Ինչո՞ւ էր Փաշինյանը 5 տարի շարունակ հանդիմանում Աշոտյանին

Ինչո՞ւ էր Փաշինյանը 5 տարի շարունակ հանդիմանում Աշոտյանին

70 տոկոս ստացած Նիկոլ Փաշինյանն ու իր «Իմ քայլն» ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին որեւէ հայտարարություն, ակնարկ անգամ չէին արել, որ նախատեսում են բուհերում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները։ «Իմ քայլի» կրթական ծրագրի «Ներառական մրցունակ կրթական համակարգ եւ զարգացած գիտություն» բաժնում չենք կարդում այս մասին որեւէ տող։ Միայն ընդհանրական բնույթի ձեւակերպումներ են․ «Մեզ համար գերակա նպատակ ենք սահմանելու կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման եւ համընդհանուր բարեկեցության»։ Կամ՝ «Կրթօջախները Հայաստանում լինելու են ազատ ստեղծագործման կենտրոններ: Այստեղ է ծնվելու եւ զարգանալու իրավական եւ տնտեսական ոլորտը նորարարությամբ լցնող ուժը»։

Բուհերի մասով «Իմ քայլի» ծրագրում մի տող կա․ «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվեն բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի` հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը»։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ չի հիշում, որ որեւէ բան գրված լիներ նրանց ծրագրում, սակայն ենթադրեց․ «Եթե ծրագրում կա «ակադեմիական ազատության ավելացում» բառակապակցությունը, դրա մեջ կարող է մտնել։ Ու դժվար թե նախընտրական շրջանում էդպիսի կետ մտցնեին», քանի որ, եթե կոնկրետ գրեին, խոցելի կդառնային։ ԿԳՄՍ-ն այս նախագիծը հենց բուհերին ակադեմիական ազատություն տալով է պայմանավորում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ քաղաքականության մեջ խաբելը, այն էլ նման կարճաժամկետ կտրվածքով, նորմալ է։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը, 5 տարի շարունակ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարցնում էր, թե բա ինչ եղավ Սերժ Սարգսյանի այն նախընտրական խոստումը, որ ամեն առաջին դասարանցուն մեկ անվճար համակարգիչ են տալու։ Սերժ Սարգսյանը դա հայտարարել էր 2012-ին։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հոգնել էր կրկնելուց, որ ծրագիրն իրագործվելու է 4 տարում՝ փուլային եղանակով, Վայոց ձորի մարզում՝ որպես պիլոտային։

«Իմ քայլի» կրթական ծրագրի՝ գիտությանը նվիրված բաժնում էլ կարդում ենք․ «Կրթության եւ գիտության զարգացումն անմիջականորեն շաղկապելու ենք պետության զարգացման ռազմավարական նպատակների հետ․․․ իրականացնելու ենք գիտության համակարգի կառուցվածքային բարեփոխում․․․ սերտացնելու ենք կրթություն-գիտություն-տնտեսություն կապը»: Չնայած Օքսֆորդի ու Հարվարդի հետ համեմատվելու Նիկոլ Փաշինյանի մեծապետական պլաններին, գիտության ֆինանսավորման թեմայով ԱԺ քննարկման ժամանակ չերեւաց, թե այս կառավարության մեկ տարվա պաշտոնավարման արդյունքում ինչ-որ բան փոխվել է։ Գրեթե 30 տարի գիտության ֆինանսավորումն անփոփոխ է․ կազմում է բյուջեի ծախսային մասի 1,2 կամ ՀՆԱ-ի 0․25 տոկոսը։ Իսկ հատկացումների 75 տոկոսն աշխատավարձերն են, մնացած 25 տոկոսը՝ այլ ծախսերը, որոնք չեն բավարարում անգամ շենքերի պահպանությանը: Ավելին՝ պարզվեց, որ կառավարությունը ոչինչ չի արել դեռ 2017 թվականին Կարեն Կարապետյանի կառավարության կողմից գիտության բյուջեն 7 տոկոսով պակասեցնելու քայլը վերանայելու համար։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ օրենքի այս փոփոխություններից առաջ կառավարությունը, գոնե ձեւական, պետք է հարցը քննարկեր մասնագիտական հանրույթի հետ։