Պարզ տրամաբանությանը հակառակ  

Պարզ տրամաբանությանը հակառակ    

Պատմության գիրկն անցավ «Տարվա 10 լավագուն մարզիկները» հերթական աղմկահարույց մրցույթը: Այո, տխուր ավանդույթն այս անգամ էլ, ավաղ, չխախտվեց, եթե չասել ավելին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, 2 տարի առաջ այդ միջոցառման անցկացման իրավունքը սեփականացնելով, վերստին հանդես եկավ անհեռատես նախաձեռնությամբ, մարզական լրագրողների և հանրության SMS քվեարկությանը մասնակից դարձնելով նաև մարզիչներին: Առանց այդ էլ լուրջ վեճերի տեղիք տված սույն միջոցառումը դժգոհության նոր ալիք բարձրացրեց մամուլի ներկայացուցիչների շրջանում այն աստիճանի, որ հնչեցին միջոցառումը բոյկոտելու հայտարարություններ:

 Ինչ խոսք, տեղեկատվության տիրապետման իմաստով մարզական լրագրողներն ու մեկնաբանները, որ սպորտի առաջին քարոզիչներն են, շատ ավելի քաջատեղյակ են, ծանոթ են ամեն մանրուքի, քանի որ սեփական ընկալումներն ու գնահատականները ավելի հիմնավոր դարձնելու համար չեն բավարարվում մրցումների լոկ չորուցամաք տեխնիկական ցուցանիշներով: Նրանք ներկա են լինում նաև պարապմունքներին, զրույցներ ունենում մարզիչների հետ, կարծիքներ են իմանում տվյալ մարզիկի ծնողներից, ընկերներից, և սա թույլ է տալիս անսխալ պատկերացում կազմելու ոչ միայն նրա վարպետության նրբությունների, այլև ինտելեկտի, բնավորության, ծրագրերի մասին:

Իսկ նման գաղտնիքների անտեղյակությունը, բնականաբար, հանգեցնում է զարմանալի կոպիտ սխալների, եթե ուզում եք՝ խեղկատակության, ինչը պարզապես զռում էր SMS գծով ստացված պատասխանների հիման վրա կազմած լավագույն տասնյակին ծանոթանալիս: Պարզվեց, որ ըստ այդ ցուցակի, վարկանիշային զգալի տարբերությամբ (նույնիսկ 5 հազար և ավելի ձայներով) առաջին եռյակ համարվելու պատվին արժանացել են...սամբիստները: Իսկ ահա վերջին՝ 10-րդ տեղում ընդամենը 378 ձայնով մի կերպ հայտնվել է գիտե՞ք ով՝ անցյալ տարվա մեր իսկական հերոսը՝ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, նա, ով, հանդես գալով Աշգաբադում անցկացրած աշխարհի առաջնությունում (109 կգ. քաշային կարգ) երկամարտի 435 կգ. արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը և իր փառահեղ հաղթարշավը զարդարեց համաշխարհային ռեկորդներով, նա, ում պատվին հանդիսավորությամբ հնչել է Հայաստանի օրհներգը:

 Կասկածից վեր է, որ նման թեթևսոլիկ տասնյակի պատճառով սամբոյի երկրպագուները դժվար իմանան, թե ինչ է նշանակում սամբո բառը (դա զուտ ռուսական հոմանիշ է, կազմված самозащита без оружия բառերից): Մարզասերներն, ինչ խոսք, կարող են նման մրցույթների մասնակցել, սակայն սոսկ իրենց իսկ ակումբների մակարդակով: Այնպես որ փոխնախարար Գ. Լոռեցյանն, ընդունելով, որ SMS-ները չափն անցել են, սակայն հայտարարել է, որ լրագրողների հետ համահավասար նրանց մասնակցությունը կարեւոր է...

Ինչ վերաբերում է մրցույթին մարզիչների մասնակցությանը, սա բոլորովին այլ հարց է: Չէ որ խոսքը արհեստավարժ, նվիրումով գործող մասնագետների մասին է, ովքեր, ինչպես ընդունված է ասել, մինչև ուղնուծուծը ճանաչում են շնորհալի մարզիկներին, գիտեն դեպի մեծ սպորտի բարձունքները տանող դժվարությունները հաղթահարելու միջոցները, որ ի հայտ են գալիս տքնաջան պարապմունքներում: Նրանց կարծիքն ու գնահատականն, անտարակույս, արժանի են ամենայն հարգանքի: Միայն խնդիրն այն է, որ հմուտ մասնագետների կարծիքը ընդունված է հաշվի առնել նրանց իսկ հարազատ մարզաձևերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցույթներում: Մի՞թե սա նորմալ ու բնական չէ: Հեռու չգնանք՝ հենց այդպես Հայաստանի թիվ մեկ ֆուտբոլիստի պատվին համապատասխան ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցույթի շնորհիվ արժանացավ Մարկոս Պիզելին՝ մեր ազգային հավաքականի կիսապաշտպանը: Ըստ տարօրինակ սովորության, մեր մյուս ֆեդերացիաներն այս առումով խոր քուն են մտել:

 Իսկ ամենից զարմանալին այն է, որ նախարարության նոր «սահմանումով» այս անգամ Հայաստանի №1 մարզիկ չպետք է ընրվեր: Եվ ընդանրապես, չգիտես ինչու, ըստ այդ «նորարարության» մրցույթի մասնակիցները չպետք է նշեին ոչ մարզիկների ստացած ձայների քանակը, ոչ էլ նրանց ձեռք բերած գլխավոր նվաճումները: Կարճ ասած, այբբենական կարգով պետք է հերթագրված լինեին տասնյակի ազգանուններն և նրանց մարզաձևերը: Մի խոսքով ընտրվելու էր տասնյակ, բայց ոչնչով միմյանցից չտարբերվող մարզիկների տասնյակ: Ահա այսպիսի մրցույթ՝ երեք «բանակների» հավասար իրավունքների մասնակցությամբ: 

 Գուցե սխալվում եմ, բայց ենթադրում եմ, որ այստեղ գործել է մի փոքրիկ խորամանկություն: Շատ հետաքրքիր է, ինչ կստացվեր, եթե, համաձայն կարգի, նշվեին բոլոր 10 մարզիկների ստացած ձայները և մյուս տվյալները: Հասկանալի է, բոլորը կիմանային, որ անցյալ տարի մենք ունեցել ենք աշխարհի միայն մեկ չեմպիոն, որ առաջին անգամ լավագույն տասնյակում տեղ է գտել մեկը, ով ընդհանրապես ոչ մի մեդալ չի շահել: Դա մարմնամարզիկ Ա. Թովմասյանն է, իսկապես շնորհալի երիտասարդ ու արժանի Եվրոպայի առաջնության թեկուզ բրոնզե պարգեւի: Բայց և չմոռանանք առաջնայինը տվյալ դեպքում կոնկրետ արդյունքն է: Սակայն նախարարությունը նման քայլի է դիմել, ըստ երևույթին, ելնելով փորձից՝ չէ որ հենց այդ վարչության շենքի ներքին պատը զարդարում են Հայաստանը ներկայացրած 15 օլիմպիական չեմպիոնների դիմանկարները, իսկ փաստացի այդ թիվը պետք է լիներ 14: Սա, ի դեպ, սպորտի նկատմամբ սիրողական մոտեցման վառ ապացույց է, ավելի ճիշտ՝ ինքնախաբեություն, ինչը հատկապես պրոֆեսիոնալ ասպարեզում բացառվում է:

 Էլ չեմ ասում նման հազվադեպ հաշվառումով մեդալ չունեցողը տասնյակում հայտվել է 2-րդ հորիզոնականում, իսկ տարվա մարզական հերոս Ս. Մարտիրոսյանը՝ ընդամենը 7-րդ: Ի՞նչ է սա, եթե ոչ չեմպիոնական տիտղոսակրի նվաստացում, ինչը միանգամայն անընդունելի է:

 Այնպես որ նախարարության հարգելի «նորարարներ», մի՛ իջեք սիրողական սպորտի մակարդակին և, գլխավորը՝ հանգիստ թողեք իրենց մասնագիտական գործը կատարող մարզական լրագրողներին և մեկնաբաններին, մանավանդ որ ձեր անմիջական պարտականությունների կատարման ասպարեզում բազում չլուծված խնդիրներ կան: Օրինակ, ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ մեր միակ օլիմպիական գործող չեմպիոն Ա. Ալեքսանյանի անվան մարզադպրոցում բացակայում են նորմալ պարապմունքների համար տարրական պայմաններ, որ երկար ժամանակ նույն ահավոր վիճակում են մարմնամարզիկները, ջրային, կիռարական, ձմեռային մարզաձևերով զբաղվողները: Ահազանգերը շատ են, իսկ արձագանք չկա ու չկա: Էլ չեմ ասում այն մասին, որ լեթուրգիական քուն են մտել խաղային մարզաձևերը: Արտասահմանում, ասենք, ֆուտբոլային ակումբների ղեկավարները ինչ որ չափով հիշեցնում են նաև բիզնեսմենների՝ պատրաստելով բարձրակարգ խաղացողների և նրանց, այսպես ասեմ՝ վաճառելով մյուս թիմերին, նրանք հարստացնում են իրենց ակումբները: Այնպես, ինչպես Դորտմունդի «Բորուսիան», որը վերջին երեք տարվա ընթացքում կարողացել է իր դրամարկղը լրացնել կես միլիարդ եվրոյով: Իսկ մենք մնացել ենք խաղից դուրս վիճակում: 
   

Մեր մարզասեր հասարակությանը լրջորեն անհանգստացնում է և այն, որ Հայաստանում չեն անցկացվում բարձր հեղինակություն վայելող պաշտոնական առաջնություններ:

 Մի խոսքով, անավարտ գործերը շատ են, իսկ դուք, մեր սպորտի պաշտոնական ներկայացուցիչներ, չգիտես ինչու «տասնյակներ» որոշելու տենչով եք տարված: Բավական է, ուշքի եկեք:

 

Միսակ Նազարյան

                                                                                                                                     
                                                                                                                                                        Մարզական լրագրողների 
                                                                                                                                                       միջազգային միության անդամ