Հայատյաց պատմաբանների ջրաղացին ինչո՞ւ ենք ջուր լցնում

Հայատյաց պատմաբանների ջրաղացին ինչո՞ւ ենք ջուր լցնում

Զիա Բունիաթով… Այս անունը նոր սերնդին ոչինչ չի ասում: Այսպես կոչված՝ խորհրդային ազգային իրավահավասարության տարիներին` հայր Ալիեւի հատուկ հանձնարարությամբ, ինտերնացիոնալ Բաքվի գիտությունների ակադեմիայում 60-ականներին ստեղծվում է հայ ժամանակակից պատմությունը, մշակույթն ուսումնասիրող մի խումբ, որտեղ Զ. Բունիաթովի ղեկավարությամբ ձեռնամուխ են լինում հայ ժողովրդի ինքնության, պատմության, մշակույթի, արվեստի, երաժշտության, ազգագրության ժխտմանն ու յուրացմանը:

Ուշադրություն դարձրեք անցյալ դարի 60-ականներին: Ուշագրավն այն է, որ կեղծիքն ու սուտը հաստատելու համար նա իր համախոհների հետ միասին հենվում էր, եւ մինչ օրս էլ նրա հետնորդներն այդպես են վարվում՝ հայկական եւ իրենց կողմից նավթադոլարներով, գրանտներով, տարբեր երկրների ֆոնդերի միջոցով հրապարակված, օտարազգի գիտնականների գրքերի, մենագրությունների, հոդվածների վրա: Ինչպես գիտեք, խորհրդային տարիներին գիտական ատենախոսությունները հաստատելու միասնական մի կենտրոն կար, որը Մոսկվայում էր գտնվում: 
Լժեպատմաբան Զ. Բունիաթովն ու յուրայինները «փառահեղ» ձեւով օգտվում էին մեր հայ գիտնականների, բնականաբար՝ ռուսերեն թարգմանված ու պաշտպանած թեկնածուական, դոկտորական ատենախոսություններում տեղ գտած տարակարծությունից, բանավեճերից, հիպոթեզներց եւ մեր իսկ ձեռքով գրվածը երանգավորելով, դարձնելով սկզբնաղբյուր՝ իրենց կեղծարարությանն էին ծառայեցնում: Այդ ամենը նրանք այնպես էին մատուցում, որ չնայած մեզ համար կեղծիքի եւ աբսուրդի տեսությունից էր, սակայն նրանք շրջանառության մեջ էին դնում դրսի հեղինակավոր մամուլում, նեղ մասնագիտական օտարալեզու ամսագրերում, գրքերում եւ այդպես տարածում գիտական ամբողջ աշխարհում: Իսկ մեր ղեկավարները հայ պատմաբաններին ասում էին. «Անլուրջ բան է, անհեթեթություն է, ուշադրություն մի դարձրեք, ամեն հիմարության հո չե՞նք պատասխանելու»: 

Սուտ, իրենց կաշվից ու նեղ անձնական հաշիվներից էին վախենում: Ավելին, անունը չտամ, Հայաստանի գլխավոր իդեոլոգը` գաղափարախոսը, մի առիթով նեղ շրջանակում դեռ այն ժամանակ Նախիջեւանի խաչքարերի ոչնչացման մասին ասել է. «Արժե՞ արդյոք մի 5-10 խաչքարի համար եղբայրական երկու ժողովրդի հարաբերություն փչացնել»:

Ու այդ հարաբերություն չփչացնելը, անլուրջ բանը կամաց-կամաց դարձան Թուքիայից ժառանգած, Բաքվի ավերումի, ոչնչացման, կեղծիքի, ստի պետական քաղաքականություն… եւ մինչեւ օրս էլ այդպես են վարվում:

Միայն մեկ օրինակ. բունիաթովշչինան գիտական աշխարհով մեկ շրջանառության մեջ դրեց, որ Ղարաբաղի պատմական հուշարձանները, եկեղեցիները, խաչքարերն ալբանական են, իսկ ղարաբաղցիներն էլ հայեր չեն, ի՜նչ հայ, ի՜նչ բան… էդ ո՞վ է հորինել…

