Թող դուրս գան, մեզ գնդակահարեն եւ իշխանությունը վերցնեն իրենց

Թող դուրս գան, մեզ գնդակահարեն եւ իշխանությունը վերցնեն իրենց

Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը երեկ հասավ կուլմինացիային։ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս-ուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- ասվում է ԳՇ հայտարարության մեջ։ 

Թվում էր, բանակի հրամկազմի այս հուժկու ապտակից հետո Նիկոլ Փաշինյանն այլեւս նոր արդարացումներ չի կարողանա  հորինել, ինչպես դա անում է երեք ամիս շարունակ՝ իր հրաժարականը պահանջողներին անվանելով նախկին ռեւանշիստներ, սակայն վարչապետի աթոռին կառչած անձը նախ «լայվ» մտավ ու հայտարարեց՝ «հարգելի եւ սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը, կարող են իրենց հարցեր ունենալ՝ մի քանի դրվագների վերաբերյալ»։ 
Թե ինչ դրվագների վերաբերյալ՝ չմանրամասնեց, փոխարենը ԳՇ հայտարարությունը որակեց զինված հեղաշրջման փորձ, ապա իր համակիրներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ տեր կանգնելու ժողովրդի իշխանությանը։ Ավելի ուշ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշում կայացրեց, որը դեռեւս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել։ 

Զուգահեռաբար, Հայրենիքի փրկության շարժումն էլ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին հրավիրեց Ազատության հրապարակ՝ բանակի հրամկազմին աջակցություն հայտնելու նպատակով։ Վարչապետի հայտարարությունն անհանգստություն առաջացրեց գրեթե բոլոր շրջանակներում՝ քաղաքական-հասարակական-հոգեւոր եւ մշակութային։ Կոչերի տարափ էր՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված, հորդորում էին երկիրը քաղաքացիական պատերազմի չտանել, արագ հրաժարական տալ, քանզի դա է ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ լուծումը։ 

ԻՆՉ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ

Համաձայն Վիքիպեդիայի՝ ռազմական հեղաշրջումը պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխությունն է, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը: Որպես կանոն, ռազմական հեղաշրջումից հետո իշխանության է գալիս զինվորական կառավարությունը: Բացի հրաժարականի մասին հայտարարությունից, ԶՈՒ-ն որեւէ գործողություն մինչ օրս եւ երեկ էլ չի իրականացրել։

«ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված որեւէ հանցակազմի տարր»,- ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Եթե սա լիներ ռազմական հեղաշրջում, ապա բանակի սպաները բռնի ուժով կկալանավորեին որոշ մարդկանց, կհայտարարեին, որ փակում են որոշ քաղաքացիական ինստիտուտները եւ իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը։ Բայց բանակն այդ բանը խելամտորեն չի արել»,- ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ բանակը մինչեւ վերջ պետք է «տեր կանգնի» իր հայտարարությանը եւ թույլ չտա, որ երկրում քաոս, ինչպես նաեւ բախումներ լինեն․ «Կարծում եմ նաեւ, որ բանակին կմիանան ուժային մյուս կառույցները, դա թերեւս անխուսափելի է, ժամանակի խնդիր է»։ Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն չէ, թե բանակը, Սահմանադրությանը հակառակ, ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ. «Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ բանակը չի կարող անտարբեր մնալ, սա ո՛չ առաջին երկիրն է, ո՛չ երկրորդ, ո՛չ վերջին»։ Հովհաննիսյանը տարակուսած է՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա․ «Լավ, հո ընդմիշտ չի՞ մնալու այդ աթոռին, հո չի՞ մեռնելու այդ աթոռի վրա։ Այդ մարդն իրավունք չունի երկիրը տանել կործանման»։

Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մինչդեռ, պնդում է, որ բանակը խառնվել է քաղաքական գործընթացներին, հղում է անում Սահմանադրության 14-րդ հոդվածին եւ հիշեցնում, որ դա անթույլատրելի է. «Մարդիկ  խախտում են Սահմանադրությունը եւ քիթները խթում իրենց չվերաբերող տիրույթ»։ Մեր դիտարկմանը, թե քաղաքական շրջանակները պնդում են, որ վտանգված են երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ուստի բանակն այս իրավիճակում չէր կարող անտարբեր մնալ, իշխանական պատգամավորն այսպես արձագանքեց. «Դե որ երկրի անվտանգության հարցն է, թող զինվորականները ավտոմատներով դուրս գան փողոց ու գնդակահարեն մեզ, հանձին ինձ՝ Աղազարյան Հովիկին»։

Հետաքրքրվեցինք՝ կարդացե՞լ է ԳՇ հայտարարության տեքստը, համաձայն չէ՞, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այլեւս չի կարողանում արդյունավետ կառավարել։ «Դե, դրա համար եմ ասում՝ թող դուրս գան, մեզ գնդակահարեն եւ իշխանությունը վերցնեն իրենց»։

Հարցրինք՝ ո՞վ պետք է պահանջի վարչապետի եւ կառավարության հրաժարականը, որ համարեք՝ դա ժողովուրդն է․ նախկին, ներկա նախագահների, կաթողիկոսների, քաղաքական ուժերի, գիտնականների, դասախոսների եւ պարզապես հազարավոր քաղաքացիների պահանջը բավարար չէ՞։ «Էդ բոլոր պահանջողները, թերեւս բացի կաթողիկոսներից, իրավունք ունեն պահանջելու, ես որեւէ մեկի նկատմամբ ոչինչ չունեմ, բայց բանակը դրա իրավունքը չունի, ինքը պիտի ձենը կտրի, վեր ընգնի տեղը, ԳՇ պետն էլ, իր տեղակալներն էլ»։ Ինչո՞ւ։ «Սահմանադրության 14-րդ կետի համաձայն»։ Իսկ եթե պետություն ենք կորցնո՞ւմ… «Ո՞վ է որոշում»։ Ես էլ եմ հարցնում՝ ո՞վ է որոշողը, եթե «Իմ քայլում» կարծում են, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ «Հիմա շտաբի պետի ու ժողովրդի կարծիքը հարաբերակցության մե՞ջ է դրվում։ Ժողովուրդն է պահանջողը»։ Հովիկ Աղազարյանն ասաց, որ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ կանչելով, ըստ էության, փորձելու են ճշտել՝ ունե՞ն ժողովրդի աջակցությունը, թե՞ ոչ։ Մեր հարցին՝ եթե Ազատության հրապարակում ավելի շատ մարդ հավաքվի, քան Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է։ «Բա իհարկե»։

Նշենք, սակայն, որ երեկ բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ պետական հիմնարկներում՝ նախարարություններում, թաղապետարաններում, մարզպետարաններում, բանկերում եւ այլ հաստատություններում մարդկանց պարտադրում են մասնակցել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։