Խորամանկ տրյուկներ`մտերիմների հետ

Խորամանկ տրյուկներ`մտերիմների հետ

Մարտի 5-ին գրել էինք, որ գաղտնի որոշում է կայացվել՝ System of a Down խմբի համերգի կազմակերպումը պատվիրել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի  ընկերոջ՝ «Շանթ» հեռուստաընկերության նախկին օպերատոր Գեւորգ Աղաբալյանի կազմակերպությանը՝ «EX PRODUCTION» անունով, որի համար նրան առանց մրցույթ հայտարարելու, պետական բյուջեից փոխանցել 214 մլն դրամ։

Գեւորգ Աղաբալյանը հաստատել էր, որ ունի նման գաղափար, սակայն այս պահին դեռեւս պայմանագիր չկա, եւ առայժմ հայտնի չէ՝ լինելո՞ւ է Թանկյանի համերգը, թե՞ ոչ։ Անգամ ենթադրել էր, որ հնարավոր է կորոնավիրուսի վարակի պատճառով առհասարակ չլինի։ Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարը պարզապես անտեսեց մեր զանգերը եւ մինչ օրս  չի պարզաբանել, թե ինչպես են ծնվում մեկ աղբյուրից գնումներ կատարելու եւ մրցութային կարգը շրջանցելու գաղափարները, եւ հատկապես՝ ինչու են դրանք ծնվում, եւ ինչպես է ստացվում, որ դրանից շահում են, որպես կանոն, իրենց ընկերները, բարեկամները։

Փորփրելով կառավարության որոշումները «EX PRODUCTION» ընկերության վերաբերյալ, երեկ հետաքրքիր փաստաթուղթ գտանք, որն ապացուցում է, որ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից իմքայլականների մտերիմ ընկերոջ համար ավելի նպաստավոր բիզնեսի պայմաններ են ստեղծել։ Խոսքը կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 8-ի N 1377-Ն որոշման մասին է։ Ըստ դրա՝ որոշվել է «2018 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին  N 1515-Ն որոշման համար 5 հավելվածի աղյուսակներից մեկում «Էքս պրոդաքշն» միջոցառումների կազմակերպման ընկերություն» բառերը փոխարինել «Գեւորգ Աղաբալյան, անհատ ձեռներեց» բառերով»։ 2019 թվականի հոկտեմբերին կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության պատվերով նույն ԱՁ-ն լուսային տաղավար էր պատրաստել:

Փաստորեն, դեռ անցյալ տարվանից կառավարության պաշտոնատար անձինք, խորամանկ տրյուկներ բանեցնելով, նպաստավոր պայմաններ են ստեղծել իրենց մտերիմի համար, որի հետ պատրաստվել են գործ անել։ Շատ լավ իմանալով, որ սույն մտերիմն ունի ՍՊԸ, կառավարությունը փոխարինել է ՍՊԸ-ն ԱՁ-ով։

Իհարկե, որպես բիզնեսի կազմակերպչական ձեւ՝ ԱՁ-ն ավելի ազատ է, քան ՍՊԸ-ն, ավելի հեշտ է այն փակել ու վերացնել, ավելի քիչ թղթաբանություն է պահանջվում ԱՁ-ով գործ անելիս, ավելի քիչ է վերահսկվում ու ավելի հարմար է տարատեսակ պայմանավորվածություններ ստեղծելու առումով։
Մեկ աղբյուրից գնումը համարվում է կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարք։ Այն թույլատրելի է ծայրահեղ դեպքերում, երբ անհրաժեշտ է արագ ծառայություն ստանալ։ Նախորդ իշխանությունը հաճախ էր քննադատվում մեկ աղբյուրից գնումների համար, սակայն, փաստորեն, նորերը եւս զգացել են դրանց հմայքը եւ չեն ցանկանում հրաժարվել այդ արատավոր գործելաոճից։