Փաշինյանն ասաց՝ ուզում է ռուսական խաղաղապահներ, որ վաղը Հայաստանն ասի՝ օկուպա՞նտ ենք

Փաշինյանն ասաց՝ ուզում է ռուսական խաղաղապահներ, որ վաղը Հայաստանն ասի՝ օկուպա՞նտ ենք

Հարցազրույց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ

- Երեկ ադրբեջանական կողմը «Գրադով» հարվածեց Սյունիքի Դավիթ Բեկ գյուղին․ առհասարակ, ՀՀ քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ վիրավորներ ու զոհեր կան։ Այսինքն, պատերազմն անմիջականորեն ՀՀ տարածք է տեղափոխվել։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում՝ Նիկոլ Փաշինյանի նամակին, նշել էին՝ Ռուսաստանը հանձնառու է կատարել ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ կնքված 97 թ․ համաձայնագրին, մինչդեռ Ռուսաստանը հապաղում է։

- Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիեւի հետ, վերջին նախազգուշացումը եւ այդ հարվածները, իմ կարծիքով, լուրջ որոշումների համար Casus belli են։ Ադրբեջանը ստացել է վերջին նախազգուշացումը, որ եթե սա կրկնվի, Ռուսաստանը կմտնի խաղի մեջ։ Ահա եւ վերջ։

- Դուք խոսում եք հաղորդագրության մասին, որտեղ ընդամենն ասված էր, որ Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է արցախյան հարցը։

 - Այո։

- Նիկոլ Փաշինյանը վերջապես գրեց իր նամակը, ինչպես մեզ մոտ են ասում՝ ռուսաց թագավորին, եւ ստացավ պատասխան։ Ըստ Ձեզ՝ պատասխանն ինչի՞ մասին էր։

- Փաշինյանը տարօրինակ նամակ էր գրել եւ ստացել այն պատասխանը, որը սպասում էր։ ՀԱՊԿ-ն կարող է միջամտել այն դեպքում, եթե Հայաստանի տարածքը ենթարկվում է ագրեսիայի։ Կրակոցներ․․․ դրանք, այո, կարող են լինել, եւ սա լուրջ խնդիր է, որպեսզի այս առիթով սկսվեն խորհրդակցություններ, բայց ասեմ, որ ագրեսիայի ակտ՝ ներխուժում, դեռեւս գոյություն չունի։ Ռուսական կողմը, այդուհանդերձ, Ադրբեջանին զգուշացրել է։ Բայց․․․ մենք չենք խառնվելու արցախյան իրադարձություններին։ Ինչու, որովհետեւ այնտեղ գնում է շատ լուրջ՝ միքանիքայլանի խաղ, հակամարտությունը՝ ինքը, ցավոք, ինտերնացիոնալացվել է, եւ դրանում կարող են լինել բազում անհայտ գործոններ, որոնք կարող են պայթյունավտանգ դարձնել ողջ տարածաշրջանը։ Եվ ռուսական կողմը, ինչպես նաեւ ամերիկացիներն ու ֆրանսիացիները, անցկացնում են տարբեր խորհրդատվություններ՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով որոշում ընդունելու համար։

- Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ-ի մասին․ երեկ ՌԴ փոխարտգործնախարարը հայտնեց, թե իրենք այնքան էլ տեղյակ չեն, թե ինչ սկանդինավցի խաղաղապահների մասին է խոսքը։ Այդ հարցը ռուսական կողմի հետ հայտարարությունից առաջ չի՞ քննարկվել։

- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենը հայտարարել է, որ իրենք սկսում են դիտարկել սկանդինավցի խաղաղապահների տեղակայման հարցը։ Սա նշանակում է, որ ամերիկյան կողմը բանակցություններում ու խորհրդատվական գործընթացում պետք է որոշում ընդունի, որից հետո նրանք ամերիկյան ներկայացուցչի կողմից այն պետք է ներառեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում՝ քննարկման համար։ Ինձ որքան հայտնի է, Մադրիդյան հիմնարար սկզբունքները նախատեսում են խաղաղապահ կորպուսի տեղակայում հակամարտության գոտում՝ որոշակի փուլում՝ արցախյան հարցի կարգավորման ընթացքում։ Սրանում նոր բան չկա, բացի այն խնդիրը, թե ինչ կազմ։ Դե, տվյալ դեպքում ամերիկացիները հարմար են համարում սկանդինավներին․․․

- Ամերիկյան այս առաջարկը ռուսական կողմի համար անընդունելի՞ է։

- Չէ, ինչո՞ւ, եթե տարվում են հիմնարար բանակցություններ, որոնք նախատեսում են հնարավոր խաղաղապահների տեղակայում։ Ուղղակի սա պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համատեղ որոշմամբ, եւ երկրորդ՝ կոնտինգենտը պետք է համաձայնեցվի հակամարտող կողմերի հետ։ Խաղաղապահներին հենց այնպես՝ առանց Երեւանի ու Բաքվի համաձայնության, անհնարին կլինի տեղակայել։ Սա հնարավոր կլինի միայն ինչ-որ գերֆորսմաժորային իրավիճակներում։

- Նիկոլ Փաշինյանը, արցախյան որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել ռուսական խաղաղապահների օգտին, բայց տպավորություն է, թե ռուսական կողմը չի արձագանքում, անգամ՝ քաղաքագետների մակարդակով։ Ինչո՞ւ․ նախկինում Ռուսաստանը խոսում էր Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին։

- Մի բան ասեմ, եթե խոսում եք քաղաքագետներից։ Մինչ այժմ Փաշինյանն ու ձեր քաղաքագետները խոսել են այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան քշում են Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Իսկ հիմա ստացվում է, որ Ռուսաստանին, հակառակը, ցանկանում են ներքաշել Հարավային Կովկաս։ Իսկ մենք փորձում ենք պահպանել հավասարազոր հեռավորություն, մենք իրավիճակի բոլորովին այլ գնահատական ունենք։ Երեւանն ու Բաքուն իրավիճակին նայում են իրենց սեփական շահերի տեսանկյունից, դրանից այն կողմ ոչինչ չեն դիտարկում։ Մեր ազգային շահերը բոլորովին այլ են՝ հաշվի առնելով նախ Մերձավոր Արեւելքը։ Եվ մեզ համար արցախյան պատերազմն ընդամենը մի դրվագ է այն բոլոր հիմնախնդիրների կողքին, որոնք առկա են Մերձավոր Արեւելքում։ Մենք պետք է որոշումներ կայացնելիս ելնենք սեփական ազգային շահերից, դրա համար էլ այս իրավիճակը բարդ է նաեւ մեզ համար։ Երկրորդ․ Փաշինյանն ասաց, որ ուզում է ռուսական խաղաղապահներ, իսկ մենք չենք ուզում, թող լինի բազմազգ կոնտինգենտ։ Սա մեր ինչի՞ն է պետք, որ վաղը Հայաստանն ասի, որ օկուպա՞նտ ենք։ Կամ՝ Ադրբեջանը։ Թող լինի միջազգային հանրությունը։

- Ձեր գնահատմամբ՝ պատերազմը ե՞րբ կավարտվի։

- Դժվար է ասել, այստեղ շատ տարօրինակ բաներ կան։ 36 օր է, որ պատերազմ է, բայց Ադրբեջանը վերահսկում է տարածքների մոտ 20 տոկոսը։ Ընդ որում, սա Ադրբեջանն արեց այդքան մեծ զոհերի գնով։ Նա ցանկանում էր այս ընթացքում հայտարարել 5-6 շրջան վերցնելու ու իր հաղթանակի մասին։ Նրա մոտ սա չի ստացվում։ Լեռնային շրջաններից նա վախենում է, նրան այն կոտրել չի հաջողվի, որովհետեւ Ղարաբաղի լեռնային հատվածները կարելի է վերցնել միայն ահավոր մեծ զոհերի գնով։ Հիմա Թուրքիայի պաշտպանության նախարարը եկել է Բաքու, որովհետեւ նրանք էլ բավականին բարդ իրավիճակում են։ Սրան նպաստում է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ ոչ բարենպաստ  միջազգային կարծիքը։ Վերջին ահաբեկչությունները Եվրոպայում սա էլ ավելի են խորացրել։ Նրանց չի պաշտպանում նաեւ իսլամական աշխարհի արաբների մի մասը։ Նրանք ահավոր մեկուսացման մեջ են։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա շատ հնարավոր է, որ առաջինն ադրբեջանական կողմը հայտարարի, որ պետք է գնան զինադադարի։