Եթե տասը հազար դրամ տան, կամուսնանա՞ս անծանոթ մեկի հետ

Եթե տասը հազար դրամ տան, կամուսնանա՞ս անծանոթ մեկի հետ

Ամուսնությունն ընտրություն է: Ընտրությունն ամուսնություն չէ, բայց ոչ պակաս պատասխանատու միջոցառում է, քանի որ, եթե պարզվի, որ կողակիցդ խաբել է, դավաճանել է, կամ դժգոհ ես մնացել, զագսավորվելուց ամիսներ անց կարող ես ապահարզան ստանալ: Եթե նույնը տեղի ունենա պատգամավորների պարագայում, անհրաժեշտ կլինի սպասել տարիներ, մինչեւ լրանա նրանց պիտանելիության ժամկետը: Իսկ երկրի ղեկավարը, հնարավոր է, ընդհանրապես չցանկանա հեռանալ՝ կեղծի ընտրությունները, փոխի Սահմանադրությունն ու մնա: Կամ էլ հեռանա միայն այն ժամանակ, երբ ղեկավար կարգի իր ուզած մարդուն: 

Այդուհանդերձ, երբ գործը վերաբերում է ամուսնությանը, դառնում ենք զգուշավոր ու պատասխանատու, իսկ երբ մասնակցում ենք ընտրություններին, թեթեւսոլիկ ենք ու անպատասխանատու: Մինչդեռ իշխանություն դարձած խաբեբան, թալանչին, մարդատյացը, սադիստը կամ հոգեկան հիվանդը, էլ չեմ ասում՝ օտար երկրի գործակալը, կարող է շատ ավելի մեծ փորձանք դառնալ, քան ձեր կողակիցը, որից հեշտությամբ կարող եք ազատվել: 

Կա եւս մեկ հանգամանք: Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսում նկարագրված խաբեության տեսակը ԱԺ ընտրություններում հաճախակի պատահող եւ օրենքով թույլատրված տարբերակ է: Ըստ այդմ, ձեզ ներկայացնում են 3 թեկնածուի, որոնց դուք դեմ չէիք լինի ընտրել, իսկ հետո դրանցից երկուսը կամ նույնիսկ տասը հրաժարվում են, եւ պատգամավոր են դառնում երկրորդ տասնյակում նշվածները, որոնց մասին դուք ոչինչ չգիտեք: Եթե տասը հազար դրամ տան կամ խոստանան ասֆալտապատել ձեր փողոցը, կամուսնանա՞ք անծանոթ մեկի հետ: Եթե ոչ, ինչո՞ւ եք ձեր կյանքը կապում նմանների հետ:

Ապագա կողակցի մասին ամեն ինչ իմանում ենք, ապագա իշխանությունների մասին բավարարվում ենք նրանց «փիառշչիկների» ստեղծած կերպարներով։

Մենք՝ հայերս, չափից դուրս զգուշավոր ենք, երբ ընտրում ենք ապագա կողակցին: Չենք բավարարվում տարիներ տեւած ծանոթությամբ, չենք վստահում մեր սեփական կարծիքին: Հարեւաններից, ծանոթներից, թաղի տղերքից, ուրիշ աղբյուրներից փորձում ենք տեղեկություններ հավաքել զուգընկերոջ անցյալի, նրա ազգուտակի, շրջապատի, սոցիալական ու առողջական վիճակի, բարոյական կերպարի եւ այլ հանգամանքների մասին: Ոմանք նույնիսկ տանում են գինեկոլոգի մոտ՝ ճշտելու ապագա կողակցի ինտիմ կյանքի մանրամասները: 

Իսկ ի՞նչ ենք իմանում մեր քաղաքական ընտրյալների մասին, երբ գալիս է նրանց ընտրելու ժամանակը: Կարելի է ասել՝ ոչինչ: Ոչինչ, որովհետեւ այսօր բազմաթիվ են քաղտեխնոլոգներն ու կերպար ստեղծողները՝ «փիառշչիկները»: Ապագա մեր ընտրյալներին նրանք սովորեցնում են ինչ ասել, ինչպես կանգնել, ինչպես խոսել, ինչպես հագնվել: Նրանց համար պատրաստում են ճառեր: Լրատվամիջոցներով տարածում են կեղծ տեղեկություններ նրանց կերպարի եւ անցյալի մասին: Կուսակցությունների համար գրում են ծրագրեր, որոնցով ոչ ոք չի պատրաստվում առաջնորդվել: Կատարվում են հարցումներ, որոնց ընթացքում պարզվում են հանրության ամենաբաղձալի ցանկությունները, եւ ըստ դրանց էլ տրվում են սուտ խոստումներ: 

Մենք նույնիսկ չենք ստուգում՝ հոգեպես առո՞ղջ է մեր ապագա պատգամավորը կամ երկրի ղեկավարը, թե՞ ոչ: Մինչդեռ դառնալով իշխանություն՝ նրանք կարող են շատ ավելի կոպիտ եւ վտանգավոր ձեւերով բռնանալ, թալանել ու խաբել, քան օրենքներով սահմանափակված մեր կողակիցը: Դավաճանել ոչ միայն մեզ, այլ նաեւ հայրենիքին: 

Չենք ստուգում նաեւ նրանց գիտելիքները: Մինչդեռ հետագայում կարող է պարզվել, որ նրանք զուրկ են ոչ միայն տարրական գիտելիքներից, այլեւ բարոյական նորմերից: Նրանք կարող են դեբիլ լինել, բայց քաղտեխնոլոգների գրած ճառերով տպավորություն ստեղծել, թե շատ խելոք ու գիտակ են, բարի են, սիրում են ժողովրդին, ցանկանում են բարելավել բնակչության բարեկեցությունը: Մինչդեռ նրանց իրական ցանկությունն այլ է՝ տասնապատկել իրենց ու իրենց շրջապատի մարդկանց ունեցվածքը: 

Համարյա վերացել է «բաշիքյարթման», երբ մանկահասակ տարիքի տղայի եւ աղջկա ծնողները հավաքվում եւ որոշում էին հետագայում իրար հետ ամուսնացնել իրենց զավակներին: Քչերն այսօր կհամաձայնեն ամուսնանալ ոչ թե իրենց հավանածի, այլ ծնողների ընտրածի հետ: Անգամ «բաշիքյարթմա» բառն է մոռացվել: Ընտրությունների պարագայում, սակայն, այդ երեւույթը ծաղկում է: Քաղաքացիները զանգվածաբար համաձայնում են քվեարկել ընտրացուցակներում ընդգրկված անծանոթների օգտին, որոնց, ըստ իրենց նախասիրությունների եւ շահի, ընտրում են կուսակցապետերը: Այդպես են ստեղծվում «կոճակ սեղմողները», որոնք հնարավոր է հետագայում դառնան «քավության նոխազներ»:

Հանրահավաքների տպավորությամբ ընտրություն կատարելու վտանգավորության մասին։

Սովետական տարիներին, երբ դոկումենտալ ֆիլմերում դիտում էի Հիտլերի ճառերը, միշտ զարմանում էի, թե բացահայտ հոգեկան հիվանդի շարժումներ ու դիմախաղ ունեցող այդ մարդն իր ճղճղոցներով ինչպես է կարողացել այդպես մագնիսացնել իր ունկնդիրներին: Վերջին տասնամյակներում, երբ հանրահավաքները դարձան սովորական, հասկացել եմ, թե ինչպես է դա տեղի ունենում: Ինչպես են ճառ ասողի մի խումբ վճարովի կամ այլ շահագրգռվածություն ունեցող կողմնակիցներ ուղղորդված տրամադրությունները փոխանցում ամբոխին: 

Իսկ ի՞նչ անել

Այն հարցը, թե ինչ պետք է անել, որ ընտրությունների ժամանակ չխաբվես, կամ խաբվելու դեպքում հնարավոր լինի նվազագույն վնասներով փրկել իրավիճակը, այլ հոդվածների թեմա է:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