Ընդհանուր նպատակը առաջիկա մի քանի տարում հանքարդյունաբերության ոլորտում գործող լավագույն չափանիշներին համապատասխանելն է

Ընդհանուր նպատակը առաջիկա մի քանի տարում հանքարդյունաբերության ոլորտում գործող լավագույն չափանիշներին համապատասխանելն է

BDO Armenia («ԲիԴիՕ Արմենիա») ընկերությունը մարտի 22-ին անցկացրեց «Բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական սկզբունքներ․ բիզնեսի համար հնարավորությունների բացահայտում» խորագրով մեկօրյա տարածաշրջանային կոնֆերանս։ Կոնֆերանսին մասնակցում էին հատուկ հյուրեր արտասահմանից, հայաստանյան տարբեր բիզնես ոլորտների ներկայացուցիչներ, խորհրդատվական ընկերությունների մասնագետներ։ Կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին կայուն զարգացման հեռանկարները և  թե ինչու պետք է բիզնեսը հետևի բնապահպանական, սոցիալական կառավարչական   (ԲՍԿ) չափանիշներին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զրագացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը խոսելով կայուն զարգացման տեսանկյունից, նշեց, որ իրենց աշխատանքը սկսել են գույքագրումից:
«Հասկանալու համար, թե որտեղից սկսենք մեր աշխատանքը, պետք էր գույքագրել՝ առվազն նոր ղեկավարության համար։Եվ այդ ընթացքում շատ կարևոր դեր է կատարում այդ stakeholder engagement-ը, որովհետև խնդիրները շատ են և իրենց ծավալով և տարբեր տեսակի խնդիրներով։ Պետք է լսել, թե ինչ են մեզանից ակնկալում շահագրգիռ կողմերը և միգուցե հենց դրանցից սկսել առաջնահերթությունները տալ։ Իհարկե օրենսդրական կողմը դա մեկ այլ խնդիր է, դա չի քննարկվում և հենց առաջին օրը սկսեցինք դրան անդրադառնալ և լսեցինք մեր հարգարժան քաջարանցիներին, մասնավորապես, որոնք շարունակաբար բողոքում էին փոշու ազդեցությունից։ Եվ հենց առաջինն այդտեղից սկսեցինք, ձեռք բերեցինք մի քանի թնադանոթներ, փորձարկեցինք այս տարի։ Արդեն հետադարձ կապը հավաքել ենք շահագրգիռ կողմերից, շատ դրական է հետադարձ կապը, որի վրա արդեն պիտի կառուցենք ապագան։ Այսինքն, ընդամենը երկու տարվա ձեռք բերված փորձը արդեն զարգացնում ենք»,-ասաց Ստեփանյանը։
Սա այն բացառիկ փորձերից է, որը ԶՊՄԿ-ի պես ընկերություններում կարող ես ձեռք բերել՝ նշում է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրենը։ ՍՏեփանյանը շեշտում է, որ ամենամեծ մարտահրավերը տեղանքի աշխարհագրությունն է, որը մեծ սահմանափակումներ է մտցնում իրենց որոշումներ կայացնելու պրոցեսում։ 

Կայուն զարգացումը հիմնված է երեք հիմնական բաղադրիչների վրա՝ բնապահպանական պատասխանատվություն, սոցիալական՝ ձեր աշխատակիցներն են, աշխատանքի անվտանգությունը, որը հանքարդյունաբերության մեջ կարևորագույն դերերից մեկն է, համայնքները և կառավարչությունը։ 
Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հաղորդակցությունների գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը կարևորեց այս արագ փոփոխվող ժամանակաշրջանում արագ արձագանքելու կարևորությունը։

«Հայաստանում է գտնվում մեր ընկերության երեք գիտահետազոտական կենտրոններից մեկը: Դրանցից մեկը Շվեյցարիայում է, մյուսը Սինգապուրում և երրորդը Հայաստանում։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք, թե ինչքան կարևոր է, որ հավասարություն ենք դրել, կարելի է ասել, այս երկրների միջև»,-ասաց Ֆիլիպ Մորրիս Արմենիայի ներկայացուցիչը։

