«Իմ քայլը» խմբակցությունն ընտրություններին ստացել է մեկ մանդատ

«Իմ քայլը» խմբակցությունն ընտրություններին ստացել է մեկ մանդատ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը դեպրեսիայի մեջ էր, եւ ոմանք կանխատեսում էին, որ նա խմբակցությունը լքողների ցուցակում է, եւ Սոֆյայից հետո հաջորդն ինքն է լինելու, բայց շատ արագ մարեցին այդ խոսակցությունները, մանավանդ՝ Բոշյանի կինն էլ աշխատանք ստացավ։ Արման Բոշյանը երեկ մեզ հետ զրույցում կրկին հերքեց, որ նման մտադրություն է ունեցել։ «Լուրերը անհիմն էին, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, ես շարունակում եմ իմ գործունեությունն Ազգային ժողովում, «Իմ քայլը» ֆրակցիայի կազմում»,- ասաց նա։

- Իսկ ինչո՞ւ հենց Ձեր մասով գրվեց, որ հաջորդը Դուք եք լքելու։

- Չեմ կարող ինչ-որ ձեւով մեկնաբանել, որովհետեւ, ինչպես քիչ առաջ ասացի, տեղեկատվությունը բացարձակ կապ չունի իրականության հետ։

- Գուցե ներքին քննարկումներում արտահայտվել եք, որ դեմ եք ձեր թիմի վարած քաղաքականությանը, ու դրանից են եզրակացրել, որ հնարավոր է՝ դուրս գաք խմբակցությունից։

- Խմբակցությունում քննարկումներ կան, խմբակցությունում միշտ կա բանավեճ, բայց խմբակցությունը մի մարմին է, խմբակցությունն ունի մեկ մանդատ եւ խմբակցությունը շարունակում է իր աշխատանքը, ես էլ այդ խմբակցության կազմում եմ շարունակում իմ աշխատանքը։

- Ձեզ գոհացնո՞ւմ է ձեր թիմի կատարած աշխատանքը, վարած քաղաքականությունը հատկապես հետպատերազմյան շրջանում։

- Ես կարծում եմ, որ երկիրը դժվար իրավիճակում է, եւ մենք պարտավոր ենք ավելի արագ եւ արդյունավետ աշխատելու։ Դա ցանկացած քաղաքական թիմի համար պետք է առաջնահերթություն լինի։

- Ի դեպ, մամուլում գրվեց, որ Ձեր կնոջը պաշտոն են առաջարկել, դրա համար եք մտափոխվել։

- Քանի որ ես ի սկզբանե ասում եմ, որ նման բան չի եղել, այսինքն՝ դա եւս իրականությանը չի համապատասխանում։

- Նիկոլ Փաշինյանին այսօր մեղադրում են դավաճանության մեջ, վաղը Ձեզ էլ են պիտակավորելու։

- Ես էդ կատեգորիաներով ո՛չ մտածում եմ, ո՛չ էլ էդ կատեգորիաներով քննարկում եմ։ Էդ բառամթերքը եւ էդ ոճի քննարկումներն իմ համար չեն։

- Լավ, իսկ Ձեր մյուս գործընկերների դուրս գալն ինչպե՞ս եք գնահատում, 5 հոգի լքել է խմբակցությունը։

- Ես դրան ունեմ մեկ պատասխան․ «Իմ քայլը» խմբակցությունն ընտրությունների ընթացքում ստացել է մեկ մանդատ՝ մեկ օրակարգով, մեկ առաջնահերթությամբ։

- Եվ այդ մեկ մանդատով 88 հոգի անցել է խորհրդարա՞ն։

- Դա քաղաքական ձեւակերպումն է՝ մեկ մանդատը, ՀՀ քաղաքացիներն «Իմ քայլը» ֆրակցիային տվել են մեկ մանդատ՝ այդ խնդիրը լուծելու համար։

- Ձեր կուսակցության խոսնակը ձեզ համեմատում է ուսապարկերի հետ, ասում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի ուսապարկը մասնակցեր ընտրություններին, ավելի շատ ձայն կհավաքեր, այսինքն, կոպիտ ասած, «այդքան չկայիք, որ ձեր ուժերով գնայիք խորհրդարան»։

- Ես նման ձեւակերպումների հետ, իհարկե, չեմ կարող համաձայնել եւ կարող եմ ասել, որ քաղաքականության հետ բառամթերքը եւ ձեւակերպումները շատ ավելի կարեւոր են։

- Ո՞ր ձեւակերպման հետ համաձայն չեք, ուսապարկի՞։

- Ընդհանրապես, նման ձեւակերպումներով հանդես գալը, նման ձեւակերպումները շրջանառելը, իմ կարծիքով, էթիկապես եւ քաղաքականապես ճիշտ չէ։

-Ասե՞լ եք դա ձեր կուսակցության խոսնակին, որ սխալ համեմատական է արել։

- Մեր կուսակցությունը խոսնակ չունի, սկսենք դրանից։

- Վահագն Ալեքսանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնա՞կը չէ։

- Վահագն Ալեքսանյանը մեր կուսակցության խոսնակը չէ, նա մեր կուսակցության անդամն է, բայց պաշտոնապես ՔՊ կուսակցության խոսնակը չէ։

- Լավ, ձեր կուսակցության անդամն է ու ձեզ համեմատում է ուսապարկերի հետ, ասում է՝ Փաշինյանի ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքեր, քան ձեզնից ցանկացածը։

- Մենք հիմա մտնում ենք մի տեղ, որը փակուղի է տանում, եթե կան քաղաքական հարցեր, տվեք։ Ֆեյսբուքում հրապարակային տարբեր մարդիկ, տարբեր կուսակցության անդամներ տարբեր մտքեր են արտահայտում, եւ ես կարծում եմ՝ պարտավոր չեմ մեկնաբանելու մեր կուսակցության կամ այլ կուսակցության ցանկացած հրապարակային խոսք։

- Բայց ձեզ էր վերաբերում նրա ասածը, ձեր կուսակցության անդամը վիրավորել է ձեզ։

- Ես քիչ առաջ ասացի, ես կարծում եմ՝ էթիկապես ճիշտ չէ նման ձեւակերպումներով հանդես գալը ցանկացած հարթակում։

- Ձեր կուսակցությունից ոմանք քննադատեցին «Իմ քայլը» խմբակցությունը լքածներին, թե բարոյապես ճիշտ չէր նրանց քայլը, իսկ ինչո՞ւ չքննադատեցին նաեւ Արման Բաբաջանյանին ու Սերգեյ Բագրատյանին՝ ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները լքելու համար։ Իրենց քայլը բարոյակա՞ն էր, ըստ Ձեզ։

- Ես «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ եմ եւ ես զբաղվում եմ «Իմ քայլը» ֆրակցիայի հարցերով ու գործունեությամբ եւ այլ ֆրակցիաների կամ այլ պատգամավորների գործունեությունը չեմ մեկնաբանում։

- Պարզապես հավասար մոտեցում պետք է ցուցաբերվի, եթե այլ խմբակցություններից դուրս են գալիս, առավել եւս՝ հետո ձեզ լոյալ անկախ պատգամավոր են դառում, դա ձեզ համար ընդունելի է, իսկ երբ ձեր ֆրակցիայից են դուրս գալիս, ձեզ համար ընդունելի չէ՞։

- Մենք չենք մեկնաբանել ո՛չ լոյալության, ո՛չ ընդունելի կամ չընդունելի լինելու հարցը։ Իմ դիրքորոշումը՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ կապված, քիչ առաջ Ձեզ ասացի, իմ համոզմամբ՝ «Իմ քայլը» ֆրակցիան ունի մեկ մանդատ, եւ ընտրությունների ընթացքում մեր քաղաքացիները, երբ որ քվեարկել են մեր դաշինքի օգտին, լիազորել են՝ լուծելու այն օրակարգը, որը ներկայացվել է ընտրությունների ժամանակ։

- Դուք մտավախություն չունե՞ք, որ եթե ձեր թիմը մինչեւ հերթական ընտրություններ իշխանությունից հեռանա, Դուք, օրինակ, հանրության մեջ ազատ շրջելու խնդիր կունենաք։

- Ես ապրում եմ էս քաղաքում, ես ՀՀ քաղաքացի եմ եւ ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ ինչ-որ մարդկանց շրջանակների հետ, եւ նման ձեւակերպումները կամ նման երեւույթները բացարձակ ո՛չ տեղին են, ո՛չ էլ տեղի ունեն։

- Հնարավոր է՝ պատգամավորներին օրենքով զենք տրամադրեն, Դուք զենքի կարիք ունե՞ք։

- Ոչ, ես պաշտպանված եմ ՀՀ օրենքներով եւ Սահմանադրությամբ։

- Իսկ ֆիզիկապե՞ս։

- Ես ինձ ապահով եմ զգում Հայաստանում։