Հայրենիքը ծախեցին, չվախեցան, սկանդալի՞ց պետք է վախենան

Հայրենիքը ծախեցին, չվախեցան, սկանդալի՞ց պետք է վախենան

Շուշիի վերաբերյալ յուրաքանչյուր հայտարարություն անելիս Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն: «Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի», «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր»․ այս մտքերը բուռն հակազդեցության արժանացան՝ խաթարելով հանրության հոգեվիճակը:

Հունվարի 20-ին վարչապետը հերթական անգամ պայթեցրեց համացանցը՝ ԱԺ ամբիոնից հարցնելով. «Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Վրդովված պատմաբանները, վերլուծաբանները, դպրոցից պատմության դասերը հիշող քաղաքացիներն իրենց էջերում գրեցին, թե ինչքան վաղուց են հայերը մեծամասնություն կազմել Շուշիում, հարցրեցին՝ բա որ այդպես է, ինչո՞ւ Լոսն ու Գլենդելը Հայաստանին չեն տալիս։ «Եթե տարածքների պատականելությունն էթնիկ կազմով որոշվեր, ապա Վրաստանը վաղուց Ջավախքը տվել էր հայերին, իսկ Մառնեուլը՝ ադրբեջանցիներին»,- գրում է Դերենիկ Մալխասյանը։
Նիկոլի վրա քարեր նետեցին աջ ու ձախից, աշխարհի տարբեր անկյուններից, Երեւանից, Հայաստանի գյուղերից, Արցախից, Ռուսաստանից: Անգամ Փաշինյանի երբեմնի կողմնակիցները նրան չխնայեցին։ «Ուզում ես ասել, որ հոկտեմբերի 19-ի առաջարկն ընդունելով, այն էր` ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի` Շուշին սուբլիմվելու էր նախկին ԼՂԻՄ կազմից ու չէր ունենալու շանսեր հետագայում կարգավիճակ ստանալու` հօգուտ արցախահայությա՞ն: Թե՞ ազատագրումից ի վեր թուրքաբնակ էր, ոչ թե հայաբնակ, այն էլ` ամբողջովին: Ուշքի՛ արի»,- գրեց Հարություն Մկրտչյանը, որը 2018-ին Նիկոլի հետ լուսանկարներ էր հպարտությամբ հրապարակում:

 «Հիշում եք, շատ անգամներ ազերի պաշտոնյաները եվրոպական տարբեր կառույցներում փորձում էին Խոջալուի դեպքերը ներկայացնել իբրեւ հայերի կողմից իրականացված ցեղասպանություն։ Ինչպես էին դրան հակազդում մեր նախագահները։ Նրանք հղում էին անում Այազ Մութալիբովին, ով հանգամանալից պատմում էր, թե ինչպես են այն ժամանակվա ազերի ընդդիմադիրները կազմակերպել Խոջալուի՝ ազերի խաղաղ բնակչության ջարդը։ Նույնը հիմա Նիկոլն է անում»,- գրել է նախկին ՔՊ-ական Էդգար Պետրոսյանը, որը մեկ տարի առաջ է հեռացել կուսակցությունից ու այժմ Նիկոլի դեմ ցույցերի ակտիվ մասնակից է։

Ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություններ անում, չի՞ հասկանում, որ դրանով սկանդալ ու ատելություն է հրահրում, մեր հարցին նա պատասխանեց․ «Հայրենիքը ծախեցին, չվախեցան, սկանդալից ինչո՞ւ պետք է վախենան»։ Նա համոզված է, որ Շուշիի մասին վերջին հայտարարությամբ վարչապետն ուզում է «սվաղել» Պուտինի ասածը։ «Պուտինն ասեց, որ հոկտեմբերի 19-ին Ալիեւին համոզել էր պատերազմը դադարեցնել, բայց Շուշիի փախստականները պիտի վերադառնային, իսկ զարմանալիորեն Նիկոլը հրաժարվեց։ Հիմա ինքն ասում է՝ եթե ազերիները գային, 90 տոկոսն իրենք կլինեին, ու Շուշին ադրբեջանաբնակ կլիներ»։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը վերհիշում է պատմությունը. «Էդ թերուս թուրքի լամուկին ասեք, որ արցախցի Մելիք Շահնազարյանների տոհմական կալվածքն է Շուշի բերդը, եւ անգամ 1897 թ. Ռուսական կայսրության համընդհանուր մարդահամարի տվյալներով՝ Շուշիի 25․881 բնակիչներից հայեր են եղել 14․420-ը, մինչդեռ թաթարները եղել են 10778, իսկ 683 եղել են այլազգիներ, որոնցից ռուսներ` 396, լեհեր` 133, մոլդավներ` 73, վրացիներ` 39, գերմանացիներ` 12 եւ այլն»: Նա մեջբերում է կատարել ծնունդով շուշեցի Լեոյից, որը «Գավառական հերոսներ» պատմվածքում գրել է. «...Այդտեղ հայերը քաղաքի մեծ մասն են գրավում, թուրքերը՝ փոքր մասը»։

«Քաղաքական, պատմական առումով նման տգետ ձեւակերպում կարող է տալ մարդ, որն ընդհանրապես չի տիրապետում ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացին, պատմությանը, նախորդ շրջանի զարգացումներին»,- Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը եւ մի քանի նկատառում նշեց: Նախ այն, որ, «Շուշին ինքնուրույն չէր ինքնորոշվելու, այլ ինքնորոշվելու էր ԼՂՀ տարածքում: Ցավում եմ, որ Փաշինյանը մինչեւ հիմա չի տարբերել մի պարզ ճշմարտություն՝ այլ խնդիր է, երբ որ Շուշին վարչականորեն պատկանում է Արցախին, եւ այնտեղ թեկուզ «իքս» թվով ադրբեջանցիներ են բնակվում, այլ խնդիր է, երբ որ այն Արցախի տիրապետումից դուրս է: Ամոթ է, որ մենք որպես ժողովուրդ հանդուրժում ենք վարչապետի, որն այս պրիմիտիվ տարբերությունը չի հասկանում»: Նույն անհեթեթ տրամաբանությամբ կարող է միջազգային ինչ-որ փաստաթուղթ վկայակոչելով, ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է: «Ճիշտ այդպես, ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքը վկայակոչելով, ասենք, Շուռնուխի կամ Որոտանի մի քանի տասնյակ տներ նա օտարում է Հայաստանից՝ դրանք տալով ադրբեջանցիներին»,- ասում է Սուրենյանցը:

Պատմաբան, սյունեցի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ Շուշիի սղնախը եղել է Ավան Յուզբաշու բնակատեղին, Մեծ սղնախի ռազմական կենտրոնը եւ մինչեւ 1722 թվականը բնակեցված է եղել 60 հազար հայերով: «Երբ որ Շուշին դարձել է Ելիզավետպոլի նահանգի Շուշի գավառի կենտրոն, բնակչության 85 տոկոսը եղել են հայեր: 1918-ին Շուշիում ադրբեջանցիների մուսավաթական կառավարությունը կոտորել է 18 հազար հայ՝ հայաթափելով այն: Եթե որեւէ մեկն այսօր հայտարարում է, որ Շուշին ադրբեջանական է, ոչ թե հայկական, ուրեմն նա թուրքական քարոզչության ծառան է, հայատյաց տականք: Որպես գնդապետ ու պատմաբան՝ հայտարարում եմ, որ Փաշինյանը թուրք է, եթե հայկական պատմական տարածքը դարձնում է թուրքինը, բռնաբարում է հայոց պատմությունը։ Շուշին պատմական Հայաստան է»: