Ինքնիշխանության աստիճանի բարձրացո՞ւմ

Ինքնիշխանության աստիճանի բարձրացո՞ւմ

Իբրև թե հանուն ինքնիշխանության աստիճանի բարձրացման տեղի ունեցող հեղափոխություններն իրականում հանգեցնում են դրա հակառակ արդյունքին: Նույն երևույթն է առկա հանուն սոցիալական արդարության կատարված հեղափոխությունների առումով: Այդպես է եղել 100 տարի առաջ, այդպես է նաև այսօր: Եվ այդ հեղափոխությունները շարունակվում են հայտնի կենդանուն բնորոշ համառությամբ: Ոչ մի ժողովուրդ դաս չի ստանում մեկ այլ ժողովրդի ճակատագրից: Եվ եթե 100 տարի առաջ դա կարող էր նորմալ դիտվել, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա փուլում դա բացարձակ ընկալելի չէ: Ընկալելի չէ, քանի որ մարդիկ կարող են երևանյան իրենց բնակարանից դուրս չգալով՝ իմանալ թե ինչ է տեղի ունենում ոչ միայն հարևան Վրաստանում, այլև, ասենք, Լատինական Ամերիկայի երկրներից որևէ մեկում:

Վրաստանում, օրինակ, «վարդերի հեղափոխությունից» հետո ինքնիշխանության աստիճանի բարձրացման կարգախոսն իրականության մեջ վերածվեց թուրք-ադրբեջանական տանդեմից տնտեսական ամենալուրջ կախվածության: Դրա ամենամեծ վկայությունը ծովափնյա Բաթումի քաղաքի թուրքականացումն է: Ինչպես նաև ադրբեջանական վառելիքային մատակարարումներից կախվածությունը: Եվ ըստ այդմ՝ թուր-ադրբեջանական տանդեմի շրջանակում շրջապտույտը: Իսկ տնտեսական կախվածությունն, իր հերթին, հանգեցնումէ քաղաքական կախվածության: Էլ չեմ խոսում տարածքային կորուստների մասին, ինչն, ի դեպ, պայմանավորված էր հակառուսականությամբ: Փաստորեն, նման զոհողությունների գնով տեղի ունեցավ Վրաստանի եվրոպականացումը: 

Իսկ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) շրջանակում Վրաստանի գործընկեր Ուկրաինան 2014 թվականի երկրորդ «մայդանից» հետո կորցրեց Դոնեցկ և Լուգանսկ մարզերի մի մասը և Ղրիմն ամբողջությամբ: Եվ կորուստն էլ կրկին պայմանավորված էր «գունավոր» հեղափոխությանը բնորոշ հակառուսականությամբ: Ինչպես նաև երկրի ինքնիշխանության աստիճանի բարձրացման ցանկությամբ: Ընդ որում, այդ երևույթներն առկա էին  ոչ միայն հարևան երկրի՝ Ռուսաստանի առումով: Դրանք, ըստ անկախ գնահատականների, վերաբերում էին նաև 40 տոկոս կազմող սեփական բնակիչներին: Ժամանակակից «ժողովրդավարության» կանոնների համաձայն երկրի ռուս բնակչության թիվը պաշտոնական թղթերում քառակի-հնգակի կրճատելով՝ հասան ընդդեմ ռուսաց լեզվի օրենքի ընդունմանը: Դրանից 8 տարի անց էլ որոշեցին «ազատագրել» իրենց տարածքները (ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը 2020 թվականի աշնանը), սակայն ստացան պատերազմ իրենց տարածքում: Քանի որ ՌԴ ղեկավարը ոչ թե նիկոլանման մեկն էր, այլ սեփական երկրի ու ազգի ճակատագրի նկատմամբ մտահոգ անձնավորություն:

Բայց դրանով, ինչպես երևում է, հարցը չի լուծվում: Ուկրաինայի արևմտյան հարևաններն արդեն խոսում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի շնորհիվ Ուկրաինային միացված տարածքների վերադարձի մասին: Ակտիվն այդ առումով Լեհաստանն է, սակայն նրան կարող է հետևել և Հունգարիան: Լեհաստանն, ի դեպ, հակառուսականության գծով Ուկրաինային հովանավորելու գործընթացի առաջամարտիկն է՝ Մեծ Բրիտանիային ունենալով իր թիկունքում: Եվ հենց Լեհաստանին էլ Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին սկսել է իրավական արտոնություններ տրամադրել: Եթե չեմ սխալվում, երկու երկրների միջև սահմանն արդեն դարձել է բաց: Խոսվում է նաև միասնական քաղաքացիության մասին: Ինչպես երևում է, ինքնիշխանության ավելի բարձր աստիճանի ձգտող Ուկրաինան ինքնակամ վերադառնում է լեհական գերիշխանության դարաշրջանին: 

Իսկ այժմ գանք Հայաստան: Նիկոլի վարչապետությամբ Հայաստանի մասին էլ նշված թեմայով այնքան է ասվել, որ ասելիք էլ չկա: Մարդը վարչապետ կարգվելուց առաջ հակառուսականության ու ինքնիշխանության բարձրացման ռահվիրան էր: Կարգվելուց հետո նպատակ ունենալով գցել ՀԱՊԿ-ի հեղինակությունը՝ փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն շատ ավելի մեծ կախվածության մեջ դրեց մեր երկիրը ՌԴ-ից՝ քան առկա էր մինչև իր վարչապետ դառնալը: Էլ չեմ խոսում զոհերի, տարածքային կորուստների մասին: Այսպիսի կեղտոտ խաղ խաղաց մեր գլխին «գունավոր» հեղափոխությունը: Ու դա 21-րդ դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ կարճ ժամանակում իմանում ես ուրիշների սխալ քայլերի դառը հետևանքների մասին: