ամբոխի մաս մի կազմիր, որովհետեւ ամբոխը միշտ ընտրում է Բարաբային: Այդ ընտրությունները հենց դրա համար էր, որ ամբոխը գնար Բարաբային ընտրեր»:

Այս իրավիճակում ո՞րն է իր խորհուրդը թե արցախահայությանը, թե հայաստանցիներին, մարդիկ ո՞ւմ ընտրեն, որ նորից չսխալվեն. «Ես շատ եմ ասում, որ ազգը դա ժողովուրդը չէ, ազգը միշտ քիչ է լինում, իսկ ժողովուրդը ընտրեց երիտթուրքերին, ասում էինք, որ սա ավելի վատն է լինելու, քան նախորդները, բայց ո՞վ էր լսում այն ժամանակ, ու եղավ ցեղասպանություն...ես 65 հուղարկավորություն եմ արել Գորիսում, որից միայն 6-7 հոգին էր, որ բարձրագույն կրթություն չուներ, մնացածը օլիմպիադաները հաղթած, խելացի հայորդիներ, այսինքն ճիշտ նույն ցեղասպանությունը եղավ, ինչ թուրքն էր արել 1915թ-ին` կրթվածներին տարան գլխատեցին..., բայց այդ նույն ժողովուրդը նաեւ ասում է` որտեղ հաց, այնտեղ կաց, 5 հազար դրամը վերցնում ու գնում իր դահիճին ձայն է տալիս, այսինքն նա հայրենիքի հանդեպ զգացմունք չունի, դրա համար եմ ասում` ազգը քիչ է լինում եւ ազգը պետք է զարթնի, ես անընդհատ հնչեցնում եմ այդ զանգը: Մեզ պետք է ապաշխարհել, որովհետեւ երբ մենք ապաշխարհության միջով ենք անցնում` տեսնում ենք մեր սխալները եւ փորձում ենք այս սխալները ուղղել: Հիմա ազգը պետք է ուղղի իր սխալը, որովհետեւ թույլ տվեց` ժողովուրդը գա իշխանության եւ քանդի հայրենիքը, իսկ ժողովուրդը հայրենիք չունի»,-ասում է Տեր Ահարոնն, ով ապաշխարհության ու պայքարի կոչ է անում մեր ազգին:

«Կուսակցությունների վրա հույս դնելու չի..., կուսակցություններից մարդ դուրս չի գալու, 50 հազար մարդ դուրս եկավ փողոց` ի՞նչ արեցին` ուղարկեցին տուն, բայց կարող էին այդ հզոր էներգիան ուղղորդել ու մի բան փոխել: Չկա ընդդիմություն, բոլորն էլ նույն դեւին են ծառայում, նրա տարբեր գլուխներն են, եթե լիներ` խորհրդարանում էլ կերեւար, կտեսնեինք, որ հասարակությանն ուզում են համախմբել, եւ ոչ թե ճառ են ասում, թե զանգը ով կախի: Աստվածաշնչում ասում է` թագավորն ու ժողովուրդը մեղք գործեցին եւ Աստված չորս կողմից թշնամիներ բերեց, կեղեքեց, գերության մատնեց, սրի քաշեց, եւ Իսրայելի ժողովուրդը ապաշխարհեց, մի հզոր թագավոր հանեց, որից հետո ազատագրեցին իրենց հողերը: Հիմա սա նաեւ մեզ է վերաբերում, բայց մեզ չեն թողնում ապաշխարհենք, մարդկանց հայացքն ուրիշ տեղ են ուղղում, միտքը անընդհատ ցրում են, որ ինքը չհասցնի մտածել, տեսնել, որ իր քույրերն ու եղբայրներն Արցախում սովամահ են լինում: Ու դրա համար թմրամոլ ռեփերի են հրավիրում, որն իր հոլովակներից մեկում խաչը սղոցով կտրում է ու ոտքով հարվածում է գցում: Աստված Աբրահամին հավաստիացնում է` եթե տասը արդար լինի, Ես այդ քաղաքը չեմ կործանի, իսկ մի ասացվածք էլ ասում է` ձուկը գլխից է հոտում, իսկ ես ասում եմ` ձուկը պոչից են մաքրում, պոչից որ սկսենք մաքրվել, գլուխը կկտրեն»:

Տեր Ահարոնը կոչով է դիմում նաեւ ոստիկաններին. «Ես ոստիկաններին եմ ուզում դիմել` հարգարժան ոստիկաններ, մեղքը հետեւանք է ծնում, դուք այսօր, մեղքին պահելով, ձեր երեխաներին, թոռներին նզովքի տակ եք դնում, որովհետեւ այդ մեղքը արյուն է հեղելու ու չկասկածեք, որ այդ արյունը ձեզ էլ է հասնելու: Աստծուն աղոթենք ու մեր բարոյական վիճակը շտկենք, որովհետեւ Աստծուն բարկացնելով մարդը չի կարող հասնել որեւէ տեղ, մենք մեր բարոյական վիճակը, մեր ներքին մարդուն պետք է փոխենք,-ասում է Տեր Հայրն ու նկատում, որ այսքանով հանդերձ անհույս վիճակ չունենք,- Իհարկե, մեր հույսն առաջին հերթին Տեր Աստվածն է... եւ այսպես թե այնպես, սա ճանապարհը տալու է, ես նաեւ ասել եմ, թե ինչ է լինելու իր հետ, մեծ պատերազմով ամեն ինչ կուղղվի, բայց այդ ընթացքում հուսամ` նոր դավադրություն չի լինի Հայաստանի հանդեպ, չեմ կարող շատ չակերտներ բացել..., այսպես ասեմ` ճորտն արդեն տիրոջը խոստացել է, բայց մենք ավելի վատ վիճակների մեջ ենք եղել ու դուրս ենք եկել, այս վիճակից էլ դուրս կգանք: Պետք չի անհուսության մատնվել, Հիսուսն ասում է` արթուն կացեք, դրա համար պետք է արթուն մնանք, որովհետեւ այդ արթնության մեջ է` ձգտումը, պայքարը, հաղթանակը, ու ես մեր ազգին արթնության կոչ եմ անում, նաեւ` երբեք չհուսալքվել, որովհետեւ հույսն Աստված է եւ Աստված է հույսը դրել մարդու մեջ, այդ հույսի ու հավատի մեջ ենք մենք դարեր շարունակ ապրել ու եկել հասել մեր օրեր: Աստված օրհնի մեր ազգին ու կօրհնի, որովհետեւ շատ է սիրում մեզ` Էջմիածինը դրան վկա:

Տեր Ահարոնը հորդորում է` չվախենալ, այդպես է գրված Աստվածաշնչում. «Անհայրենիք դավաճանախունտան, որ թրքաճորտերի հավաքածու է, անընդհատ վախեցնում է ազգին պատերազմով, որպեսզի մեր Հայրենիքը կտոր-կտոր էլի տան իրենց տիրոջը՝ թուրքին: Աստվածաշնչում 365 անգամ գրված է՝ Մի՛ վախեցիր, 365 անգամ էլ գրված է՝ Ես քեզ հետ եմ: Մի առակ հիշեցի, որ ճիշտ բնորոշում է մեր այսօրը. «Վախը կանչում է իր ստրուկներին եւ հրամայում է այնպես անել, որ ամբողջ աշխարհը իրեն հպատակվի: Ստրուկները սուրում են աշխարհի չորս կողմերը՝ հրամանը կատարելու: Շատ չանցած նրանք վերադառնում են եւ զեկուցում, որ ամբողջ աշխարհը՝ իր պետություններով ու տիրակալներով, ազատներով ու ծառաներով, մեծերով ու փոքրերով, առողջներով ու հիվանդներով, իր փիլիսոփայությամբ ու գաղափարներով ամբողջությամբ վախի տիրապետության տակ են: Բացառությամբ, սակայն, մի աննշան բանի, որն այնքան խոնարհ ու աննկատ է, որ չարժի նրան հաշվի առնել: Վախի սիրտը կասկած է ընկնում, եւ նա պահանջում է ասել, թե այդ ինչ չնչին բան է, որ նրանք անտեսել են: Ստրուկները պատասխանում են՝ ՀԱՎԱՏԸ: Վախը այնքան բարձր է գոռում իր ստրուկների վրա, որ ինքն էլ է սարսափում իր ձայնից: Այդքանով էլ սահմանափակվում է նրա տիրապետությունը աշխարհի վրա: Ա՛զգ իմ հայոց, հաստատվիր Ճշմարտության վրա, Ով հորդորում է. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛»: Մարկ. 5; 36 »: