Շոկի մեջ եմ՝ ինչպե՞ս կարող է այդ տարիքի տղան դատարանին խորհուրդներ տա, փիլիոսոփայի հանրային անվտանգության մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին կալանավորեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող կնոջ նկատմամբ նախօրեին վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տնային կալանքն, ըստ էության, մի քանի ժամ տևեց՝ Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ տնային կալանքը սխալ է որդեկուրույս մոր համար, դատարանն արագ կողմնորոշվեց եւ որոշեց կրկին կալանավորել կնոջը, որի մեղքը ոչ միայն հաստատված չէ, այլեւ խիստ կասկածելի է առհասարակ նրա գործողություններում կա հանցակազմ թե ոչ։ Գայանե Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։ Նրանց խոսքով՝ դատարանի նկատմամբ ճնշում է կիրառվում իշխանության ամենավերին օղակից: Վերաքննիչ դատարանն ավելի վաղ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակելով տնային կալանք։
Նշենք, որ Գայանե Հակոբյանն իր մեղքը չի ընդունում եւ հայտնի է եւ Աշոտ Փաշինյանն էլ դատարանում հայտարարեց, որ ինքը հոժարակամ է նստել նրա մեքենան։ Մենք զրուցել ենք փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:
Նա ասաց․ «Դատարանը երեկ արդարադատություն չէր իրականացնում, սա միանշանակ է: Դատավորը հապշտապ հայտարարեց կալանքի մասին և վերջ: Թե առաջին ատյանի դատարանի, և թե վերաքննիչ դատարանի վրա գործադիր իշխանությունները մատ են թափ տալիս, հասկացնելով, որ չեն հանդուրժելու…»։
- Ինչպե՞ս է իրեն զգում տիկին Գայանեն, այս կալանավորումից շա՞տ է նեղված:
- Տրամադրությունը շատ լավ է, չի ընկճվում, ինչպես բնորոշ է հերոսածին մորը: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես ժամանակին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանեցին, այնպես էլ հիմա զոհվածների ընտանիքներին են բևեռացնում: Պարզապես շոկի մեջ եմ, թե ինչպես կարող է այդ տարիքի տղան նման մոտեցում ունենա, և դեռ մի բան էլ խորհուրդներ տա, փիլիոսոփայորեն խոսի հանրային անվտանգության մասին….
- Ե՞րբ դատարանի վճիռը կբողոքարկեք:
- Դեռևս չենք ստացել որոշումը, ստանալուն պես, անպայման բողոքարկելու ենք:
Կարծիքներ