Մենք լրիվ մոռացված ենք, անտեսված բոլորի կողմից

Մենք լրիվ մոռացված ենք, անտեսված բոլորի կողմից

Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում երկրորդ կարգի բնակիչներ են։ Նրանց դժկամությամբ են տրամադրում վարձով տներ։ Նրանք չեն կարողանում տեղավորվել աշխատանքի, չեն կարողանում տարրական փաստաթղթեր ստանալ։ Օրինակ, Արսեն Պետրոսյանը չի կարողանում վարորդական իրավունք ստանալ։ Անձնագիր ստանալը եւս բարդ է՝ արցախցիներին անձը հաստատող փաստաթուղթ չի տրվում։ Անգամ ամուսնանալ նրանք չեն կարող։ 

«Մենք Արցախից ենք, 20 թվականին տեղահանված։ Աղջիկս պետք է անձնագիր ստանա ու գումարած՝ ամուսնանա, բայց անձնագրայինում մեզ ասացին, որ նա չի կարող գրանցվել, քանի որ հրաման չկա։ Մինչեւ ե՞րբ մենք չենք կարող հաշվառվել Հայաստանում»,- հարցնում է Նարինե Գրիգորյանը։ Արցախահայությանը փախստականի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ կառավարության որոշման հաստատումից հետո, որը կարծես պետք է որոշակիություն մտցներ մարդկանց վիճակի մեջ, նրանց առանց այն էլ բարդ դրությունն ավելի անտանելի դարձավ։ Նրանց, ովքեր «ռեզյումե» էին հանձնել պետական մարմիններին, որ աշխատանքի տեղավորվեն, այդ որոշման ընդունումից հետո պոտենցիալ գործատուների գրասենյակներից զանգում են ու քաղաքավարի մերժում՝ պատճառաբանելով, որ իրենք փախստական են եւ չեն կարող աշխատել պետական մարմիններում։ 

Բազմաթիվ արցախցիներ են նման խնդրի բախվել։ «Իմ որդին Արցախում ԱԱԾ-ում էր աշխատում,- գանգատվում է Կարինե Ա․-ն,- սեպտեմբերին որ թողեցինք տուն-տեղ, ունեցվածք եւ աշխատանք, եկանք Երեւան, նա դիմեց Դավթաշենի ԱԱԾ ծառայություն՝ աշխատանքի տեղավորվելու, բայց մեզ ասեցին, որ դրա համար պետք է ՀՀ քաղաքացի լինենք։ Փաստորեն, մեր եղածն էլ ՀՀ անձնագիր չէ։ Այս օրերին իմ որդին շատ տեղերից է մերժումներ ստացել»։ Սրան ավելանում է նաեւ ծայրահեղ աղքատությունը։ Մարդիկ չեն ստանում իրենց թոշակներն ու նպաստները։ Արցախում մինչեւ սեպտեմբերի 19-ը բնակվածները չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը։ Իսկ նրանք, ովքեր ստացել են, այլ խնդիրների են բախվում։ Հրածին Աբրահամյանն ուներ չմարած վարկ՝ մոտ 300 հազար դրամի։ Նրա աշխատավարձը փոխանցվել է Հայբիզնեսբանկի քարտին, բանկն այն «քաշել» է վարկի դիմաց։ «Փաստորեն, ես իմ վերջին աշխատավարձը չստացա։ Լավ, ո՞նց կարելի է տուն-տեղը կորցրած մարդկանցից մի հատ էլ վարկերի պարտքերը պոկել։ Ո՞նց ես պետք է ապրեմ այստեղ, չեմ պատկերացնում։ Մենք լրիվ մոռացված ենք, անտեսված բոլորի կողմից»,- ասում է նա։ 

Երբ արցախցիները դեռ բլոկադայի մեջ էին, հայաստանցիներս տանջվում էինք, սոցցանցերում վիրտուալ արցունք թափում նրանց համար, վարչապետն էլ ասում էր, որ մեր եղբայրների համար տներ է պատրաստել, որ գան ապրեն, եւ, իհարկե, բոլորին կընդունենք, կօգնենք եւ այլն։ Բայց մարդիկ եկան եւ հայտնվեցին անտեր վիճակում։ 

100 հազար դրամ միանվագ եւ ամսական 40+10 հազար օգնության ծրագրերը նոր եկածների համար, շոր ու կոշիկը, որ մարդիկ հավաքում են տարբեր հիմնարկներում, շատ քիչ են՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Իսկ ամենասարսափելին 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների վիճակն է։ ԱՀ կառավարության փաստացի լուծարումից հետո նրանք հայտնվել են կատարյալ անտերության մեջ։ Որեւէ օգնություն պետության կողմից, նպաստ, թոշակ չեն ստանում, 40 հազար դրամ բնակվարձի ծրագիրն էլ, որով նրանց պետք է աջակցեին մինչեւ 2024 թվականի հունիսը ներառյալ, դադարել է գործել։ Տպավորություն է, թե ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է՝ արցախահայությանը Հայաստանից դուրս մղելու համար։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է համակարգում արցախցիների հետ կապված հումանիտար հարցերը։ Դեռ մի քանի տարի առաջ նա լավ տնտեսագետի, պարկեշտ անձնավորության համբավ ուներ, որը չէր խուսափում մարդկանց հետ շփվելուց։ Այսօր Տիգրան Խաչատրյանը դարձել է ամենաանհաղորդ, ամենաանտարբեր պաշտոնյաներից մեկը։ Նրա գրասենյակն անգամ հասարակ տեղեկատվություն չի տրամադրում։ Արցախցիները լիակատար անտեղյակության մեջ են։ 

Մեր զանգերին Տիգրան Խաչատրյանը չի պատասխանում, իսկ երբ դիմում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որը եւս մի համակարգող կառույց է, որ տեղեկանանք, թե ինչու մարդկանց թոշակ, բնակվարձ, նպաստ չեն տալիս, այնտեղից պատասխանում են․ «Հարցերը քննարկման փուլում են»։ 

 «Յուրաքանչյուր իրեն հարգող փախստական պետք է տարին առնվազն մեկ անգամ զբաղվի նոր կացարանի փնտրտուքով, ցուցաբերի զսպվածություն՝ ամեն անգամ լսելով «ղարաբաղցիներին բնակարան չենք հանձնում» բառերը։ Չունենա քաղաքացիություն, բայց ունենա կլորիկ գումար՝ հպարտ քաղաքացիների առաջարկած կացարանների մեկ ամսվա վճարը, կանխավճարն ու միջնորդավճարը տալու համար։ Մի վերջին անգամ հարազատորեն մաքրի ինչ-որ մեկի տունը եւ առաջին անգամ, օտարաբար՝ մեկ ուրիշի բնակարանը։ Հրաժարվի իր տան մասին հիշողություններից՝ գոնե չխելագարվելու համար։ Ունենա համբերություն՝ 364 օրվա կուտակած բեռը դառնորեն դասավորելու ու շալակն առնելու, ամբարի անցյալի հուշերը՝ ապագայի մութն ու ցուրտը տաքացնելու համար»,- ասում է «Դիզակ» թերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանը։ 

Նա փորձել է դիմել ե՛ւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ե՛ւ վարչապետի գրասենյակ, գնացել է ընդունելության։ «Առաջ գոնե Արցախի օպերատիվ հարցերի շտաբն էր զբաղվում, հիմա ոչ մի մարմին չկա, որ մեզանով զբաղվի։ Ավելի քան 20 հազար մարդ ո՛չ թոշակ է ստանում, ո՛չ նպաստ, ո՛չ երեխայի նպաստ, ինչքան ծրագրեր, որ կային՝ մարդկանց ապրելու համար, դադարեցվել են»,- ասում է Լիաննա Պետրոսյանը։

Աշխատավարձերի չվճարման հարցերով արցախցիները հոկտեմբերի 11-12-ին պատրաստվում էին բողոքի ցույցի, բայց երկու ներկայացուցչի, այդ թվում՝ Լիաննա Պետրոսյանը, կանչել են կառավարություն՝ պաշտոնյաների հետ հանդիպման։ Լսել են, ասել են՝ կարձագանքենք, ու չեն արձագանքել։ «Երկար սպասեցինք ու ինքներս զանգեցինք, մեզ ասացին՝ գնացեք Փարաքարի կենտրոն։ Բայց այդ մարմինը զբաղվում է միայն սեպտեմբերի 19-ից տուժած քաղաքացիներով, ուղղորդիչ խորհրդատվական կենտրոն է։ Ի՞նչ իմաստ ունի մարդկանց հավաքել ամբողջ հանրապետությունից այնտեղ։ Կարելի էր ընդամենը մի հեռախոսահամար դնել, 114-ի նման, որ մարդկանց հարցերին պատասխաներ։ Անտերությունն է արցախցիների միակ իրական կարգավիճակը»։ 

ՀԳ․ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 1 օր անց 2 տող պատասխան տվեց․ «Բոլոր որոշումները սահմանված կարգով հրապարակվում են։ Դեռեւս կան անորոշություններ կամ չորոշված հարցեր, որոնք կարգավորելու քննարկումները վերջնականացված չեն»: