Այդքան խոսում եմ, մեկը չկա՝ ասի․ լավ, այ մարդ, էս տղեն ի՞նչ է ասում, բերեք՝ մի հատ ասածը լսենք

Այդքան խոսում եմ, մեկը չկա՝ ասի․ լավ, այ մարդ, էս տղեն ի՞նչ է ասում, բերեք՝ մի հատ ասածը լսենք

Հայաստանում խաղողագործության, դրա առջեւ ծառացած խնդիրների շուրջ զրուցել ենք Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։

- Խաղողի բերքահավաքը որոշ շրջաններում արդեն սկսվել է։ Գյուղացին կարողանո՞ւմ է իր բերքը պատշաճ ձեւով մթերել։

- Ոչ մի լավ նորություն չունենք, նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ է։ Իրենք չեն ուզում, որ խաղողագործությունը Հայաստանում զարգանա, կայանա, կամ եղածը պահպանվի։ Ունեմ իրավունք արդեն արտահայտվելու, որ իրենց հետաքրքիր չեն գյուղացին, գյուղատնտեսությունը, մանավանդ՝ խաղողագործությունը։ Անհարմար էլ եմ զգում անգամ հարցազրույց տալուց, որովհետեւ ամեն տարի նույն պիոներական խնդիրն է բոլորիս առաջ՝ մենք մեղավոր ենք փնտրում կամ պատճառահետեւանքային կապ ենք ուզում գտնել՝ ուղղել։ Հիմա, գալիս-հասնում է խաղողի մթերման սեզոնը, այդ երկու օրը խառնվում ենք իրար ու դրանից հետո մոռանում ենք խաղողագործությունն էլ, խաղողագործին էլ, դրա հետ կապված խնդիրներն էլ։ Նախ՝ խնդիր չունենք, խնդիրն արհեստական է ստեղծված՝ ժողովրդին ծնկի բերելու, իրենց կամակատար դարձնելու։ Այդքան ասում եմ, խոսում եմ, մեկը չկա՝ ասի․ լավ, այ մարդ, էս տղեն ի՞նչ է ասում, բերեք՝ մի հատ ասածը լսենք, վերծանենք, քննարկենք։ Կամ մի հատ էլ ասեն՝ էս ինչի՞ եք նման բաներ ասում։
Խաղողի բերքահավաքը, այո, արդեն սկսված է։ Այն սորտերը, որոնք  գինու սորտեր էին, եւ որոնց վեգետացիան արդեն կայացած էր, իրենք շուտ են մթերվում, դա արդեն համարենք սկսված։

- Գործարաններն ի՞նչ գնով են մթերում խաղողը։

- Արժեքը տատանվում է 90-120 դրամի սահմաններում, դա ինքնարժեքն է։ Այսօր մենք գյուղացուն՝ խաղողագործին, տանում ենք  սովամահության եւ «հանցագործության»։ «Հանցագործություն» ասվածի հոմանիշը հասկանանք այսպես, եթե մարդը ստեղծում է, գումար է ներդնում եւ իր գումարը չի կարողանում հանել կամ իր պարտավորությունները չի կարողանում կատարել շրջապատի, պետության, բանկերի առաջ, անկախ ամեն ինչից՝ հարկադիրով, դատարանի վճռով մարդուն բերման են ենթարկում կամ կալանք են դնում ունեցվածքի վրա, մի տեղ էլ ասում են՝ դու ոչ պատշաճ մոտեցում ես ցուցաբերել, այսինչ հոդվածներով դուք համարվում եք հանցագործություն կատարած մարդ, եթե ձեր պարտավորությունները չեք կատարում։ Պետականորեն գյուղացուն դրդում են հանցագործության։ Եթե ես ծախսում եմ 125 դրամ, բայց խաղողն ինձնից վերցնում են 100 կամ 90 դրամով, դե պատկերացրեք՝ ես գողություն անեմ մի տեղից, մի հանցագործություն պիտի անեմ, որ կարողանամ իմ երեխու ուսման վարձը տամ, լույսի, գազի եւ այլնի փողը տամ։ Այս ամենը կոչվում է պետական մակարդակով ռեկետ՝ քցոցի։

- Իսկ համապատասխան գերատեսչությունն ի՞նչ պատճառաբանություններ ունի։

- Գերատեսչությունը չգիտի գյուղացու տեղը, ինքը մոռացել է, իրենք այնտեղ իրենց անձնական հարցերն են լուծում, մեկ էլ իրենց բիզնես-նախասիրություններով, պայմանագրերով մյուս ոլորտներով իրենց հարցերն ու հոգսերն են հոգում։ Նրանք չգիտեն՝ խաղողագործությունն ինչ է, խաղողի վազը որտեղ է, կամ խաղողագործն ինչ բոյի, ինչ քաշի մարդ է։ Ինչի՞ մասին է խոսքը։ Տարին 12 ամիս եթե խաղողագործի տեղը չիմանան, գյուղացու առաջ ծառացած խնդիրը չիմանան… արդեն 5-րդ սեզոնն է՝ գալիս են՝ խաղողը հասած, խնդիրը կայացած, նորից ասում են՝ ի՞նչ անենք, «ինչ անենք»-ը ո՞րն է, այ եղբայր։

- Արդյոք գյուղացին չի՞ հիասթափվի այս վիճակից եւ որոշի քանդել իր խաղողի այգին։

- Շատ ճիշտ ու տեղին հարց եք տվել։ Արդեն իսկ գարնանից քանդում են։ Եթե գյուղացին իրենց չի հետաքրքրում, ո՞նց կհետաքրքրի գյուղացու աճեցրած, քրտինք թափած խաղողի այգին։ Այսօր բացի բերքահավաքի խնդրից, կա նաեւ մեկ այլ խնդիր, խաղողի այգիներում մեծ վարակ կա, հիվանդություն․ ոնց մարդկության մեջ չարորակ ուռուցքն է, այդպես էլ խաղողագործության մեջ է այն։

- Ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ վարակ է դա։

- Որովհետեւ մենք չունենք այն գերատեսչությունը, այն վերահսկողությունը կամ այն խորհրդատվությունը, որոնք զբաղվում են այգեգործությամբ, այգեգործության մասին ծրագրեր են մշակում եւ միջոցառումներ են կիրառում, որպեսզի այգեգործությունը զարգանա կամ եղած մարտահրավերները՝ հիվանդության տեսանկյունից, կարողանանք չեզոքացնել։ Հիմա մենք ակադեմիական բարձր մակարդակի, դոկտորական պաշտպանած խաղողագործներ էլ չունենք։ Տարիքով մասնագետներ ունեինք, որոնք կա՛մ մահացել են, կա՛մ թոշակի են գնացել, մի մասի առողջականն էլ չի ներում։ Պատկերացրեք՝ գյուղատնտեսական ինստիտուտում, այդ «ակադեմիա» ասվածում խաղողագործության ամբիոն էլ չկա, միացրել են բույսերի պաշտպանության ամբիոնին։

- Հիմնականում ո՞ր շրջանում է տարածված այդ վարակը։

- Օրինակ՝ Արարատյան դաշտավայրում այդ վարակը կա, այգիները չեն աճում, բերքատվություն չեն տալիս եւ աստիճանաբար գնում են չորացման։ Դեռ 2008-2009 թթ․-ին էր դա հայտնաբերվել՝ պետական մակարդակով 11 հա-ի փոխհատուցում տրվեց, կարանտին հայտարարվեց, քանդվեց, հետո, որ տեսան տարածումը մեծ է, սկսեցին թողնել բախտի քմահաճույքին, քանի որ չէին կարող այդքան փոխհատուցել։ Հիմա էլ ավելի բուռն ձեւով տարածվել է։ Իսկ բերքահավաքն ընդհանրապես «պռավալ» տված վիճակ է։ Մենք ունենք նաեւ առաջարկներ, որոնք այսօր չեն կարողանում մեր չինովնիկ, «կառավարության ներկայացուցիչ» կոչված պատասխանատուները հասկանալ, ընկալել, լսել։ Մենք ասում ենք՝ հարգելիներս, խաղողագործության, խաղողի մթերման համար խնդիր չկա, կա երեք պայման՝ պետության կողմից երաշխավորությամբ՝ խաղողագործ-վերամշակող իրավական ուժով փոխշահավետ պայմանագրային պարտավորություններով աշխատելու սկզբունք, որի մեջ նշված լինեն գին, քանակ, բերքահավաքի ժամանակացույց։ Այդ ժամանակ մենք այդ արհեստական ստեղծված խնդիրը, որ սարքել են «բոբո», ի՞նչ անենք, ո՞նց անենք, այս խնդիրը չի լուծվում, կվերանա։ Հետո, եթե օրենք, սահմանադրություն գործի, ՀՀ օրենքով ամրագրված է՝ Հայաստանում կոնյակ, օղի, լիկյոր, շամպայն խմիչքները պետք է արտադրվեն միայն հայկական խաղողի սորտերից՝ Հայաստանում աճեցված։ Երրորդ կետը, որ իրենք եթե կյանքի կոչեն, մեզ մոտ այդ արհեստածին խնդիրը կվերանա։ Խաղողի իրական թիվը, քանակը պետք է գրվեն, արձանագրվեն, որպեսզի անօրինական, անհայտ ծագում ունեցող գունավորված խմիչքը, ներկրված սպիրտը չօրինականացնեն։ Այս դեպքում խաղողագործությունը կզարգանա, կբարգավաճի, մրցունակ գին կառաջանա, մրցակցություն կառաջանա խաղող գնող, վերամշակող ձեռնարկությունների միջեւ, եւ հազարավոր խաղողագործներ՝ սոված-ծարավ, տոկոսների տակ, դատ ու դատարաններում չեն հայտնվի, այլ կապրեն բարեխիղճ, արժանապատիվ մարդուն վայել կյանքով։