Աբովյանի կույուղաջրերը լցվում են բաց դաշտ. ահազանգում են աբովյանցիները

Աբովյանի կույուղաջրերը լցվում են բաց դաշտ. ահազանգում են աբովյանցիները

Հայաստանում կոյուղաջրերի մաքրման հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Հատկապես մարզերում չկան մաքրման կայաններ, կեղտաջրերը թափվում են գետերի, լճերի ու ջրամբարների մեջ:

Ըստ վիճակագրական տվյալների բաց թողնված կեղտաջրերի ծավալով  Կոտայքի մարզում  ամենաբարձր ցուցանիշ է կազմում: 
Աբովյան քաղաքի  կոյուղաջրերը   թափվում են բաց դաշտ, ապահովվելով համաճարակների առկայությունը։  Դաշտի հարակից տարածքների բնակիչները, իրենց այգիները, հողամասերը մշակում են այդ ջրով։    

Բացի այս, Գետամեջ համայնքի բնակիչները կեղտաջրերով արհեստական լճեր են կառուցել և ձկներ են բազմացնում, իսկ գարշահոտությունն ուղղակի անտանելի է: Այս  մասին  բարձրաձայնում է Աբովյան քաղաքի բնակիչ Արմեն Հովհաննիսյանը:  «Կոյուղաջրերը, որոշակի ճանապարհահատված անցնելուց հետո միախառնվում են Գետամեջ համայնքի գետակին, որտեղ բնակիչները արհեստական լճեր են կառուցել և կոյուղաջրով ձկներ են բազմացնում։  Ավելացնենք՝  կոյուղաջրերը,  համապատասխան խողովկաներով, պետք է հասցվեին դրանց համար նախատեսված ջրամբար, որտեղից այն պետք է մաքրվեր, զտվեր և ֆիլտրացումից հետո բաց թողնվեր բնություն։ Ցավո՛ք, այսօր ջրամբարը չի գործում, ավելին, այն արհեստականորեն լցվում և փակվում է»: 

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց:    Խնդրի հետ կապված  զրուցեցինք  Կոտայքի մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ`  Մհեր Եղիազարյանի հետ.«Ես  ծանոթ եմ խնդրին: Ծրագիր կա, Աբովյան քաղաքում պետք է փոխվեն կոյուղատար խողովակները. «Կոյուղջրերի Խողովակները կոտրել է ժողովուրդը, եւ այդ ջրով իրենց հողամասերն են ջրում: Քաղաքաշինությանն  էլ  հանձնարարություն եղել է, որ այդ խնդրով Աբովյան քաղաքում զբաղվեն:  Որքան տեղյակ եմ  կոյուղատար խողովակները պետք է փոխվեն»:  

 Գետամեջի համայնքի ղեկավար  Ավետիս Մուրադյանն էլ զարմացավ, երբ ասացինք, որ Գետամեջով անցնող կոյուղաջրերով  բնակիչները  արհեստական լճեր են կառուցել և ձկներ են բազմացնում. 
 «Որ էդ ջրով ձկներ բազմացնեն, ես տեղյակ չեմ: Կարող է ինչ-որ մեկը իր համար բասեյն ա սարքում իր տնամերձ այգում ու ձուկ է բազմացնում: Էնպես չի, որ բոլորի բակերն ման ենք գալիս տեսնենք ո՞վ.  ի՞նչ է անում:  Էտ կեղտաջուրը գալիս է միանում է մեկ այլ առվի,  եւ թափվում է Քանաքեռ գեսը»,-  ասաց  Մուրադյանը: