Քրեական գործեր՝ ընդամենը խոսելու համար

Քրեական գործեր՝ ընդամենը խոսելու համար

Վերջին շրջանում իշխանությունները լծվել են իրենց ականջին ոչ հաճելի խոսքն ամեն գնով լռեցնելու գործին՝ մամուլի դեմ օրինագծեր, քրեական գործեր։ Մարդկանց դեմ քրեական հետապնդում սկսելու պատճառ է դառնում ընդամենը նրանց խոսքը, որը ներկայացվում է որպես «սուտ մատնություն» կամ բռնության կոչ։

Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը քրգործ է հարուցել «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի դեմ՝ Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։ «Փետրվարի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008 թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հիշյալ հայտարարությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու:

Զ․ Փոստանջյանը, ներկայանալով վարույթն իրականացնող մարմին, շարունակել է պնդումներ կատարել ՀՀ վարչապետի եւ նրա կնոջ կողմից հանցանք կատարելու վերաբերյալ` հրաժարվելով, սակայն, հանցագործության մասին գրավոր հաղորդում եւ բացատրություններ ներկայացնելուց: Արդյունքում` ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով հերքվել են Զ․ Փոստանջյանի հայտնած վերոնշյալ տեղեկությունները, եւ փետրվարի 15-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ Փոստանջյանի արարքում առերեւույթ առկա են սուտ մատնության հատկանիշներ, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, նույն քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։ Այս դեպքը միակը չէ, նմանատիպ այլ քրեական գործեր էլ են հարուցվել՝ իշխանական ընտանիքի դեմ խոսելը դարձել է վտանգավոր։ Մինչդեռ բոլորը հիշում են, որ Զ․ Փոստանջյանը ժամանակին շատ ավելի սուր հայտարարություններ էր անում Սերժ Սարգսյանի մասին՝ նրան մեղադրելով կազինոներում խաղալու մեջ։ Նրանից հետ չէր մնում նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն երբեւէ նախկինները քրեական գործ չհարուցեցին՝ կեղծ մատնության հոդվածով, չնայած բազմաթիվ «օդում կախված» չապացուցվող լուրեր էր հրապարակում։

«Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգեւավճար» վերնագրով տեսանյութի համար քրեական գործ է հարուցվել  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի դեմ։ «Առերեւույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսագուլյանին էլ են մեղադրում սուտ մատնության համար․ ««Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաեւ հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները թուրքերից եւ ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել, եւ քրեական գործ է հարուցվել: Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, եւ 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերեւույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով»։

Բռնության կոչերի համար ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Հիշեցնենք, որ Բադասյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հարկավոր է հեռացնել՝ ընդհուպ ֆիզիկապես։

Քննչական կոմիտեում գործ է հարուցվել ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ․ նա հայտարարել էր, թե Բադասյանն ազգի հերոս է, ինքն էլ է վարչապետին վերացնելու։ Սակայն այլ անձանց նկատմամբ, ովքեր բռնության կոչեր են անում, օրինակ, Բակո Սահակյանի գլուխը «քարերով ցխել» պատրաստվող Ջիվան Աբրահամյանի դեմ քրեական գործ, չգիտես ինչու, չհարուցվեց։ Ընտրովի արդարադատությունը հենց այսպիսին է լինում։