Տեղադրված է սխալ, ոչ ճշգրիտ քարտեզ, որով պետք է առաջնորդվեն ուսուցիչներն ու աշակերտները

Տեղադրված է սխալ, ոչ ճշգրիտ քարտեզ, որով պետք է առաջնորդվեն ուսուցիչներն ու աշակերտները

ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված եւ այս տարվանից հանրակրթական դպրոցներ մտած «Հայոց պատմություն-7» դասագիրքը (հեղինակ` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Հովհաննիսյան) շարունակում է լայնորեն քննարկվել ու քննադատվել, այս անգամ նաեւ մասնագիտական հանրույթի կողմից: Հիշեցնենք, որ քննադատությունների առանցքում` գրքում տեղ գտած Տիգրան Մեծի կայսրության Ք. ա. 80 թ-ի քարտեզն էր` ժամանակակից սահմաններով, որտեղ Արցախի Հանրապետությունը դուրս է թողնված ՀՀ տարածքից եւ ներառված է Ադրբեջանի կազմում։ Բայց, պարզվում է` դասագրքում առկա գրեթե բոլոր քարտեզներն ունեն թերացումներ:   

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան, ուրարտագետ Միքայել Բադալյանն իր մասնագիտական դիտարկումներն ու վերլուծություններ է ներկայացրել: Նա մասնավորապես գրել է. 

«Դասագիրք գրելն ու հրատարակելը ոչ թե մեծ, այլ մեծագույն պատասխանատվություն է: Դասագրքում հնարավորինս գիտահանրամատչելի ձևով պետք է տեղ գտնեն ծանրակշիռ փաստեր՝ ամեն-կերպ փորձելով զերծ մնալ անձնական տեսակետներից:

Ուզում եմ անդրադառնալ Հայոց պատմության 7-րդ դասարանի ՈՒրարտուին վերաբերող քարտեզին: Ես խնդրեցի դասագրքի հեղինակ պարոն Սմբատ Հովհաննիսյանին ինձ ուղարկել այդ դասագրքի էլեկտրոնային տարբերակը: Եվ պետք է նշեմ, որ պարոն Հովհաննիսյանը սիրահոժար կերպով ինձ ուղարկեց դասագրքի հղումը: Քանի որ ես ՈՒրարտուի հնագիտության մասնագետ եմ, ինձ նախ և առաջ հետաքրքրում էր հենց ՈՒրարտուի բաժինը: Պետք է նշեմ, որ այդ բաժնում տեղ են գտել բազմաթիվ ակնհայտ ոչ ճշգրիտ տեղեկություններ և որոշ վրիպակներ: Քանի որ հրավիրված էի Իննսբրուկի համալսարան Ուրարտուի կրոնի հնագիտության վերաբերյալ դասախոսություն կարդալու և միայն այսօր վաղ առավոտյան եմ վերադարձել Հայաստան, ուստի բավական հոգնած եմ և այդ բոլոր ոչ ճշգրիտ տեղեկություններին կանդրադառնամ մոտակա օրերի ընթացքում: Կարծում եմ դա շատ կարևոր կլինի և ուսուցիչների, և աշակերտների համար:

Սակայն, չեմ կարող այսօր չանդրադառնալ մի հանգամանքի վրա, որն անմիջապես աչք զարնեց: Դասագրքի 41-րդ էջում ներկայացված է ՈՒրարտուի քարտեզը, որի տակ բառացիորեն գրված է՝ Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.: Ընդ որում, ինչպես ես հասկացա, սա ՈՒրարտուի բաժնի միակ քարտեզն է: Ցավոք, բաժնում տեղ չի գտել օրինակ Արարատի թագավորության վերելքը ներկայացնող քարտեզ: Սակայն, ինչն էր տարօրինակ, որ այդ քարտեզում ՈՒրարտուի մեջ ներառված չի այսօրվա Հայաստանի հանրապետության տարածքը: Սա բավական մտահոգիչ է: ՈՒրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի և Նախիջևանի հատվածները: Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի հանարապետությունը չկա ՈՒրարտուի կազմի մեջ: Ռուսա Սարդուրորդին, ով կառավարել է մոտավորապես Ք. ա. 730-ականների կեսերից մինչև 713 թվականը, նվաճել է ներկայիս Գավառի տարածքը և հիմնել ամրոց, որն անվանել է Խալդիի քաղաք: Այդ է փաստում Գավառի տարածքից գտնված սեպագիր արձանագրությունը:Այստեղ Ռուսան կառավիչ է նաև կարգել: Նույն Ռուսա Սարդուրորդին Սևանի հարավային ավազնաում ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի մոտ կառուցում է նոր քաղաք, որը կոչում է Տարերքի աստծո պատվին: Այժմ կարելի գնալ և Օձաբերդ հնավայրի քարաժայռերից մեկին տեսնել այդ արձանագրությունը, որտեղ, իդեպ, պատմվում են Ռուսայի այլ նվաճումների մասին: Այս քարտեզին նայելով՝ կարելի է կարծիք կազմել, որ ներկայիս Հայաստանը նշված ժամանակաշրջանում կապ չի ունեցել ՈՒրարտուի հետ: 

Ըստ այդմ, խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները: Արգիշթի Ռուսայորդին, ով կառավարել է Ք. ա. 8-րդ դարի վերջերին և առնվազն 7-րդ դարի սկզբներին նույնիսկ հասնում է Սյունիք՝ առնվազն Սիսիանի տարածաշրջան, որտեղ թողնում է երկկողմ արձանագրություն: Ընդ որում, այդ խիստ հետաքրքիր արձանագրության մեջ նաև նշվում է Ծուլուկու երկիրը, որ Սյունիքի Ծղուկ գավառն է: Դե, Ռուսա Արգիշթորդին Ք. ա. 7-րդ դարի կեսերին Արարատյան դաշտի սրտում՝ ուրարտական սեպագիր արձանագրությունների Վազա երկրում կառուցում է հռչակավոր Թեյշեբաինի քաղաքը, որն համարվում է ամենաշատ նյութ տված ուրարտական հուշարձաններից մեկը:

Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են, ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք ՈՒրարտուի հետ: Պարոն Հովհաննիսյանի հետ մեր ֆեյսբուքյան հաղորդագրության ընթացքում, նա նշեց, որ խնդիր կար ՈՒրարտուի հստակ քարտեզների առումով: Սակայն, պետք է նշեմ, որքան էլ ՈՒրարտուի քարտեզների սահմանների տարբեր աշխատություններում կարող են իրար չհամընկնել, միևնույն է մասնագիտական գրականության մեջ, Հայաստանի հանարապետության տարածքի առնվազն մի հատվածը անպայմանորեն ընգրկված է այնտեղ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ փորձ է արել ցույց տալ Էթիունիի ինքնիշխանությունը: Շատ լավ, Էթիունին այդ ժամանակ բավական հզոր ուժ էր: Բայց Էթիունիի տարածքների առնվազն մի հատվածը Ք. ա. 743-700 թվականներին մտել է ուրարտական տերության կազմի մեջ: Ավելին, և ՈՒրարտուիի և Էթիունիի ժառանգներն ենք: 

Գրածս չունի որևէ անձնական միտում: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում պարոն Հովհաննիսյանին և ուզում եմ ամեն-կերպ հավատալ, որ այստեղ քննարկվող քարտեզը դասագրքում տեղ է գտել ոչ միտումնավոր կերպով: Իդեպ, այս դասագրքի համար Էրեբունի թանգարանից ուզել էին նկարներ: Ես ինքս դիմեցի Միասնական դպրոց-ի ղեկավար պարոն Վահրամ Սողոմոնյանին, նշելով, որ եթե ուղարկում ենք նկարները, ապա մենք կարող ենք նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Սակայն, մեզ պատասխանեցին, որ ժամանակը չի հերիքում և մեզնից անհրաժեշտ են միայն Ուրարտուի վերաբերյալ նկարներ: 
ՈՒրարտուի ժառանգները, Էթիունիի ժառանգները մենք են հայերս: Դա մեծ պատիվ է և պատասխանատվություն: ՈՒրարտուն պետք է բրենդ դառնա Հայաստանի համար: Տեր լինենք ՈՒրարտուին…:

Ինչպես նշել էի, այժմ անդրադառնամ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի ՈՒրարտուի բաժնին վերաբերող իմ դիտարկումները: Կրկին նշեմ, որ դրանք չունեն որևէ անձնական միտում: Ավելին, ես ամենայն հարգանքով եմ մոտենում պարոն Սմբատ Հովհաննիսյանին և Մասնակցային դպրոցին: Տեղյակ եմ, որ պարոն Հովհաննիսյանը, իր ոլորտի լավագույն մասնագետներից է: Սակայն, ինչպես արդեն նշել էի դասագիրք գրելը մեծագույն պատասխանատվություն է: Այստեղ պետք է հնրավորինս բացառել հապճեպ աշխատանքը և անձնական մոտեցումները: Կարծում եմ, որ այս դասագրքի գոնե այս հատվածը գրվել է բավական հապճեպ: Անհրաժեշտ էին նաև մասնագիտական խորհրդատվություններ:

Անդրադառնամ իմ դիտարկումներին,

Էջ 34-սեպագիր-նշված է թե իբր սեպով գրում էին ժայռի և կամ կավե սալիկի վրա: Սեպագիր արձանագրություներ կան մետաղե հարյուրավոր առարկաների, նույնիսկ ուլունքահատիկների վրա: 
Նշված է ասսուրերեն և տրված է բացատրություն և նշված է, թե իբր ասսուրերնը ասուրա-բաբելական սեպագիր արձանգրությունների լեզուն է: Այդ դեպքում, ո՞րն էր բաբելերեն արձանագրությունների լեզուն: Ասսուրերենը աքքադերենի կարևոր խոսվածքներից է: Աքքադերենի մյուս գլխավոր խոսվածքն է բաբելերենը:
Տեքստ-նշված է, թե իբր Վան քաղաքի անունով ստեղծված պետությունը կոչվում է Վանի թագավորություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վան անվամբ քաղաքը եղել է ՈՒրարտուի ստեղծման ժամանակ: Իրականում, Վանի թագավորությունը մասնագիտական եզրույթ է, որը տրվել է մասնագետների կողմից:

Էջ 35
Կրկին շարունակվում է օգտագործվել այն հին տեսակետը, թե իբր Տուշպա քաղաքը կառուցվել է Սարդուրի Առաջինի կողմից: Իրականում Վանա ժայռի ստորոտին կառուցած շինության ասսուրերեն նույնիմաստ արձանագրություններում ուրարտական արքան որևէ հիշատակություն չի թողել Տուշպայի կառուցման մասին: Նա նշում է կառույցի շինարաության մասին: Ընդ որում այդ կառույցի գործառույթները մինչ այսօր վիճարկվում են մասնագետների շրջանակներում: Այն կարող էր լինել տաճար, կառամատույց և այլն: 
Բանն այն է, որ Տուշպան (տեքստում՝ Տուրուշպան) որպես բնակավայր հիշատակվում է նույնիսկ Սարդուրի I-ի գահակալումից առաջ, մոտավորապես Ք. ա. 856–853 թվականներին (գուցե՝ ավելի վաղ)`ասորեստանյան արքաներից մեկի` (Աշշուրնածիրպալ II կամ Սալմանասար III) դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի համատեքստում (Ե. Գրեկյան, 2013, էջ 49):

Էջ 36
Նշված է, թե իբր Իշպուինի և Մենու արքաները ուրարտական բանակը վերափոխում են երկաթե և պողպատե զենքերով , իսկ բրոնզե հանդերձանքը նվիրեցին տաճարներին: Դա անձնական հիպոտեզ է, որը չունի լուրջ կռվաններ: Իրականում այդ ամենը հաստատող ուղակի սկզբնաղբյուրները կարծես թե բացակայում են: 

Էջ 37
Տեղադրված է նկար և նշված Վանի բերդ-Ք.ա. 9-և-րդ դարեր, իրականում Վանի բերդը շարունակել է գործել նշված դարերից շատ և շատ ավելի երկար:

Էջ 39
Խոսվում է Մենուայից հետո Արգիշթիի կողմից գահը ժառանգելու մասին: Սակայն, որևէ խոսք չկա Ինուշպուայի մասին: Ինուշպուան Մենուայի ավագ որդին էր և հիշատակվում է սեպագիր տեքստերում: Մետաղե առարկաների վրա Ինուշպուայի անվամբ սեպագիր արձանագրությունները որոշակի հիմք են տալիս ենթադրելու, որ ինչ-որ կարճ փուլում նա ժառանգել է գահը, քանի որ նման արձանագրությունները գլծավորապես բնորոշ են արքաներին: Թե ինչ է հետո պատահել և ինչ հանգամանքերում է Արգիշթի Մենուայորդին հաջորդել գահը, դեռևս մեզ հայտնի չէ:

Էջ 40 
Նշվում է Էրեբունի քաղաքի կառուցման մասին, սակայն որևէ անդրադարձ չկա, որ Էրեբունուց է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը: Սա այն դեպքում, երբ ավելի են շատանում ոչ բարեկամների կողմից Երևանի նկատմամբ կեղծ հրապարակումները, քարոզն ու հավակնությունները:
Որպես նկար դրված է Իշպուինիի Վանից հայտնաբերված արձանագրություն, իսկ ներքևում Աշոտակերտի արձանագրության տեքստը: Դրանք տարբեր արձանագրություններ են և կարող է կարող են առաջացնել և ուսուցիչների և աշակերտների մոտ

Էջ 41
Այս էջում է տեղադրված արդեն իմ կողմից անդրադարձ կատարված քարտեզին: Այս քարտեզում կան մի շարք սխալ նշված տեղանուններ: Այսպես նշված է ուրարտագիտությանն անհայտ ՈՒրմեիքուինի տեղանունը: Նշված է Դիադուխի, սակայն պետք է լիներ Դիաուխի: Ընդ որում, Դիախին գլխավորապես պետք տեղակայել Կարինի տարածաշրջանում: Նշված է Արարատ լեռը և փակագծում նշված է ՈՒրուրուտ: Վանի թագավորության որևէ սեպագրում չկա նման սկզբնաղբյուր: Արարատ-ՈՒրուրուտ զուգորդությունը բավական վտանագվոր է: Քարտեզում նշված է Կոլխիդա, սակայն ուրարտական սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Կուլխա ձևով: Այս ամենը նկատել էր նաև իմ շատ սիրելի գործընկեր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը: Կարճ ասած, այս քարտեզը ոչ պրոֆեսիոնալ ու ուզում եմ հավատալ, որ խիստ հապճեպ աշխատանքի արդյուն է: Սակայն դասագրքերը չպետք է նման կերպով գրվեն:
Իմ գրառումից հետո դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցը թողեց մեկնաբանություն՝ նշելով, որ դասագրքում սխալմամաբ տեղադրվել է Իշպուինիի արքայի ժամանակաշրջանի քարտեզի չմշակված տարբերակը: Այսինքն, տեղադրված է սխալ , ոչ ճշգրիտ քարտեզ, որով պետք է առաջնորդվեն ուսուցիչներն ու աշակերտները: Սակայն ես ունեմ հարցեր: Այդ դեպքում, ինչու՞ է այդ քարտեզը դրվել Վանի թագավորության անկման հատվածում: Մենք որևէ տեղեկություն չունենք, որ Իշպուինիի զորքերը հասել են Արաքսի ափ, ինչպես ցույց տրված քարտեզում: Միայն Իշպուինիի և Մենուայի այսպես կոչված համատեղ գահալության շրջանում է տեղի ունենում մուտք Նախիջևան, որտեղ Օձասասար լեռան վրա նրանք թողնում են սեպագիր արձանագրություն: Քարտեզում նշված է Կոլխիդա: Իսկ Կուլխան հիշատակվում է Սարդուրի Արգիշթորդու սեպագրում՝ Իշպուիինիից շատ և շատ ուշ:

Էջ 43
Խոսվում է Ռուսա Առաջինի գահակալության մասին, նրա կառավարման ժամանակաշրջանում եղած խոչընդոտների մասին: Սակայն, ոչ մի խոսք արքայազն Մելարտուայի՝իր հոր Ռուսայի դեպ բարձրացրած ապստամբության մասին, ինչը խիստ կարևոր է:
Նշվում է, թե իբր ուրարատական մյուս արքաները վերանվաճեցին Մուսասիրը: Իսկ գոնե նման տեղեկություն հայտնի չէ:

Էջ 45
Սեպագրի մասին գրված է շատ աղոտ ու խրթին: Տպավորություն է ստեղծվում թե ուրարտական տերության սեպագրերը գլխավորապես ռազմական արշավանքների մասին են 

Էջ 45-46
Խոսվում է ՈՒրարտուի կրոնի մասին, սակայն ոչ մի խոսք Մհերի Դռան արձանգրության մասին, որտեղ հիշատակվում են Իշպուինիի և Մենուայի ժամանակաշրջանում տերության գրեթե բոլոր կարևոր աստվածությունները: Այս համատեքսում, որևէ լուրջ խոսք չկա ուրարտական ծիսապաշտամունքային կառույցների մասին: 

Էջ 46
Նշվում է Թարիրիա թագուհու մասին: Սակայն, որևէ հիշատակություն չկա Կակուլիի մասին, ով մեզ հայտնի երկրորդ թագուհին է: 
Նշվում է, թե կա մի արձանգրություն, որտեղ իբր Մենուան պարծենում է որ ամենաշատ կանայք է բերել Տուշպայի հարեմ: Նման սկզբնաղբյուր չկա: ՈՒրարտական սեպագիր տեքստերում կան բազմաթիվ վկայություններ կանանց գերեվարելու մասին, սակայն մեզ հայտնի չէ, որ Մենուան հարեմ է ունեցել: Ընդհանրապես, 7-րդ դասարանի գրքում հարեմներին անդրադառնալու փոխարեն, կարելի էր տեքստը լցնել շատ ավելի օգտակար և հրապուրիչ տեղեկություններով:

Էջ 48
Նշված է, որ Վանի թագավորությունը որդան կարմիր էր արտահանում: Ինձ օրինակ, նման տեղեկություն հայտնի չէ:

Էջ 49
Դրված է Մուծածիրի տաճարի մեզ հասած գծանկարը: Դասագրքում այն ներկայացված է որպես քանդակ և նշված է, որ այն անհետացել է: Այն ընկել է Տիգրիս գետը , երբ ֆրանսիացի մասնագետները տեղափոծում էին այն:

Էջ 50
Դրված է Մհերի Դռան նկարը, բայց դրա մասին տեքստում կարծորևէ խոսք խոսք չկա: 
ՈՒրարտուի անկման վերաբերյալ չեն վերված կլիմայական ճգնաժամը, աղետների խնդիրը, ինչը շատ կարևոր է: Չկա անդրադարձ ՈՒրարտու-Էթիունի հակադրության, իսկ այնուհետև այս երկու հզոր ուժերի փոխառնչությունների մասին: Գոնե հնագիտական սկզբնաղբյուրները վկայում են այդ մասին: Էթիուինի խնդրին կարող եք օրինակ ծանոթանալ Մեդիամաքսի Կարմիր թել-ի յություբյան հաղորդման մեջ:

Պատկերացրեք, այս բոլոր նկատառումներն ու դիտարկումներն արվեցին ընդամենը մի քանի ժամում: Որքան լավ կլիներ, որպեսզի նեղ մասնագիտական թեմաների վերաբերյալ հարցնեն նաև մասնագետների կարծիքները: Այդտեղ որևէ ամոթ բան չկա: Եթե այս տեքստը նայեն իմ այլ այլ գործընկերներ, ապա կարծում եմ ևս կունենան դիտարկումներ:
Նորից նշեմ, որ իմ կողմից արված են մասնագիտական դիտարկումներ: Ավելին, ես նաև ծանոթանալու եմ մնացած մյուս դասագրքերին, որտեղ խոսք է գնում ՈՒրարտուի մասին»: