Բուլկի Արամին պատկանող շենքը կպետականացվի՞

Բուլկի Արամին պատկանող շենքը կպետականացվի՞

Թեեւ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին (Բուլկի Արամ) մեղադրանք առաջադրվեց, սակայն, փաստ է, որ նրան անարգել թողեցին հեռանա Հայաստանից։ Չնայած նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն քիչ հավանական է, որ նա «կհայտնաբերվի»։ Նա անհայտ ուղղությամբ հեռացել է, իսկ նրա հետ նույն գործով մեղադրվող ընկերը՝ Բնապահպանության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, Կրթության ազգային ինտիտուտի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն արդեն 4-5 ամիս կանալանավորված է։

Երեկ մեզ հետ կապվեցին Արամ Հարությունյանին պատկանող Տիգրան Մեծ 4 հասցեում տեղակայված կազմակերպությունների ներկայացուցիչները եւ իրենց անհանգստությունը հայտնեցին, որ «ինչպես լսել են»՝ Արամ Հարությունյանին պատկանող այս շենքը կարող են պետականացնել, իսկ իրենք վարձակալությամբ են տնօրինում այդ տարածքները եւ նաեւ բիզնես գործունեություն են ծավալում, հիմա հայտնվում են անորոշության մեջ։ Այս շենքը, որտեղ տեղակայված է «Հանարդնախագիծ» ՍՊԸ-ն, պատկանում է նախկին պատգամավորին, ով ժամանակին իր համար շահեկան պայմաններով սեփականաշնորհել է այն եւ տարիներ շարունակ մեծ եկամուտ ստացել այս շենքից։

Հիշեցնենք, որ ժամանակին այս շենքում էին տեղակայված մի շարք պետական գերատեսչություններ եւ անգամ Ֆինանսների նախարարության մի հատվածը, որի դիմաց պետբյուջեից ահռելի գումարներ էին վճարվում Արամ Հարությունյանին։ Շենքի վարձակալները կարծում են, որ այս շենքը կարող է դառնալ ապօրինի ճանապարհով  ձեռք բերված գույքի՝ առանց դատական գործընթացի բռնագանձման առաջին օրինակներից մեկը, ինչի արդյունքում կտուժեն իրենք՝ ոչ մի մեղք չունեցող վարձակալները։