Տնտեսական կայունության տեսնակյունից դա խթան է հանդիսանում միջազգային, վերազգային կազմակերպությունների համար՝ ներդրումներ կատարել Հայաստանում, որովհետև եթե կան կանաչ ընկերություններ, կան վարկանիշ ունեցող ընկերություններ, որոնք գործում են միջազգային այլ շուկաներում և Հայաստանում կարողանում են գործունեություն ծավալել՝ դա խոսում է երկրի կայունության մասին՝ տնտեսական, կրթական և շատ այլ ոլորտներում` հավելեց Ֆիլիպ Մորրիսի ներկայացուցիչը։

Գարիզետա Չախոյանը շեշտեց, որ սա շատ լուրջ խթան է հանդիսանում այլ երկրներին Հայաստանում հիմնվելու, ներդրումներ կատարելու համար։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կայուն զարգացումն առաջին հերթին հաշվետվողականությունն է՝ գնահատել խնդիրները, բացահայտել բացերը, դնել թիրախներ և կազմել ծրագիր դրանց հասնելու համար, ինչ էլ արել են իրենց կայուն զարգացման զեկույցում։

Նա նկատում է, որ կայուն զարգացումը չի ենթադրում միայն բնապահպանական ասպեկտը․ օրինակ, կարևոր է, թե ինչպե՞ս ես վերաբերվում քո աշխատակիցներին․ արդյոք նրանք ունեն ապահովագրություն, արդյոք նրանք ունեն համապատասխան աշխատանքային պայմաններ, արդյոք դու ունես քաղաքականություններ, որոնք խրախուսում են աշխատակազմում հավասարությունը, աճի հնարավորությունը և այլն։ 

«Դա անշուշտ ներառում է նաեւ բնապահպանական խնդիրները, կարբոնային հետքը, արտանետումները, աղբի վերամշակումը, ջրի կառավարումը, հազար ու մի այլ հարց։ Սոցիալական, կառավարչական ասպեկտը՝ ինչպես ես որպես ընկրություն իրականացնում որոշումների կայացումը, ինչ համակարգերով, ինչպես են այդ որոշումների կայացումը ընդհանուր առմամբ համապատասխանում քո ընկերության ստրատեգիային և կայուն զարգացման ստրատեգիային. Այսինքն՝ բնապահպանական հետքի, սոցիալական խնդիրների կառավարմանը։ Շատ հաճախ մենք մտածում ենք, որ կայունությունը դա կանաչ լինելն է, իրականում դա միայն կանաչ լինելը չէ։ Ընդհանրապես, շատ դժվար է ասել ինչ է նշանակում կանաչ, որովհետև այսօր կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք ավելի շատ են համապատասխանում այդ բոլոր ստանդարտներին, իրենց գործունեության ընթացքում ավելի լավ են հետևում այդ բոլոր չափանիշներին, քան օրինակ գյուղատնտեսության ոլորտում գործող ընկերությունները։ Եվ այդ առումով շատ կարևոր է հասկանալ այդ տարբերությունը, որ այսօր աշխարհը պարտադրում է գործունեության բոլոր ուղղություններով ստանդարտներին համապատասխանեցում»,-ասաց վերջինս։

Սաղաբալյանը շեշտում է, որ միջազգային շուկաներն իրենց կանոներն են թելադրում և դրանք ժամանակի ընթացքում ոչ թե հեշտանալու են, այլ բարդանալու, հետևաբար պետք է դրան պատրաստ լինել։ Ընկերությունը հինգ տարվա ծրագրով նպատակներ ու խնդիրներ է դրել իր առաջ, որոնք պատրաստվում է իրականացնել․ «Ընդհանուր նպատակը առաջիկա մի քանի տարում հանքարդյունաբերության ոլորոտում գործող լավագույն չափանիշների բոլոր ուղղություններին համապատասխանելն է։ Խոսքը Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Հանքերի եւ մետաղների միջազգային խորհրդի, այլ չափանիշների համապատասխանությունն է, որոնք հստակ սահմանում են, բնապահպանական, սոցիալական, կառավարչական բոլոր ուղղություններով, թե ինչ պետք է անի ընկերությունը՝ լիարժեք համապատասխանելիություն ապահովելու համար»: