5 քրեական գործ են վրես հարուցել՝ ուզում են ջնջել իմ ապրածը, կենսագրությունը

5 քրեական գործ են վրես հարուցել՝ ուզում են ջնջել իմ ապրածը, կենսագրությունը

Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեի քարոզարշավի 20-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավով Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում էր, որն ավելի քան 7 տարի ղեկավարում է ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանը: Դեռեւս նախորդ տարեվերջին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքներ կամ յուրացումներ կատարելու դրվագներով: Ղարաքեշիշյանը երեկ մեզ հայտնեց, որ վերջին շաբաթներին քրգործերը նորերով են համալրվել, սակայն դրանից ինքը չի ընկրկում եւ հակառակ իշխանությունների ցանկությանը՝ շարունակելու է պաշտոնավարել: Խոսել ենք քարոզարշավին իր մասնակցության եւ իշխանությունների հետ հարաբերությունների մասին:

- Վարչապետը շաբաթ օրը ձեզ մոտ էր, դիմավորեցի՞ք պետության ղեկավարին, առաջարկ եղա՞վ, որ մասնակցեք քարոզարշավին:

- Ո՞նց պիտի դիմավորեի, եթե չգիտեի, որ գալիս է: 

- Իսկ քարոզարշավին մասնակցո՞ւմ եք եւ ո՞ր կողմի համար:

- Ոչ, ես իմ աշխատանքներով եմ զբաղվում, չեմ կարող ասել՝ կմասնակցեմ, թե ոչ: …Դեռ 20 օր կա, եւ ընդհանրապես՝ պարտավոր էլ չեմ ես ինչ-որ այլ բանով զբաղվել: Ես միայն աշխատանքով եմ զբաղվում:

- Կո՞ղմ եք հանրաքվե անցկացնելուն եւ դատավորներին պաշտոնազրկելուն:

- Բերեք ինձ հարցեր միք տա: Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչ, ոնց, ինչի՞ եք ինձ հարցեր տալիս, չեմ իմանում:

- Օրինակ, կան բազում համայնքապետեր, որոնք սիրով ու եռանդով աշխատում են հանրաքվեի օգտին:

- Ես չեմ աշխատում:

- Իշխանությունը Ձեզ չի՞ ուղղորդում կամ չի՞ խնդրել օգնել:

- Ոչ: Իրանք իրանց հարազատներին են ուղղորդում, ամեն մարդու չեն ուղղորդում: Ես իրանց սիրվածներից չեմ, ինձ բան չեն ասում:

- Իսկ որ ասեն, կանե՞ք:

- Ուրեմն մարդիկ կարող են մարդավարի ասել՝ օգնեք մեզ, մենք էլ կօգնենք, ոչ թե քրեական գործեր հարուցեն:

- Ի դեպ, Ձեր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, չե՞ք վախենում, որ պասիվության արդյունքում կհայտնվեք բանտում, նման տեղեկություններ կան, չէ՞, որ եթե համայնքում «այո»-ն պարտվի, համայնքապետին պատժելու են:

- Աստծուց վախենամ, իշխանությունից վախենամ, հանրաքվեից վախենամ, հետո՞, կլինի՞: Սրանից ավել էլ ո՞նց վախեցնեն, որ հինգ հատ քրեական գործ են վրես հարուցել, ու դեռ շարունակվում է:

- Մենք մեկի մասին գիտեինք, ե՞րբ դարձավ հինգը:

- Այո, արդեն հինգն է՝ մի երկու ամսվա ընթացքում, չեմ ուզում մանրամասնել, թե ինչ գործեր են, իրանք ձեւերը գիտեն, ես էդ պրիյոմները չգիտեմ:

- Իսկ միգուցե սա մեսի՞ջ է, որ աշխատեք իշխանության համար:

- Ես էլ մտածում եմ, որ ընդհանրապես ինձ ուզում են ջնջել՝ իմ ապրածը, կենսագրությունը, ինձ: Եթե մարդու վրա հինգ քրեական գործ են հարուցում ու անկապ տեղը ցեխ լցնում, բա էլ ի՞նչ մտածեմ: Կրկնում եմ՝ ուզում են օգնեմ, թող մարդավարի ասեն, ոչ թե էս ձեւերով:

- Քանի որ նախկինների հետ կապ ունեք, իշխանությունը ռիսկի չի գնում:

- Ես բոլորի հետ էլ կապ ունեմ, հո Ադրբեջանից չե՞մ եկել, վախենում են… մթոմ թե ես Բեն Լադենն եմ, ո՞վ եմ՝ վախենում են: Ուղղակի սա իրենց մոտ ընդունված ստիլ է, ես մենակ չեմ, շատերին են նույնն անում:

- Իսկ հնարավո՞ր է հրաժարական տաք Ձեր պաշտոնից, եթե այլեւս համագործակցություն չկա, բազում քրեական գործեր են հարուցել:

- Չէ, հնարավոր չի, եթե այս միջոցներով են առաջնորդվում, ես հրաժարական չեմ տա:

- Միգուցե «ո՞չ»-ի համար եք աշխատում:

- Ոչ, ոչ, ես ոչ մեկի համար էլ չեմ աշխատում, ոչ մի բանի էլ չեմ խառնվում, թող ժողովուրդը՝ իր սիրած 80 տոկոս վստահություն տված ժողովուրդը, նորից իրենց ձայն տա:

- Ձեր ղեկավարած համայնքում դա կանխատեսելի սցենա՞ր եք համարում:

- Ամսի 6-ը կասի:

- Այդ նոր չորս գործերով ինչո՞ւմ են Ձեզ մեղադրում, կրկին մարզպե՞տն է Ձեր դեմ նյութեր փոխանցել իրավապահներին:

- Չէ, ինչի՞ մարզպետը, նաեւ նախարար Պապիկյանը, բայց գործերի մասին չեմ ուզում խոսել:

- Դուք պնդում եք, որ շինծու մեղադրանքներ են, Դուք անմե՞ղ եք:

- Աստված գիտի, չեմ կարող ասել, թե ոնց կստացվի, յուրաքանչյուր մարդ էլ ունենում է իր կյանքում սխալներ արած, կրիստալ մարդ չկա:

- Իշխանությունների հետ, փաստորեն, փոխհարաբերություններ գրեթե չունեք, համայնքը, բնակչությունը չե՞ն տուժում էս վիճակից:

- Բա ի՞նչ են անում, երկու տարի է՝ ի՞նչ լավ բան է արել, որ չի տուժում: Հասկացանք, նախկիններն էլ են սխալ ունեցել, իդեալ չեն եղել, հիմա ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա, մենակ մեղադրանքներ են՝ կերել են, կերել են, հետ պիտի տան ամենը։ Հասկացանք, երկու տարին անցավ, էլ ինչքա՞ն կարելի է էս ժողովրդին կուտ տալ:

- Ձեզ էլ են ասում՝ կերել եք, ու ի՞նչ են ուզում, որ հետ տաք:

- Ինձանից ուզում են, որ ես ստեղ չլինեմ, ընդհանրապես երեւի իշխանությունն ուզում է, որ ես քոչեմ ստեղից: