Առաջնագիծ մեկնած երկքաղաքացուն չեն թողնում 5 օրով գնա՝ երեխաներին տեսնելու․ օրենքն արգելում է

Առաջնագիծ մեկնած երկքաղաքացուն չեն թողնում 5 օրով գնա՝ երեխաներին տեսնելու․ օրենքն արգելում է

Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Էլվիս Բուդաղյանը հոկտեմբերի 7-ին եկել է ՌԴ-ից՝ մասնակցելու պատերազմին, նա 14 օր մնացել է առաջնագծում, այս պահին գտնվում է արձակուրդում։ Նրա համար հիմա մեծ խնդիր է առաջացել․ ցանկանում է մեկնել մի քանի օրով Ռուսաստան՝ երրորդ երեխայի ծնվելուց այնտեղ լինելու համար, սակայն չի կարողանում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Էլվիսն ասաց, որ պատրաստ է անգամ թղթի վրա գրել ու ստորագրել, որ մի քանի օրից ետ է վերադառնալու հայրենիք՝ իր հետ բերելով տղաների համար անհրաժեշտ պարագաներ։

«Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար ես 2004-ին հրաժարվել եմ Հայաստանի քաղաքացիությունից, բայց, փաստորեն, չեն հանել։ Ես երկքաղաքացի եմ եղել ու չեմ իմացել, ես հրաժարվել եմ, նամակ եմ տարել Հայաստանի դեսպանատուն, դրա պատասխանի հիման վրա ստացել եմ ՌԴ քաղաքացիություն։ Ես ուզում եմ մի 5 օրով գնամ, ու այնտեղ էլ մարդիկ կան՝ ահագին պարագաներ են առել, դրանք էլ հետս բերեմ»։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրեն պատճառ են ներկայացրել, որ նա համարվում է ՀՀ քաղաքացի, եւ այս փուլում հայերի ելքը չի թույլատրվում․ «ՌԴ-ի իմ անձնագիրը ես ցույց եմ տվել, ասել են՝ կապ չունի, դու ՀՀ քաղաքացի ես, ես, փաստորեն, ընտրությունների եմ մասնակցել, թեպետ 16 տարի է՝ Ռուսաստանի քաղաքացի եմ։ Զինկոմիսարիատն ասում է՝ դա կառավարության որոշումն է, որ իրավունք չունեք դուրս գալու, հիմա էլ գտնվում են կենտրոնական վայենկոմատ, դեռ չեն էլ ներս կանչել»։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 13.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: 

Այս օրենքից հետեւում է, որ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը ՀՀ-ի համար միայն իր քաղաքացին է եւ ենթարկվում է նրա օրենքներին ու որոշումներին։