Դարձյալ ոչ մի պատասխան: Միայն մեկ-երկու հայրենասեր պատմաբան ինքնուրույն կռիվ էին տալիս: Այդ ամենը խորացնելով՝ նրանք ավելի առաջ գնացին, այն է, որ հայերը բնիկներ չեն, պարզապես եկվորներ են, այն էլ՝ վերջին շրջանների եկվորներ: 
Նորից անուն չտամ․ Անգլիայից եկած հայ մի գիտնական ունենք… Հրաշալի մարդ է, բարեհամբույր, անգլալեզու հայ պատմաբան է, հատորների հեղինակ։ Նրա տեսությունն էլ է մեր ժողովրդին եկվոր համարում։ Վերջին տարիներին մեզ մոտ է «պեղումներ» անում: Բազմիցս ենք այս թեմայով խոսել։ Մի անգամ ասացի՝ այ հարգելիս, ես պատմաբան չեմ, ներիր, որ քո գործերի մեջ եմ խառնվում…  Քո տեսության հիմնավորումը միջնադարյան ցաքուցրիվ աղբյուրներից է գալիս, իսկ մեր ոխերիմ հարեւանը, դրանից օգտվելով, գիտական թեզեր է զարգացնում այն մասին, որ էս հայերը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս, վերջին ժամանակներս են այս տարածքներում հայտնվել։ Գոնե քո տեսության միջնադարից սկսեին…

Ասացի՝ իսկ ինչո՞ւ չես այն թեզը զարգացնում, որ Ուրարտու կոչված պետությունը հենց հայկական է եղել: Կամ էլ թե չէ՝ ուսումնասիրիր ու զարգացրու պատմական հայտնի այն փաստը, որ Արմենիան հիշատակվում է դեռեւս պարսկական Աքիմինյան շրջանի բիսիթունյան արձանագրություններում: Գուցե այստեղի՞ց սկսեիր, հը՞… Եվ ինչո՞ւ ես մեր հարեւան լժեգիտնականների հայատյացության ջրաղացին ջուր լցնում: Ցավոք, անդրդվելի մնաց: Ավելին չէի էլ սպասում։
Ասում եմ, չէ՞, ամեն ինչում մեր մատն է խառը: Հիմա ինչո՞ւ եմ այս մասին խոսում: Մեր այս վերջին շրջանի ակադեմիայի, հայոց լեզվի, պատմության հետ կապված զարգացումները մտահոգում ու հուշում են, որ պետք չէ փորձել մեր ժողովրդի պատմությունը տակից-գլխից ռեւիզիայի ենթարկել: Այդ են հուշում բարձրաստիճան մեր որոշ նորելուկ ղեկավարների հարցազրույցներն ու ելույթները: Ես կասեի՝ հայի գենետիկան, մտածողության տեսակը փոխելն անպտուղ գործ է…
Մեկ-մեկ ինձ այնպես է թվում, որ այնքան էլ հեռու չէ այն օրը, որ եղեռնի հարցով էլ կարող է համաձայնենք Թուրքիայի պաշտոնական կարծիքի հետ, թե գենոցիդը թողնենք պատմաբաններին, մենք էլ, «թեւ թեւի տված պար բռնելով»՝ լավ ապրենք։

Սրանից ավելիի մասին դեռ չես էլ ուզում մտածել։ 

Ուրեմն եկեք քարը փեշներիցս թափենք, անձնական ամբիցիաներից վեր կանգնենք։ Առանց այն էլ աշխարհում շատ չուզողներ ունենք եւ այդ դրսից թելադրված բարքերից, օրենքներից զերծ մնանք ու մեր հարեւանների ջրաղացին ջուր չլցնենք։ Ե՛վ փոխաբերական, ե՛ւ ուղղակի իմաստով։

ՀԳ. Նյութը պատրաստ էր, երբ Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ում նորեն հնչեցրեց մեր եկվոր լինելու՝ հեռուն տանող իրենց լժետեսությունը: 

Պատմական ճշմարտությունը նոր սերնդին, այդ թվում՝ Թուրքիայի, հասցնելու համար, ֆինանսականից սկսած, չպետք է ոչինչ խնայել։ Շարունակ խնայել ենք, խնայել։ Հայ ժողովրդի պատմությունը ո՛չ շահարկման առարկա է, ո՛չ ռեւիզիայի եւ առավել եւս՝ ո՛չ էլ խնայելու։

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