Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն․ Դուշանբեի «բարի» ցիկլն ավարտվո՞ւմ է Հայաստանի

Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն․ Դուշանբեի «բարի» ցիկլն ավարտվո՞ւմ է Հայաստանի

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հարցին, թե ինչ նոր բան է փոխվել, ու ինչ ակնկալիքներ կան Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպումից, ասաց․ «Առանձնապես ոչինչ չի փոխվել, առանձնապես ակնկալիքներ էլ չկան։ Մոսկվայում հանդիպում եղել է, Մոսկվայում եղել է համանախագահ երրորդ երկիրը ցանկություն է նաև հանդիպում կազմակերպել երկու արտգործնախարարների միջև արդեն Վաշինգտոնում։ Եվ սա հերթական հանդիպումն է, որը ոչ թե պետք է հակադրել նախորդներին, այլ այն փոխլրացնելու է Մոսկվան ու Փարիզը»։

Այնպես որ, Սարգսյանը կարծում է՝ առանձնապես նոր մոտեցումներ, նոր սկզբունքներ, նոր առաջարկներ չկան։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ եռակողմ, նաև՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով ձևաչափով։ Դրանից ժամեր առաջ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակնկալելու է, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կատարեն այն հանձնարարականը, որն ինքն ու Ադրբեջանի նախագահը տվել են։ «Այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալու մասին է՝ փորձել մոտեցնել մեր դիրքորոշումները»,- ասել էր նա։ Սրանից հետո, սակայն, երկու կողմից էլ եղան զոհեր, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ներն օրեր առաջ հայտարարություններով հանդես եկան՝ միմյանց մեղադրելով բանակցություններում ապակառուցողական լինելու մեջ: Ինչ վերաբերում է նրան, թե միայն պատերազմ թույլ չտալու համար անցկացվող հանդիպումները, այդ տոնայնությամբ ու համատեքստում, որ բանակցային գործընթացն ավելի լավ է պատերազմից, ապա Սուրեն Սարգսյանն ասում է․ «Բանակցությունները բազմաշերտ և բազմաբովանդակ են, բազմաթիվ տարրեր են պարունակում, որոնցից մի քանիսի շուրջ կան համաձայնություններ, մի քանիսի շուրջ՝ ոչ։ Սկզբունքային տարբեր դիրքորոշումներ կան տարբեր հարցերի շուրջ։ Այնպես որ, սա շատ մեծ, բարդ և շարունակական գործընթաց է։ Այնպես չէ, որ հանդիպում են և վերջ։ Հանդիպումներն ինքնանպատակ չեն։

Եվ, այո, բանակցությունները պատերազմի այլընտրանքն են, և ճիշտը բանակցելն է»։ Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն այնքան էլ այդ կարծիքին չէ և ասում է․ «Եթե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում մայրաքաղաքներում, այն էլ համանախագահող երկրների մայրաքաղաքներում, ոչ թե ինչ-որ տեղ՝ Ժնևում, Կրակով և այլն, ապա սա պարտավորեցնող է։ Վաշինգտոնից Ստանիսլավ Տարասովի կանխատեսումը հետևյալն է․ ամերիկացներն ակտիվ չեն լինի, և հակամարտությունն էլ կմնա ներկա սառեցված վիճակում։ Եվ գլխավորը՝ կավարտվի Փաշինյանի իշխանության հետ առաջ եկած Դուշանբեի ցիկլը։ Այսինքն՝ նշված պոզիտիվի և ադրբեջանցիների կողմից փաշինյանական այն դրական ընկալումների, որ լինելու է առաջընթաց, ինչ-ինչ զիջումներ և այլն»։ Պարոն Տարասովը մեզ հետ զրույցում ակնհայտորեն դիմել էր տրոլինգի հնարին, քանի որ ասաց․ «ՌԴ-ում երկու արտգործնախարարները զրուցում էին, չհաշված Փաշինյան-Ալիև ոտքի վրայի զրույցը, և Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև առանձնազրույցները։ Այսինքն՝ ՌԴ-ն այսկերպ իրեն տարորոշել է որպես բանակցությունների ակտիվ ու դինամիկ գործընթացի կողմնակից։

Առաջին հարցը, որն առաջանում է սրանից հետո, այն է, թե Վաշինգոնում Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ արդյոք ներկա կգտնվի՞ Թրամփը, կամ Պոմպեոն, ինչպես դա արել են Պուտինն ու պարոն Լավրովը»։ Ակնհայտ է, որ ոչ։ Տարասովն էլ ասում է՝ իսկ եթե ոչ, ուրեմն դրանից պարզ է առաջիկա բանակցությունների կարգավիճակը։ Եվ Վաշինգտոնն էլ, ըստ Տարասովի մեկնաբանության, կտրուկ նվազեցնում է իր՝ որպես հակամարտության կարգավորման միջնորդի դերը։ Որպես թրոլիգի շարունակություն՝ Տարասովն ասաց․ «Եթե Թրամփը չմասնակցի, այդ հանդիպումն արժեզրկված է լինելու։ Այստեղից հարց՝ իսկ ո՞վ և ինչո՞ւ առաջարկել վաշինգտոնյան հանդիպումը։ Պարզվում է, որ ամենից առաջ այդ մասին առաջին հայտարարությունն արել է Ադրբեջանը։ Իսկ Բաքվում էլ ԱՄՆ դեսպանորդն ասում էր, որ պատրաստ են կողմերին հետաքրքիր նորություններ հայտնել։ Հարց՝ իսկ ամերիկացիներն ի՞նչ նորություններ կարող են առաջարկել կողմերին։ Ինչ նորություն է, ոչ ոք չգիտի»։

Ռուսաստանցի քաղաքագետը վերաարձանագրում է, որ Մինսկի խումբն ունի կոնսենսուս և ընդհանուր հայտարարություններով է հանդես գալիս, նույն դիրքորոշումներն ունի, բայց այդ գործընթացում համանախագահության տեխնոլոգիաները կամ «մեխանիկան» տարբեր են։ Նաև Տարասովը, որպես ամփոփում, նկատեց, թե Մոսկվայի հանդիպումներն ու դրան հետևող շրջանն ուղեկցվում էին որոշակի պոզիտիվ ֆոնով՝ եղավ Դուշանբեն, հանդիպումներ, գագաթնաժողովներ, Դավոս, Մամեդյարով-Մնացականյան բազմաժամյա հանդիպումներ։ «Իսկ հիմա ի՞նչ ենք տեսնում, ղարաբաղյան ուղղությամբ կտրուկ սրացում, և կողմերն էլ սկսել են խոսել ծայրահեղ իրարամերժ դիրքորոշումներից։ Հետևաբար, տարբեր օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կողմերը սկսել են պայթեցնել բանակցային գործընթացը»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ԱՄՆ-ի կողմից այդ ինչ նորության մասին կարող է լինել խոսքը, ապա ռուսաստանցի քաղաքագետն ասաց, որ նորությունը մեկը կարող է լինել, և որ այդ հարցում կուզենար սխալված լինել։ Այն է, որ հաշվի առնելով ղարաբաղյան ճակատում իրավիճակի վատթարացումը՝ կպնդեն Վիեննայի պայմանավորվածությունների կատարման վրա։

Այստեղ է թաքնված շան գլուխը կամ ծուղակը, քանի որ Տարասովն ասում է․ «Բայց այստեղ կա մի չափազանց կարևոր մանրուք։ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի արձանագրություններն ստորագրված են եղել համանախագահող երկրների ու Հայաստանի կողմից։ Որևէ տեղ չկա Ադրբեջանի ստորագրոթյունը։ Իսկ եթե պրոպագանդայի տեսանկյունից Ադրբեջանին մեղադրել հնարավոր է, որ չի կատարում պարտավորությունները, ապա իրավաբանորեն, ոչ, որովհետև ինքը ոչ մի պարտավորություն էլ չի վերցրել»։